ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանին Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ
26 մարտի, 2007Ս.թ. մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին (Massimo Lavezzo Cassinelli)` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:
Նախարարի պաշտոնակատարը ողջունեց նորանշանակ դեսպանին եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության իրականացման գործում: Նա նշեց, որ կա նշանակալի ներուժ ամուր հիմքեր ունեցող հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նշվեց, որ ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության խորացման համար:
Դեսպանը հայտնեց իր պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի եւ Իտալիայի պատմականորեն սերտ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները շոշափեցին տարածաշրջանային հարցեր, Իտալիայի հնարավոր ներգրավվածությունը Հայաստանի գյուղական աղքատության վերացման ծրագրերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:
Տեղեկանք. Ծնվել է 1957թ. Լավանյա քաղաքում, Ջենովայի մարզ: 1979թ. ավարտել է Ջենովայի համալսարանը` ստանալով քաղաքական գիտությունների մասնագիտացում: 1982-1983թթ. Իտալիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտում անցել է վերապատրաստման դասընթաց, իսկ 1993-94թթ. նույն ինստիտուտում անցել է վերապատրաստման բարձրագույն դասընթաց: Աշխատանքայի գործունեության ընթացքում պաշտոնավարել է Իտալիայի ԱԳՆ մի շարք վարչություններում, արտերկրում Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություններից աշխատել է Էկվադորում, Հորդանանում, Պերուում, Եգիպտոսում, Շվեյցարիայում որպես դեսպանության առաջին կարգի հյուպատոս, 2004թ. վարել է Հռոմում ՄԱԿ-ի գրասենյակում Իտալիայի մշտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնը: 2002թ. պրն Կասսինելլիին շնորհվել է Իտալիայի Հանրապետության պատվավոր ասպետի շքանշան: