ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 14

14 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը (Raul de Luzenberger):

Ողջունելով հյուրին` փոխնախարար Բայբուրդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ՀՀ-ԵՄ ՆՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի ներկա մակարդակն ու հեռանկարները: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին:

Դեսպան դե Լուցենբերգերը նշեց, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ, ինչի մասին վկայում է ԵՄ պատվիրակության բացումը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ երկիրը կշարունակի զարգանալ համընդհանուր ժողովրդավարական արժեքներին ընդառաջ:

Տեղեկանք. Ռաուլ դե Լուցենբերգերը ծնվել է 1958թ. Իտալիայում: 1981թ. ավարտել է Նեապոլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ 1985թ. Վարվիքի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1987թ.` Հռոմի Լա Սապիենզա համալսարանի քաղաքական տնտեսագիտության ֆակուլտետը: 1982-2001թթ. զբաղեցրել է մի շարք պաշտոններ պետական մարմիններում եւ մասնավոր ընկերություններում:
1998-2003թթ. եղել է Մինսկում «TACIS»-ի մասնաճյուղային գրասենյակի ղեկավար:
2003-2007թթ. աշխատել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր վարչությունում` որպես Մոլդովայի հարցերով պատասխանատու: 2007 թվականից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հավատարմատարն էր: Տիրապետում է իտալերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներին:

Տպել էջը