ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի հանդիպման վերաբերյալ

13 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող, ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի (Walter Kalin) գլխավորած պատվիրակությանը:

Պրն. Կալինը Հայաստանում է գտնվում երկրում ներքին տեղահանված անձանց իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերին ծանոթանալու եւ այդ ուղղությամբ առկա խնդիրների առումով միջազգային հանրության կողմից հնարավոր օժանդակության քննարկման նպատակով:

Հանդիպման ժամանակ կողմներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով փախստականների ու ներքին տեղահանվածների առումով թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում առկա խնդիրներին, հակամարտության կարգավորման գործընթացին եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի հնարավորություններին: Պրն. Կալինը նաեւ հակիրճ անդրադարձավ ապրիլի սկզբին Ադրբեջան կատարած իր այցին:

Տեղեկանք. Ուոլտեր Կալինը (Շվեյցարիա) սահմանադրական եւ միջազգային իրավունքի մասնագետ է: Նա մոտ մեկ տասնամյակ զբաղվել է ՆՏԱ-ների հարցերով, նախագահել է ներքին տեղահանման հիմնական դրույթները մշակող իրավաբանների կոմիտեն, բազմաթիվ գրքերի հեղինակ է:

2003թ. ի վեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի անդամ է: 1991-1993թթ եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի իրաքյան օկուպացիայի ընթացքում Քուվեյթում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող:

Տպել էջը