ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի Շվեյցարիա կատարած այցի վերաբերյալ 22 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի 20

22 նոյեմբերի, 2007

Ս.թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Բեռնում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Փոխնախարարը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի Ռեյի հետ, որի ընթացքում կողմերը ընդհանուր գոհունակություն են արտահայտել երկու երկրների հարաբերությունների մակարդակի վերաբերյալ, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի:

Քաղաքական խորհրդակցություններին շվեյցարական կողմից մասնակցել են Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Միխայել Ամբյուլը, պետքարտուղարի տեղակալ Անտոն Թալմանը, այլ պաշտոնյաներ: Հայկական կողմից բանակցություններին մասնակցում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարգի բոլոր հիմնական կետերը: Նշվել է, որ անցած տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է կայուն քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներով: Բազմաթիվ եվրոպական եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ երկու երկրների մոտեցումներում արձանագրվում են ընդհանրություններ:

Հարաբերությունների զարգացման հիմնական գերակայությունների թվում է ընդգծվել է նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության հետ շարունակվող համագործակցությունը, մասնավորապես դրա ներգրավվածությունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրի շրջանակում: Շեշտվել է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման նպատակով երկու երկրների եւ շվեյցարահայ համայնքի միջեւ ձեւավորվող գործընկերության կարեւորությունը: Քննարկվել է նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ քայլերի իրականացման հարցը:

Երկու երկրների դիվանագետները քննարկել են հայ-շվեյցարական միջկառավարական հարաբերությունների իրավական դաշտը եւ դրա ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, բարձր է գնահատվել համագործակցությունը միգրացիայի բնագավառում, ինչը հնարավորություն է ընձեռնում ուսումնասիրել փոխայցելությունների դյուրացված համակարգի հաստատման հարցը:

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել նաեւ մշակութային հարաբերությունների արձանագրվող ակտիվացման վերաբերյալ:

Առանձնահատուկ նշանակություն է տրվել նաեւ խորհրդարանական մակարդակով համագործակցությանը: Այցի ընթացքում փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդում գործող շվեյցարահայկական խորհրդարանական խմբի անդամների հետ:
Տպել էջը