ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 10 սեպտեմբերի 2007թ.

10 սեպտեմբերի, 2007

Ս.թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության
նորանշանակ դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը:

Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Նա երախտագիտությամբ նշեց ԱՊՀ, եվրոպական իսլամական ու նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի, որի գլխավոր քարտուղարն էր պրն. Գալալը, եւ Հայաստանի գործակցությունը, որի շնորհիվ վերջին 14 տարիների ընթացքում Հայաստանից բազմաթիվ պաշտոնյաներ են վերապատրաստվել Եգիպտոսում:

Նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի եւ Եգիպտոսի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում:

Խոսելով գոյություն ունեցող նպաստավոր իրավապայմանագրային դաշտի մասին` զրուցակիցները նշեցին տնտեսական ոլորտում երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Տեղեկանք. Ծնվել է 1952թ. Գիզայում: 1974թ. ավարտել է Կահիրեի համալսարանի առեւտրի ֆակուլտետը: 1977թ. աշխատանքի է անցել ԵԱՀ ԱԳ նախարարությունում: 1990թ. եղել է Հորդանանում ԵԱՀ դեսպանության խորհրդական: 1994 եղել է արաբական եւ մերձավորարեւեյան հարցերով ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալի աշխատակազմում խորհրդական: 1995 թ. աշխատել է Ինդոնեզիայում ԵԱՀ դեսպանությունում` որպես խորհրդական, 1999թ.` ԵԱՀ ԱԳ տնտեսական համագործակցության հարցերով նախարարի տեղակալ: 2001թ. ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան: 2001թ.աշխատել է ԵԱՀ գլխավոր հյուպատոս Կադունայում (Նիգերիա), 2005թ.` ԵԱՀ ԱԳՆ Իսրայելի վարչության տնօրեն, 2006թ.` ԱՊՀ, եվրոպական իսլամական եւ նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Տպել էջը