ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 09 նոյեմբերի 2007թ.
09 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսը (Ioannis Korinthios):
Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Բարձր գնահատելով հայ-հունական հարաբերությունների ներկա մակարդակը` նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել եւ զարգացնել քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը երկու երկրների միջեւ:
Զրույցի ընթացքում Հունաստանի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Հունաստանի ակտիվ գործակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժին եւ քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Տեղեկանք. Ծնվել է 1950թ. Աթենքում: 1975թ. ավարտել է Աթենքի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանը: 1977թ. անցել է աշխատանքի Հունաստանի ԱԳՆ համակարգում: 1979թ-ից գործուղվել է Նիգերիայում Հունաստանի դեսպանություն, որպես երրորդ քարտուղար: 1982թ. նշանակվել է Գերմանիայում Հունաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս: 1992թ-ից եղել է Հունաստանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ երկկողմ քաղաքական հարաբերությունների բաժնի պետը, 1993թ.` Հարավաֆրիկյան Հանրապետությունում Հունաստանի գլխավոր հյուպատոսը: 2000թ. նշանակվել է Քենիայում Հունաստանի դեսպան: 2003թ. պրն. Կորինթիոսին շնորհվել է առաջին դասի լիազոր նախարարի աստիճան:
Պարգեւատրվել է Հունաստանի Հանրապետության «Փյունիկ» ուխտի բարձրագույն հրամանատարի շքանշանով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուների: