ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի հանդիպման վերաբերյալ
05 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին:
ԱՊՀ գործադիր քարտուղարը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստման համար: Պրն. Վարդան Օսկանյանը ողջունեց դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը` կարեւորելով առաջիկա ընտրությունների անցկացումն ամենաբարձր միջազգային չափանիշներով:
Այնուհետեւ պրն. Ռուշայլոն համառոտ ներկայացրեց ԱՊՀ գործադիր քարտուղարության կատարած աշխատանքը եւ անդրադարձավ ապրիլին կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման օրակարգին:
Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱՊՀ բազմաբնույթ միջոցառումներին, մասնավորապես հումանիտար համագործակցության ընդլայնման եւ խորացման գործընթացներին, ինչպես նաեւ կառուցողական կեցվածքը ԱՊՀ բարեփոխման հայեցակարգի քննարկումներում: