ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մեկնաբանությունները Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ (մաս 1)
15 հունվարի, 2026Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից ուղիղ եթերով ներկայացրել է ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություններ, պատասխանել է լրագրողների հարցերին:
---
Արարատ Միրզոյան. «Բարև ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, բարի լույս։
Երևանում այս պահին ժամը 10:18 է։ Ես գտնվում եմ Վաշինգտոնում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում։ Վաշինգտոնում այժմ գիշեր է՝ 1:18 է։
Ժամեր առաջ, ինչպես հավանաբար տեղյակ եք, մենք ունեցանք հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան, առկա նախաձեռնություններն, ուրվագծեցինք որոշ նոր անելիքներ, խոսեցինք մեր ռազմավարական գործընկերությունից, առաջիկայում սպասվող այցերից, հանդիպումներից, ձեռնարկներից, բայց նաև, իհարկե, մեծապես կենտրոնացանք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա, մասնավորապես հաստատեցինք ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը։
Սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, բոլորիդ համար շատ հետաքրքիր և, բնականաբար, հասկանալիորեն վերաբերում է ու շոշափում է հայ հասարակության համար բազմաթիվ զգայուն հարցեր։ Հետևաբար մենք անհրաժեշտ համարեցինք, չնայած այստեղի ուշ ժամին, այնուամենայնիվ ուղիղ եթերում անդրադառնալ այդ հարցերին, այդ փաստաթղթին, ներկայացնել այն, որոշ դեպքերում հանդես գալ մեկնաբանություններով: Եթե հարցեր կլինեն, կարծեմ զանգվածային լրատվամիջոցներն արդեն որոշ հարցեր ուղարկել են, նաև ուղիղ եթերում կպատասխանեմ այդ հարցերին։
Բայց նախքան տեքստի ներկայացմանն ու մեկնաբանություններին անցնելն, ուզում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, ներկայացնել ընդհանրապես՝ ինչի համար ստեղծվեց այս փաստաթուղթը, ինչ է այն մեծ հաշվով իրենից ներկայացնում։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հիշում եք՝ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա, ընդունված Հռչակագրում սահմանվեցին խաղաղության և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, ընդգծվեց փոխադարձությունը և նաև նշվեց, որ ԹՐԻՓՓ է սահմանվելու՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Մեծ հաշվով այդ փուլում անհրաժեշտ էր հստակեցնել և համաձայնեցնել այդ սկզբունքները։
Եվ ահա, անցել է ընդամենը հինգ ամիս, և մենք ամերիկյան կողմի հետ բանակցություններում հաջողել ենք արդեն շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, հիմնադրման ձևին, բաժնեմասերին, կրկին, սկզբունքներին և այլն՝ հիմա մենք դրա մասին կխոսենք: Բայց ուզում եմ ասել՝ սա վերջնական փաստաթուղթը չի լինելու։ Սա նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար և բոլոր գործընկերների համար՝ և՛ Միացյալ Նահանգների, և՛ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի Հռչակագրի և վերջնական պայմանագրերի՝ ընկերության հիմնադրման կանոնադրության և հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև։
Վստահեցնում եմ ձեզ, որ այն, ինչը մեզ բոլորիս քաղաքական և հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է։ Ենթադրել կարող եմ, որ հետագայում արդեն մյուս կանոնադրական և հիմնադիր փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի։ Իհարկե, չեմ բացառում, որ նաև լինեն հավելյալ մանրամասներ այն տեղերում, որտեղ այս փաստաթուղթը սպառիչ չի նկարագրում որևէ գործընթաց կամ պայման, բայց, այն ինչ-որ կլինի, իհարկե չի կարող շեղվել արդեն համաձայնեցված պայմաններից և դրույթներից։
Նաև ուզում եմ միանգամից ասել, վստահ եմ, որ ինչպես նախկինում, հիմա էլ այս հարցը կլինի, և ես ինչպես նախկինում, հիմա էլ վստահեցնում եմ ձեզ և հուսամ՝ առիթներ եղել են արդեն ապացուցելու, որ երբ ասում եմ, որ այսպես է, հետո փաստաթղթեր են հրապարակվել, տեսել ենք, որ իրոք այդպես է։ Հիմա նույնպես ուզում եմ ասել, այդ հարցը կառաջանա. համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է, Երևանյան ժամանակով գիշերը։ Ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Միանգամից եմ ասում և միանշանակ. որևէ այդպիսի դրույթ չկա։ Կա այն, ինչ կա այս փաստաթղթում և հրապարակված է։ Մեծ հաշվով շատ մեկնաբանությունների տեղ էլ չկա. տեքստը շատ հանրամատչելի ձևակերպումներով է, համապարփակ անդրադառնում է բոլոր հարցերին։ Ես, ուղղակի, փորձեմ ընթերցելով, որոշ դեպքերում նաև միասին զրուցելով, քննարկելով, ներկայացնելով, տեղ-տեղ ուղիղ մեջբերելով անցնենք առաջ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Փաստաթուղթը վերնագրված է «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ», և այս փաստաթուղթն, ինչպես նաև նախորդող տեքստում էր ասվում, համաձայնությունն է Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև։
Ընդհանուր նկարագրով է սկսվում փաստաթուղթը։ Նշվում է, որ սա, ըստ էության, շարունակում է և մանրամասնում է օգոստոսի 8-ի Հռչակագրով ամրապնդված սկզբունքները և արդեն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի հիմնադրման հետագա մանրամասները, և առաջ է մղում այն նպատակները, որոնք ամրագրված էին օգոստոսի 8-ի Հռչակագրում։
Ուզում եմ այս հատվածը բառացի կրկին մեջբերել ամեն հնարավոր մեկնաբանություններից կամ թյուրիմացություններից խուսափելու համար. «ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա»։ Այնուհետև նշվում է, որ ԹՐԻՓՓ-ը, «կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»։
Ես կարևոր եմ համարում ԹՐԻՓՓ-ի այս մեծ ռեգիոնալ կոնտեքստում ներկայացումը։ Իսկապես, ինչպես բազմիցս ասել ենք՝ ԹՐԻՓՓ-ը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ, լոկալ նշանակության կապ չէ։ Մեծ հաշվով, եթե թույլ կտաք, փաստաթղթից շեղվելով, նաև անդրադառնալ ԹՐԻՓՓ-ի և ապաշրջափակման ոգուն։ Ես ինքս, այստեղ երեք շերտ եմ տեսնում. առաջին շերտը՝ երրորդ երկիր–երրորդ երկիր փոխկապակցվածությունն է (պայմանական՝ Կենտրոնական Ասիա–Եվրոպական միություն օրինակ՝ ԹՐԻՓՓ-ի միջոցով), երկրորդ շերտը՝ Նախիջևան և Ադրբեջան փոխկապակցվածությունն է, երրորդ շերտը՝ մեծ հաշվով մեզ համար ամենակարևորը՝ Հայաստան և երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով՝ Հայաստան–Կենտրոնական Ասիա և Հայաստան–Արևմուտք։ Ահա այս փաստաթուղթն այս ընկալումը նորից արտացոլում է։
Այնուհետև որոշակի ոչ կարճ հատված հատկացված է նրան, թե ինչի են ձգտում և ինչ օգուտներ են ունենալու մի կողմից Միացյալ Նահանգները և մի կողմից Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ նշվում է, որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական հանգույց, մեծացնելու է իր հնարավորությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և այլն, և այլն, ընդհուպ մինչև զբաղվածություն, համատեղ ձեռնարկներ, հնարավորություններ հայաստանյան ընկերությունների համար։
Շատ կարևոր է, որ նշվում է, որ կան նախադրյալներ այս նախագծի հաջողելու համար և օրինակ՝ այդ նախադրյալների թվում նշվում են, ընդ որում երկու երկրի անունից՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաև հաջողությունը կախված է Հայաստան–Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից և այլն։ Սա կարծում եմ, կրկին, շատ կարևոր է անընդհատ հիշել և ընդգծել։
Իհարկե, մեզ բոլորիս հուզում են նաև ԹՐԻՓՓ ընկերության անունը, որը պայմանական կարող է այս փուլում կրել և այդպիսի անուն, ենթադրում եմ կլինի ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն, և փաստաթուղթը հստակեցնում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ և այլն։ Ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ։
Կրկին, այս հատվածի առաջին նախադասությունը մի քանի տեղ՝ փաստաթղթում վերաբերելի և նույնիսկ, եթե կուզեք՝ ոչ այդքան վերաբերելի հատվածներում պարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու և հետո ենթակառուցվածքները գործարկվելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության լիակատար պահպանմամբ։ Կարող եք ընթերցել ինքներդ և յուրաքանչյուր հատվածում այդ հղումն, այդ վստահեցումը տեսնել։
Եվ այսպես՝ «ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ»։ Այսինքն՝ չի լինելու ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը։
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը»։ Այստեղ, իհարկե, էական է, ուզում եմ ընդգծել, հետո շարունակության մեջ տեքստի կրկին անդրադարձ կա այս կտորին, բայց արդեն նշում ենք և այստեղից հասկանալի է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ և, այնուամենայնիվ, կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը, նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը։ Այսինքն՝ կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից՝ մեծ, փոքր, շատ քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։
Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% բաժնեմասն՝ իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով: Այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկն առարկություն չունենա, ինչպես գրեթե բոլոր պայմանագրերում, այսպիսի դրույթ նախատեսվում է. եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունակել, շարունակում են, եթե ոչ, եթե կողմերից որևէ մեկն առարկում է, ապա չի շարունակվում։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարության հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն՝ հիշում ենք՝ սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմաս, Հայաստանի Հանրապետությունը 26%, և եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կերկարաձգվի ևս 50 տարով, և ահա այս երկրորդ շրջանում՝ 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։
Ընդ որում, իհարկե կան հարցեր, նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ` հիմա էլ կլինի. ինչպես ցանկացած ընկերություն, բաժնեմասեր, կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն։ Եվ փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում և վերջնական շահույթի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնությունը։ Այսինքն՝ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք բաժնեմասերը կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունը և հետո ինչ-որ փուլում՝ մեկ ամիս հետո, մեկ շաբաթ հետո, մեկ տարի հետո, տաս տարի հետո, մեզնից թաքուն, մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ-որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում և հետևաբար չի կարող լինել։
Կրկին նշում ենք, որ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների ներգրավվածությունն է անհրաժեշտ։ Այսինքն՝ կլինեն որոշակի հարցեր, քիչ առաջ էլ ասացի, որ անկախ նրանից, թե ով քանի տոկոս բաժնեմաս ունի և ըստ այդմ ինչ չափով է ներկայացված այդ ընկերության ենթադրյալ կառավարող խորհրդում՝ միևնույնն է կլինեն հարցեր, որտեղ մեր կառավարության համաձայնությունն ուղղակի անհրաժեշտ կլինի, առանց դրա հնարավոր չի լինի այդ որոշումը կայացնել և իրագործել։
Հետաքրքիր հանգամանք՝ ԹՐԻՓՓ ընկերությունն անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ և հետագա շահագործմամբ: Մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ, և փաստաթուղթը դա է նախատեսում, որոնց իրականացման, ծրագրման, շինարարության և հետո կառավարման համար ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ, ինչպես փաստաթղթում է ասվում և ընդունված է իրավաբանների կողմից՝ հատուկ նշանակության կազմակերպություններ: Կրկին, նրանցից յուրաքանչյուրի դեպքում կարող են ներգրավվել նաև մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ կրկին վստահեցնել, որպեսզի անընդհատ մեջբերումներ չանեմ, Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, մասնակցությամբ եկամուտներից, շահույթներից իր մասով։
Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը ենթակառուցվածքների համար հողի վրա անհրաժեշտ կառուցապատման իրավունքով է օժտելու ԹՐԻՓՓ ընկերությանն։ Այստեղ կհիշեք, թե ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ վարձակալվում և այլն։ Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ՝ տասնյակ և հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։
Շատերի համար ամենաէական հարցն, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է։ Կային մանիպուլյացիաներ այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանաչվում են միայն նոմինալ, երբ պայմանները կլինեն՝ կտեսնենք, որ դա այդպես չէ», «բազմաթիվ հարցերում մեր ինքնիշխանությունը և իրավազորությունը սահմանափակվում են»։ Ես հիմա ձեզ համար այս թղթից մի քանի բան կկարդամ, որը համաձայնեցված է արդեն Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի կառավարության կողմից և լինելու է մաս կամ հիմք հետագա վերջնական իրավական հիմնադրման փաստաթղթերի, կանոնադրության և այլնի համար։
Մինչ այդ նաև ասեմ, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է ունենալ եկամուտներ և այլն, որից Հայաստանի Հանրապետությունն իր մասնաբաժինն է ունենալու։ Սա չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության մաքսային տուրքերին և սահմանված այլ պետական վճարներին։ Սա արդեն ընկերության եկամուտների մասին է խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր արդեն սահմանված և գործող այդ բոլոր վճարներ ու տուրքերը նույն կերպ պետք է շարունակի հավաքագրել։
Հիմա վերադառնամ ինքնիշխանության հարցին: «Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին»։
«Հայաստանի Հանրապետությունը հստակորեն պահպանում է ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը»։ Կհիշեք, թե ինչքան մանիպուլացիաներ կային այն մասին, թե մենք որևէ անվտանգային գործառույթ ենք զիջում որևէ կողմի՝ կլինի դա մասնավոր կամ երրորդ երկիր, կամ «մենք կորցնում ենք վերահսկողությունն անվտանգության հետ կապված որևէ հատվածում», կամ նույնիսկ կարծիք կար, որ «մեր իրավաահ մարմինները հասանելիություն չեն ունենալու և չեն կարողանալու գործունեություն իրականացնել», օրինակ էին բերում իրավախախտման դեպք, արտակարգ իրավիճակի դեպք, ընդհուպ մինչև պարեկների հասանելիություն:
Նորից եմ կարդում. Հայաստանը հստակորեն պահելու է ազգային անվտանգության և իրավապահ գործունեության վերաբերյալ վերահսկողություն: Հայաստանը հստակորեն պահպանելու է ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը: Սա էլ շատ շահարկված հարցերից մեկն է: Ուղիղ կարդում եմ. «Հայաստանը հստակորեն պահպանելու է ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը»:
Մյուս կետը. «հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը: Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում ՀՀ բոլոր օրենքները կիրառելու իրավազորությունը»։
Այսինքն՝ հարգելի՛ հայրենակիցներ, ինչը որ կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ վախեր էին հնչում, ինչի շուրջ երբեմն անկեղծ մտահոգություններ, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում, ես քիչ առաջ ուղիղ մեջբերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել, այնքան միանշանակ է գրված է, որ ցանկության դեպքում նույնիսկ մանիպուլացնելը շատ դժվար է լինելու։ Ես հիմա չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր մանիպուլացիաներ հնարելու: Հիմա ես չգիտեմ, թե ինչ պետք է մանիպուլացնեն, թեև, երբեմն ուղղակի շատ պնդերես ձևով, սևով սպիտակի վրա գրվածը նույնիսկ կարողամուն են հակառակ լույսի ներքո ներկայացնել, բայց փառք Աստծո, ամեն ինչ գրված և հրապարակված է, ինքներդ կարող եք կարդալ:
Անվտանգության և մաքսային հսկողության հատվածում նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները»՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, «օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը»: Շատ բառացիորեն եթե թարգմանենք այս տերմինները՝ «ֆրոնտ օֆիս» նշանակում է առաջնային գրասենյակ կամ առջևի գրասենյակ, կամ ընդունարան, իսկ «բեք օֆիս»-ն արդեն՝ վարագույրների հետևում գործող, հետևի գրասենյակ: «Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» տերմինները միջազգայնորեն ընդունված և լայնորեն կիրառվող տերմիններ են, մենք կօգտագործենք դրանք, ինչպես և հետայսու ևս՝ մեկ անգամ փաստաթուղթը որոշակի սահմանում է տալիս և հայերեն թարգմանության մեջ ևս այս եզրույթներն ենք օգտագործում:
Շատ կարևոր է. «նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները», և «ֆրոնտ օֆիս» ֆունկցիան՝ այս ծառայությունը կարող է մատուցել մասնավոր օպերատոր հանդիսացող ընկերությունը և ով ընտրվելու է ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կողմից, որտեղ հիշում ենք, որ Հայաստանն ունի իր բաժինը և իր համար զգայուն հարցերում վետոյի իրավունք, կամ անհրաժեշտություն կա ստանալու Հայաստանի համաձայնությունը: Եվ ահա, «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները. օրինակ՝ փաստաթղթերի նախնական հավաքագրում, տեղեկատվության և ուղեցույցների տրամադրում, առևտրի հետ տարածման վճարների հավաքագրում և վճարումների մշակում»: Ընդ որում, առանձին նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկերը, մաքսային տուրքերը, պարտադիր վճարներն ուղղակիորեն միանգամից գանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հակաբյուջետային ընթացակարգերի», նաև վարչական աջակցություն են տրամադրում մարդկանց «ֆրոնտ օֆիս»-ում:
«Բեք օֆիս»-ը ՀՀ պետական մարմիններն են: «ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի»: Այսինքն, եթե վերևում դեռ մեկ, երկու, երեք, չորս անգամ բավարար չէր սա նշելը՝ այստեղ ևս նշվում է, որ ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասություններն, ինչպես դրանք սահմանում է ՀՀ օրենսդրությունն, այդ թվում՝ մաքսային վերջնական որոշումներ, ձևակերպումներ, անվտանգության ստուգում և իրականացում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, թույլտվություններ և հաստատումներ, զննում և ստուգում՝ ամբողջը կարող է իրականացվել միմիայն ՀՀ իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից։
Ընդ որում՝ մի առանձին ենթավերնագրով նորից սահմանում ենք, որ «ֆրոնտ օֆիս»-ի օպերատորներն աջակցում են, նրանք որոշումներ չեն կայացնում։ Այսինքն, մասնավոր երրորդ ընկերությունն, ում ԹՐԻՓՓ ընկերությունը կվարձի, խնդրելով ուղղեցույցներ, տեղեկատվություն, վարչական աջակցություն տրամադրել սահմանը հատող բեռների և ուղևորների համար, աջակցում է, չի որոշում: Այդպես է գրված այս փաստաթղթում: «Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում», կրկին, հիշում եք, ասում էին՝ «չի լինելու սահմանապահ» և այլն:
«Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում»։ Սա ես կրկին մեջբերում եմ ուղիղ համաձայնեցված և հրապարակված փաստաթղթից, իմ մեկնաբանությունը չէ: Կրկին, «ֆրոնտ օֆիս»-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում: Եվ հետագայում կրկին կան որոշակի տեխնիկական մանրամասներ, կարող եք ինքներդ ծանոթանալ:
Ըստ էության՝ տեքստի ներկայացումը կամ մեկնաբանությունները ես այս փուլում ավարտեմ։ Ենթադրում եմ՝ հարցեր կան: Մեզ հետ է նաև ԱԳՆ խոսնակ տիկին Բադալյանը, ում խնդրել էի հավաքագրել հարցերը։ Ենթադրում եմ՝ կան արդեն հարցեր, գուցե հնչեցնեք, ընթացքում պատասխանենք։
Մաս 2