ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսի ժամանակ

22 փետրվարի, 2023

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործանախարարները հանդիպումներ են ունեցել առանձնազրույցի, այնուհետև` ընդլայնված ձևաչափով, որին հետևել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

ԱԳ նախարար Միրզոյանն ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հյուրընկալել Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար, մեր ժողովրդի և անձնապես իմ լավ բարեկամ Ժան Ասելբորնին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Պարո՛ն նախարար, մենք առիթ ենք ունեցել հանդիպելու անցյալ տարի Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում, և Ձեր այս պատասխան այցը լավ հնարավորություն է շարունակելու երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մեր արդյունավետ քննարկումները։

Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Այս համատեսքտում է, որ անդրադարձել ենք Հայաստանի՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ինչպես գիտեք, միջազգային հեղինակավոր վարկանիշների համաձայն՝ առանձին ոլորտներում Հայաստանը գնահատվում է որպես առաջատար տարածաշրջանում և շարունակական առաջընթաց է գրանցում: Վստահեցնում եմ, մենք հաստատակամ կերպով շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և համագործակցությունը:

Նախարար Ասելբորնի հետ մենք պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում բարձր տեխնոլոգիաների, թվային ֆինանսների, ստեղծագործ կրթության ոլորտներն առավել հեռանկարային են:

Մտքեր ենք փոխանակել մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների ու հարթակների շրջանակներում արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Այս առումով հատկապես կարևորում ենք ԵՄ հետ ընդլայնվող համագործակցությունը և բարձր ենք գնահատում Լյուքսեմբուրգի ներդրումը Միության հետ մեր գործընկերության սերտացման գործում։

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար, այսօր, քննարկումների առանցքում են եղել մեր տարածաշրջանի անվտանգության ու կայունության հետ կապված զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու բարեխիղճ բանակցությունների դաշտ:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում պարոն Ասելբորնի հետ միասին ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը, որն իր աշխատանքները, ինչպես գիտեք, մեկնարկեց երկու օր առաջ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ։ Վստահ եմ՝ այն իր դերն է ունենալու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում։

Գործընկերոջս հետ անդրադարձել ենք Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությանը: Տեղեկացրել եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն և ակնհայտ խախտում է:

Արդեն իսկ երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում: Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը: Արգելափակված է նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը: Սրա մասին են վկայում նաև Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հրապարակային, բաց տեքստով հնչեցվող հայտարարությունները:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները: Այդ ուղղությամբ կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Պարո՛ն նախարար,

Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Լյուքսեմբուրգի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայումս ստեղծված հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Սա վերստին վկայում է այն մասին, որ ժողովրդավարական արժեքներ կրող Հայաստանը միայնակ չէ և վայելում է նույն արժեքները դավանող գործընկեր պետությունների աջակցությունը։

Հերթական անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ չնայած առկա մարտահրավերներին ու փորձություններին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է: Հավատում ենք, որ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման բացառումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման գործում կառուցողական ներգրավվածությունը հիմք կդառնա մեր սերունդների խաղաղ գոյակցության համար:

Պարո՛ն նախարար,

Ի դեմս Լյուքսեմբուրգի՝ Հայաստանն ունի սկզբունքային և վստահելի գործընկեր, և այս վերաբերմունքը փոխադարձ է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:


***
Հարց («Ազատություն ռադիոկայան»). Պարոն Արարատ Միրզոյանին եմ ուզում հարցս ուղղել: Պարոն Միրզոյան, անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, նաև Լաչինի և Հայաստանի միջև: Ադրբեջանի նախագահը Մյունխենյան հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հայկական կողմին իրենց այդ առաջարկը ներկայացրել են: Ես ուզում եմ իմանալ պաշտոնական Երևանի տեսակետը որն է, արդյոք ընդունելի է Ձեզ համար:

Համարյա շարունակություն, պարոն Միրզոյան, ևս մեկ հարց տամ: Իշխանական Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից մեկը հայտարարում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Լաչինը բացելու դիմաց: Ուզում եմ հասկանալ, այս տեղեկությունը որտեղից, պարոն Միրզոյան, եթե հայկական կողմը պնդում է, որ Լաչինի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ չի վարում: Կա՞ նման բան: Նման պահանջ Ադրբեջանը հնչեցնու՞մ է:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Հարցի պատասանը, ըստ էության, հարցի մեջ կար: Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է անցակետեր դնել Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է, և մենք, բավականին հրապարակային, Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց՝ ես կասեի անմիջապես, այս դիրքորոշումը հնչեցրել ենք, և այս դիրքորոշումը մնում է նույնը:

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, և Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում կրկին, այսպես, ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար ակնհայտորեն ընդունելի չի և չի կարող ընդունելի լուծում լինել:

Դուք մեջբերեցիք գնահատական, և, իսկապես, վերլուծելիս մենք կարող ենք տեսնել այս ադրբեջանական գիծը, ըստ էության, ակնկալիքը բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Եվ այս նարատիվը ևս նոր չէ, և մեր դիրքորոշումն էլ այս նարատիվի կապակցությամբ նոր չէ, որ ես պետք է հնչեցնեմ: Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը, ողջ բանակցային գործընթացի ընթացքում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պարփակված է, շրջապատված է ամբողջությամբ Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը աշխարհի և Հայաստանի հետ հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը, և բոլորը, այդ թվում և Ադրբեջանը դա ընդունել է: Կրկին արդեն գալով մեր օրեր, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում. այնտեղ ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը և հիմնավոր պատճառներով, ինչպես արդեն ասացի:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այն ևս արտացոլված է և՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, և՛ դրան հաջորդած, մասնավորապես, 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթում, և հետո բանակցությունների ընթացքում քննարկվել է:

Մեր դիրքորոշումը կրկին նույնն է, և շատ կառուցողական: Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանը այն պահից սկսած, երբ կընդունվի, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում և երկաթուղին, ինչպես նաև մյուս ճանապարհները, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա, կարծում եմ, շատ հիմնավոր և միևնույն ժամանակ շատ կառուցողական և շատ թափանցիկ մոտեցում է, և մեր առաջարկն ու մեր պատրաստակամությունն է:

Դուք Մյունխենը նշեցիք: Մյունխենում ևս վերջին անգամ առիթ ենք ունեցել մեր կառուցողական մոտեցումները ներկայացնել և՛ ապաշրջափակման, և՛ Լաչինի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունները հարգելու, և մյուս ճանապարհների վերաբերյալ, ու մեր մոտեցումը մնում է նույնը: Մենք, կրկնում եմ, բացառում ենք և չենք ողջունում ուժի կիրառմամբ և ուժի նոր կիրառման սպառնալիքների ներքո եղած պայմանվորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին այսպիսի նոր զիջումներ կորզելու քաղաքականությունը, ես կասեի՝ ագրեսիվ քաղաքականությունը, որը տեսնում ենք և որը արտահայտված է հայտարարություններում և այդ Ձեր նշած առաջարկներում: Շնորհակալություն:

Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Պարոն Միրզոյան, հարցս Ձեզ եմ ուղղում: Ինչ հետագա զարգացումներ կարող ենք ակնկալել Մյունխենում պարոն Բլինքենի միջնորդությամբ կազմակերպված Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի քննարկումից: Այդ օրը Իլհամ Ալիևը պանելային քննարկմանը հայտարարեց, որ կա ըմբռնում Լեռնային Ղարաբաղի իրենց ժողովրդի հետ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին:

Եվ, չնայած Ալիևի օգտագործած բառապաշարին, որը խնդրահարույց էր, այնուամենայնիվ, արդյո՞ք սա կարելի է դրական առաջընթաց համարել Ադրբեջանի դիրքորոշման մեջ, հաշվի առնելով, որ մինչև վերջերս Ադրբեջանն ընդհանրապես հանրային հայտարարություններում հերքում էր այդ հնարավորությունը: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Դուք իսկապես կարևոր հատվածի եք ուշադրություն դարձրել և կարևոր հատվածի վերաբերյալ եք բարձրաձայնում: Այո, ի սկզբանե, երբ մենք նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները Ադրբեջանի հետ, եղավ ընկալում և պայմանավորվածություն այդ բանակցութունները վարել երկու հիմնական ուղղություններով. մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման և, այսպես, կարճ անվանում ենք խաղաղության պայմանագրի շուրջ, և մյուսը, անշուշտ, ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության, հայության իրավունքները և անվտանգությունը: Եվ ահա տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, ըստ էության, խուսափում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ, ոչ միայն պանելային քննարկման ընթացքում, այլ նաև ձեր վկայակոչած Բլինքեն-Ալիև-Փաշինյան ձևաչափի քննարկումների ընթացքում, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությանը և հավաստիացումն այն մասին, որ այդ քննարկումները, այդ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա:

Մյուս կողմից մենք այս վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո տեսնում ենք նահանջ այս դիրքորոշումներից, ընդհուպ մինչև, քիչ առաջ խոսում էինք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ստորագրված և հանրահայտ պայամանավորվածություններից: Հուսամ այս անգամ այդ դեպքը չի լինի, և կրկին նույն վարքագիծը չենք տեսնի՝ այսինքն նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:

 

***

Այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել էջը