ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հանդիպման վերաբերյալ 26 փետրվար 2008թ.

26 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի (Ilkka Kanerva) գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ այս օրերին այցելելով Հայաստան, հնարավորություն ունի թե իշխանություններից, թե ընդդիմությունից տեղեկանալ ընտրությունների գնահատականներին, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել:

Այնուհետեւ կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերություններին: Երկուստեք նշվեց տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

Նախարարները քննարկեցին նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության հետ կապված հարցեր եւ գոհունակություն հայտնեցին գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի առնչությամբ:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ի. Կաներվան հայտնեց, որ ինքը լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին: Անդրադարձ կատարվեց նաեւ Կոսովոյի շուրջ զարգացումներին:

Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: RealMedia format | MP3 format

Տպել էջը