ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Արտիս Պաբրիկսի հանդիպման վերաբերյալ
20 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսի գխավորությամբ:
Զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ մշտական երկխոսությունը երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման առումով: Նշվեց, որ երկկողմ դիվանագիտական շփումները կրում են կանոնավոր եւ շարունակական բնույթ:
Երկուստեք գնահատական տրվեց հայ-լատվիական հարաբերությունների զարգացման արդի մակարդակին: ՀՀ արտգործնախարարը ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Լատվիայի հետ տնտեսական եւ այլ ոլորտներում:
Այս առումով Լատվիայի ԱԳ նախարարը նշեց երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հաստատման, Երեւանում եւ Ռիգայում դեսպանությունների բացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց նաեւ երկկողմ տնտեսական նախագծերի առաջադրման, եվրաինտեգրման լատվիական փորձից օգտվելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը:
Հյուրի խնդրանքով, նախարար Օսկանյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բելգրադյան բանակցությունների արդյունքները:
ԱԳ նախարարները անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին:
Հանդիպմանը հաջորդեց ՀՀ եւ Լատվիայի ԱԳՆ-ների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումն ու համատեղ մամուլի ասուլիս: