ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հանդիպման վերաբերյալ

05 փետրվարի, 2007
Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին:

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակությամբ նշեց վերջին շրջանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` տարածաշրջանով հետաքրքրվածության աճը: Այնուհետեւ անդրադարձ եղավ մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին, ինչի կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ նախագահը վստահություն հայտնեց, որ ընտրությունները կհամապատասխանեն ամենաբարձր չափանիշներին:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ կապակցությամբ պրն. Լենմարկերը մեծապես կարեւորեց վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչին կնպաստի ԵՄ հռչակած Նոր հարեւանություն քաղաքականության մեջ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ներգրավվումն ու համատեղ ծրագրերի իրականացնումը:

Զրույցի վերջում անդրադարձ եղավ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ զեկույցին:

Տպել էջը