ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հանդիպման վերաբերյալ 10 հունվար 2008թ.

10 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ բացվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան դոկոր Գեռտ Արենսի (Dr. Geert-Hinrich Ahrens) գլխավորած պատվիրակությանը:



Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ողջունեց դեսպանին` կարեւորելով առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում, եւ նշեց, որ այն կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատման իրական հավաստում:

Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ գործունեություն ծավալելիս իրենք փորձելու են առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն եւ օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին: Նա նշեց, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ է եղել` Հայաստան ժամանելու են 28 երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ ակնկալվում է 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցություն ԵԱՀԿ անդամ երկրներից:

Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը եւ վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունն, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին:

Դեսպան Արենսը մեծ փորձ ունի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների առումով եւ ղեկավարել է դրանք Ուկրաինայում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում եւ Սերբիայում անցկացված տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ:

Տպել էջը