ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Բելգիայի նորանշանակ դեսպան Շարլ Գիսլենի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

23 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլենը (Charles Ghislain, նստավայրը` Բելգիա):

Ողջունելով հյուրին, ԱԳ նախարար Վ. Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպանին բարձր առաքելության կատարման գործում:

Հանդիպման սկզբում նախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ երկկողմ շփումների աշխուժության առումով: Նա նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հայաստան - ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակներում Բելգիայի հետ առավել սերտ համագործակցության հաստատումը՝ կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրագործման եղանակով:

Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարարը բարձր գնահատեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակեպություններում մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Տեղեկանք. Շարլ Գիսլենը ծնվել է 1951թ. Բրյուսելում: Մասնագիտությունը` դիվանագիտական եւ քաղաքական գիտություններ:
1979-1983թթ. աշխատել է Հունգարիայում Բելգիայի դեսպանությունում որպես կցորդ::
1988-1992թթ. եղել է ԱՄՆ-ում Բելգիայի դեսպանության առաջին քարտուղար, այնուհետեւ` խորհրդական: 1992-1995թթ. աշխատել է ԱԳՆ կենտրոնական ապարատում: :
1995-1999թթ. տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունում եղել է Բելգիայի ներկայացուցչության նախարար-խորհրդական: :
1999-2001թթ. եղել է Ալժիրում Բելգիայի դեսպան, 2002թթ.` ԵԽ–ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս:

Տպել էջը