ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործառական հարցերով փոխնախագահ Ջոն Հյուկոյի հանդիպման վերաբերյալ
09 մարտի, 2007Ս.թ. մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գործառական հարցերով փոխնախագահ Ջոն Հյուկոյին:
Հյուրը նշեց, որ իր այցի հիմնական նպատակն է ՀՀ իշխանությունների հետ քննարկել ՀՄԿ ծրագրի իրականացման աշխատանքները եւ ծանոթանալ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացին:
Ջոն Հյուկոյի խոսքերով, ՀՄԿ ծրագրի իրագործման հայկական թիմի պատրաստվածությունն ու արհեստավարժությունը իր վրա մեծ տպավորություն է թողել, ինչը շատ կարեւոր է այս խոշոր ծրագրի արդյունավետ իրագործման համար:
Զրուցակիցները համաձայնեցին, որ դեռ վաղ է որոշակի գնահատականներ տալ ընտրությունների նախապատրաստմանը` հաշվի առնելով, որ քարոզչության փուլը պաշտոնապես դեռ չի սկսվել: Նշելով իր շահագրգռվածությունը ՀՄԿ ծրագրի շարունակման հարցում, պրն. Հյուկոն ընդգծեց, որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված ֆինանսական հատկացումների համար կարեւորագույն ցուցիչ է:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ ՀՄ համաձայնագրի իրագործման ընթացիկ հարցեր: