ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնեի հանդիպման վերաբերյալ
12 մարտի, 2007Ս.թ. մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնեին (Jean Fournet):
Ժան Ֆուրնեն նշեց ս.թ. մարտի 12-ին մեկնարկած Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման կարեւորությունը Դաշինքի մասին համապատասխան տեղեկություններ տարածելու տեսանկյունից, հատուկ ընդգծելով ծավալվող երկխոսության, ՆԱՏՕ-ի տեղի ու դերի մասին քննարկումների օգտակարությունը նաեւ Դաշինքի համար:
Զրուցակիցները կարեւորեցին հասարակության ներգրավվումը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ, որը չի սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով եւ ներառում է հասարակական հետաքրքրությունների լայն շրջանակ:
Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը:
Վերոնշյալ հանդիպմանը հաջորդեց Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը` նախարար Օսկանյանի եւ պարոն Ֆուրնեի մասնակցությամբ: