ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

08 փետրվարի, 2023

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ԱԳ նախարարը Միրզոյանը ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել գործընկերոջս՝ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Բավականին հագեցած քննարկումներ ունեցանք ինչպես երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այնպես էլ` տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների շուրջ: 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր միջպետական հարաբերությունների պատմության ընթացքում սա Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը, կարծում եմ, լավ առիթ է անցած ուղին գնահատելու և երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Մենք արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու: 

Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի ու Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, միաժամանակ, պետք է ընդգծել, որ հայ և խորվաթ ժողովուրդների միջև կապերը, բարեկամությունը պատմական ակունքներ ունեն և գնում են դեպի դարերի խորքը: Այս առումով կարող ենք հիշատակել, օրինակ՝ Դուբրովնիկ քաղաքի հովանավոր  հայազգի համաքրիստոնեական Սուրբ Վլասին:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Նշեմ, որ Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը այս բնագավառում: Եվ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ այս ոլորտում մենք ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Հայ-խորվաթական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար որպես հեռանկարային ոլորտներ կցանկանայի նշել, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և մյուս ճյուղերը: 

Այս համատեքստում ցանկանում եմ ողջունել այսօր Երևանում հայ-խորվաթական գործարար համաժողովի անցկացումը: Համոզված եմ, որ համաժողովը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը: 

Հարգելի՛ ներկաներ, 

Այսօր գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ: 

Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը:

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի դրույթները,  արգելափակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից: Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա: 

Այս պարագայում, ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից  հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ:

Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սա է մեր հավատամքը:

Այսքանով եզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ, պարոն նախարար, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն շատ կառուցողական և հանգամանալից երկխոսության համար»: 

 

***

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Պարոն նախարար, երեկ Բեռլինում հայտարարեցիք, որ Ադրբեջանն արձագանքել է Երևանի առաջարկներին և հայտարարեցիք, որ կողմերն աշխատում են պայմանագրի տեքստի շուրջ: Կմանրամասնեք, ի՞նչ են պատասխանել: Ընդունում է արդյո՞ք Բաքուն իր 5 սկզբունքերն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու, Երևանի առաջարկը: Եվ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել այդ հարցով հետաձգված հանդիպումը Մոսկվայում: Երևանը պատրա՞ստ է գնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցում ընդհանրապես ազդեցություն ունի՞ վայրը Երևանի համար: Եվ կարո՞ղ ենք ասել, որ Երևանի և Մոսկվայի միջև խնդիր կա, ճգնաժամ կա: Շնորհակալություն: 

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես, երեկ Բեռլինում ես այս հարցին հրապարակավ անդրադարձա: Ուզում եմ վերահաստատել մոտավորապես այն, ինչ ասացի: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը շարունակաբար մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով: Ապա, նոր փուլ, նոր առաջարկություններ: Եվ այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի: Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները: 

Իսկապես, մենք հնարավոր չգտանք մասնակցել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն, Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով: Բայց ես նշել եմ արդեն, որ չմասնակցելով, մենք միևնույն է փոխանցել ենք մեր առաջարկները հեռավար կարգով: Եվ ահա, մի քանի օր առաջ՝ 10-15 օր առաջ, ստացել ենք Ադրբեջանի պատասխանը: Փոխանցվել են հերթական մեր առաջարկները, ապա, հերթական ադրբեջանական առաջարկները, և, ըստ էության, քննարկման փուլում ենք: Ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և՛ մեկնաբանությունները, և՛ առաջարկները շարունակվել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա: 

Ինչ վերաբերում է հանդիպումներին, եթե կհիշեք, մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք հանդիպումը: Եվ, ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի նորից կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր: Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել: Կուզեի ասել, որ երևի արդարացի կլինի նկատել, որ քաղաքի, վայրի ընտրությունը, իհարկե կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա մեծ հաշվով գուցե չունի: Եվ այս առումով մենք պատրաստ ենք նորից հերթական հանդիպումը, բնականաբար, հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում: 

Մոսկվայի հետ ճգնաժամ կա՞, թե՝ չկա: Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև. կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում և կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ: Ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, արդեն նշեցի, քննարկում ենք բազմաճյուղ, օրակարգի բոլոր հնարավոր հարցերը՝ բոլոր այն հարցերը, որտեղ համաձայնություն կա, և բոլոր նրանք, որտեղ առայժմ համաձայնություն չկա:

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Ներեցեք, պարոն նախարար չհստակեցրիք Բաքուն ընդունու՞մ է Երևանի առաջարկները:

Արարատ Միրզոյան. Առաջարկների բովանդակությունը ես, երևի, այս պահին նպատակահարմար չեմ համարի ամբողջովին բացել, որովհետև դետալների մասին է խոսքը, բանակցային գործընթացի մասին է խոսքը, և հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում կարծրացածից, որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու: Հետևաբար, երևի, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալ և ասել, որ այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի: Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում, և այդ հարցերը, կարծում եմ, որ նաև հրապարակավ բազմիցս ասել ենք:

Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղում եմ երկու նախարարներին: Վերջին երկու տարում Ադրբեջանը մի քանի ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ու օկուպացրել երկրի որոշ հատվածը: Եվ վերջին երկու ամսում էլ պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Լաչինի միջանցքը, և այդպիսով նաև՝ ամբողջ Արցախը: Այս ֆոնին ԵՄ որոշում կայացրեց երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանում: Ինչ եք կարծում, արդյո՞ք ԵՄ այս առաքելությունը և ԵՄ կարող է որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն: 

Արարատ Միրզոյան. Այո, ես կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը, շատ լուրջ դեր ունի խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ այժմ առկա բլոկադայի վերացման հարցում, և՛ առհասարակ տարածաշրջանում: Կրկնում եմ, ճանապարհը բոլոր հարցերի լուծման մեկն է. խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը և, մասնավորապես նաև, Եվրոպական միությունը դեր ունի խաղալու:

Տպել էջը