ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Վիետնամի նորանշանակ դեսպանի հավատարմարերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 24 մարտի 2008թ.
24 մարտի, 2008Ս.թ. մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (Bui Dinh Dinh):
Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վիետնամական հարաբերությունները նոր զարկ կստանան:
Նախարարը հատուկ ընդգծեց հայ եւ վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապն ու վերաբերմունքը:
Գնահատելով հայ-վիետնամական հարաբերությունները` երկուստեք նշվեց, որ երկու երկրների միջեւ չկան չհամաձայնեցված հարցեր, քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընթանում է հաջողությամբ:
Տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս զրուցակիցները նշեցին, որ թեեւ գոյություն ունի որոշակի իրավապայմանագրային դաշտ, այդուամենայնիվ, այն ընդլայնման կարիք ունի տնտեսական հարաբերությունները զարգացնելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Քննարկվեցին նաեւ տուրիզմի բնագավառում համագործակցության, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի այցելություններ սահմանելու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցեր:
Տեղեկանք. Բույ Դին Զինը ծնվել է 1951թ. Նինհ Բինհում: 1974թ. ընդունվել է Հանոյի օտար լեզուների համալսարան: 1974 -1980թթ. սովորել է Կիեւի պետական համալսարանում: 1980թ. ընդունվել է աշխատանքի ԽՍՀՄ-ում ՎՍՀ դեսպանությունում` որպես կցորդ: 1984թ. աշխատանքի է անցել ՎՍՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում: 1996թ. նշանակվել է դեսպանորդ Ուկրաինայում ՎՍՀ դեսպանությունում, 1999թ.` ՎՍՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ, 2002թ.` նույն վարչության գլխավոր տնօրեն, 2007թ` ՎՍՀ ԱԳՆ-ում ԱԳ նախարարի օգնական (փոխնախարար), 2007թ. սեպտեմբերից` ՌԴ-ում ՎՍՀ դեսպան: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երկու երեխա: