ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
09 սեպտեմբերի, 2024Պարո՛ն նախարար,
Սիրելի՛ բարեկամ, սիրելի՛ Քսավյե,
Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:
Ուզում եմ ասել, որ իմ և հարգելի նախարարի միջև շփումները պարբերական են, հաճախակի, և մենք բավականին հաճախ առիթ ենք ունենում խոսել և՛ երկկողմ հարաբերությունների մասին, և՛ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, և՛ տարածաշրջանային մեր հարցերի մասին, բայց հատկապես ուրախ եմ ողջունել նախարարին և իր պատվիրակությանը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը մասնակցելու առիթով: Ես վստահ եմ, հարգելի՛ պարոն նախարար, Ձեր ներդրումը մտքերի փոխանակությանը շատ արժեքավոր կլինի, և մեզ համար շատ ողջունելի է դա: Իհարկե, սա նաև ավանդաբար արդեն մեր շփումը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև խոսել մյուս հարցերի վերաբերյալ՝ մեր երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների:
Հարգելի՛ ներկաներ,
Ես կցանկանայի առանձնացնել մի քանի բան։
- Նախ փետրվարին, եթե հիշում եք ես այց ունեցա Լյուքսեմբուրգ, և այնտեղ մենք բացեցինք ՀՀ դիվանագիտական գրասենյակը. սա ևս շատ շոշափելի և կոնկրետ ապացույցն է այն բանի, թե ինչպես ենք մենք տրամադրված Լյուքսեմբուրգի նկատմամբ: Լյուքսեմբուրգի հետ հարաբերությունների առնչությամբ մենք շատ լավ հիմքեր ենք ձևավորել արդեն ոլորտային համագործակցության համար. տնտեսություն, կրթություն, մնացած բոլոր ոլորտները, որոնք այս պահին, իհարկե, պետք է խոստովանենք, մի փոքր հետ են մեր քաղաքական երկխոսության մակարդակից, բայց հիմքերը, ինչպես ասացի բավականին լավն են:
- Պետք է նշել, որ, իհարկե, մեր համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ օրակարգով: Մենք բավականին շոշափելի, դրական արդյունքներով և մշտապես դրական տրամադրվածությամբ համագործակցություն ունենք միջազգային զանազան հարթակներում, որտեղ մենք հաճախակի աջակցում ենք միմյանց նախաձեռնություններին և միմյանց թեկնածություններին: Այս մեր հանդիպման ընթացքում նաև կարևորել ենք դա՝ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունը:
- Իհարկե, մեր օրակարգի կարևոր մաս են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և մենք հենց այսօր, ըստ էության, արդեն ունենք Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկ: Մենք ունենք մինչ այդ այս մասին դրական ուղերձը Եվրոպական միությունից, մենք ունենք խաղաղության աջակցության գործիքի ներքո Եվրոպական միության աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք Եվրոպական միության մտադիտարկման առաքելությունը: Եվ պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման պահից այս գործիքը, այս առաքելությունը բավականին արդյունավետ է եղել՝ մշտադիտարկելու իրավիճակը, և նաև, ըստ էության, որոշակի կայունություն ապահովելու գործում: Սրանք մի քանիսն են այն գործիքներից, որոնք մենք այսօր ունենք Եվրոպական միության հետ: Մենք հիմա միասին աշխատում ենք նոր գործընկերության օրակարգի ձևավորման, ըստ էության, այս օրակարգի վերջնականացման փուլում ենք, աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ուզում եմ ձեր ներկայությամբ երախտիքս հայտնել նաև նախարար Բետելին այս ամբողջ ընթացքում Լյուքսեմբուրգի հստակ, աներկբա աջակցությունն ունենալու համար։
Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի հարցերը։ Ես նախարարին տեղեկացրել եմ, որ Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը։ Եվ նաև գաղտնիք չի արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներն են, կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության էջ բացել և դարաշրջան բացել։
Իհարկե, չեմ մանրամասնի նաև ենթակառուցվածքների հատվածը, մեր մոտեցումը հանրահռչակված է։ Մենք պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում։
Մեր երկխոսությունը կշարունակենք նաև վաղը՝ արդեն բուն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում, որտեղ ես պատիվ ունեմ նախարարի հետ նույն քննարկման շրջանակներում մտքեր փոխանակել։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այցի համար, մեր բարեկամության և ընկերության համար:
***
Հարց (Ազատություն)․ Հարցս ուղղում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ դեռ տարաձայնություններ ունե՞ն: Խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրը նախագծում ամրագրելն այդ տարաձայնությունների շարքում է: Եվ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում, երբ խոսվում է Ալմա-Աթայից բացի այլ սկզբունքներ ամրագրելու հնարավորության մասին, ի՞նչ սկզբունքի մասին է, պարո՛ն Միրզոյան. արդո՞ք Ադրբեջանն այլ սկզբունք է առաջ քաշում: Եվ մի տեխնիկական հարց. վարչապետը վերջին ասուլիսում երկու թիվ նշեց 16+3 և 17, քա՞նի հոդված կա խաղաղության համաձայնագրում: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Շնորհակալ եմ հարցի համար: Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եղած համաձայնության մասով, ինչպես ես ասեցի, այն տեքստը, որը մենք առաջարկել ենք, այսինքն մեր վերջին խմբագրական առաջարկը, դա ամբողջապես համաձայնեցված տեքստ է. կան հոդվածներ, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կան այլ հոդվածների այն մասերը, որոնք հաջողվել էր համաձայնեցնել: Ըստ էության, ստացվում է տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է: Սա է եղել մեր առաջարկը. ստորագրել, այն ինչ հնարավոր է եղել համաձայնեցնել մինչ այս պահը: Հետևաբար տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան, որ ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ կամ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք կարող ենք օր առաջ արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել: Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել, և մնացյալն արդեն կմնա հետագա բանակցություններին և կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում:
Սահմանազատման հանձնաժողովների միջև ստրագրված փաստաթղթի մասով, ես վախենամ, որ մի փոքր շփոթ կա ձեր ասածի մեջ, այնտեղ ասվում է, որ հիմքը Ալմա-Աթայի հռչակագիրն է և, եթե այլ սկզբունք կամրագրվի հարաբերությունների հաստատման պայմանագրում, ապա մենք կփոխենք համապատասխանաբար: Այլ սկզբունք չի քննարկվում: Ես ուզում եմ ասել և քիչ առաջ ասեցի, տեքստում այն, ինչ որ դուք նկատել էիք և հարց տվեցիք՝ կա՞ համաձայնեցված հատվածում, ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք չէ, իրականում, բայց նաև բանակցային էթիկետը չխախտելու համար: Այստեղ մենք մեր հասարակությունից իսկապես գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք, եթե կարելի է այդպես ձևակերպել: Բայց այլ սկզբունք, որը կփոխեր եղածը, այս պահին չի քննարկվում: Հոդվածների մասով. ես չգիտեմ, բայց վարչապետը հավանաբար նախաբանն է առանձին դիտարկել, բայց տեխնիկապես մենք հիմա ունենք տասնվեց հոդված, որոնցից տասներեքն ամբողջապես համաձայնեցված են, երեքը՝ մասնակի:
Հարց (Սպուտնիկ Արմենիա). Պարո՛ն Միրզոյան, հարցս Ձեզ է ուղղված: Հիմա ակտիվ քննարկվում է հետագա Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան կապի մասով մասնավոր ընկերություններին հնարավոր վերահսկողության փոխանցումը: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչպես է դա արվելու, ո՞ւմ կողմից է այդ գաղափարն առաջարկվել՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, ինպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումը, և եթե հնարավոր է, կմանրամասնեք ի՞նչ ֆորմատով դա կարող է տեղի ունենալ, եթե տեղի ունենա:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ես շնորհակալ եմ այս հարցի համար: Ես ուզում եմ ասել, որ ես չեմ դադարում զարմանալ՝ ինչպես է եղելությունը, իրողությունը, հոդվածից հոդված, կարծիքից կարծիք մի բառ փոխվում, հետո այդ փոխվածի վրա ուրիշ բառ ավելացվում, հետո ուրիշ բառ և արդեն սկսվում է շրջանառվել մի բան, որն իրականում գոյություն չունի և դա որոշ «անկախ» փորձագետների կամ չգիտեմ, քաղաքական գործիչների կամ վերլուծաբանների կողմից մատուցվում է որպես իրականություն: Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում և մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է: Մեզ համար դա անընդունելի է, մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Խոսքը գնում է ուրիշ բանի մասին: Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ՝ օրինակ արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին, խոսքը այս մասին է: Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ: Շնորհակալություն: