Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաերի հանդիպման վերաբերյալ

20 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնության ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաերին (Frank-Walter Steinmeier):

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության հարցեր, Եվրամիության Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում ԵՄ եւ Հայաստանի գործակցության խնդիրներն ու Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը:

ԵՄ նախագահությունը ստանձնած Գերմանիայի ԱԳ նախարարը ընդգծեց իր երկրի շահագրգռվածությունը` կենտրոնանալ ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության վրա, հնարավորինս աջակցել Հարավային Կովկասյան պետություններին` իրենց եվրոպական օրակարգի իրականացման գործում` կոնկրետ ծրագրեր նախաձեռնելու եւ դրանց իրագործման միջոցով:

Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի` իր անմիջական հարեւանների հետ հարաբերություններին:

Առանձին անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին եւ դրա շուրջ ծավալվող քննարկումներին: Գերմանիայի ԱԳ նախարարը հատուկ կարեւորեց Հարավային Կովկասում հակամարտությունների շուտափույթ կարգավորումը` տարածաշրջանի երկրների եվրոպական ինտեգրման եւ համակողմանի զարգացման համար:

Տպել էջը