ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը

29 հոկտեմբերի, 2020

Ես կներկայացնեմ դիվանագիտական դաշտում վերջին զարգացումները, թեև գիտեմ, որ բոլորդ բավական մեծ ինտենսիվությամբ և հետաքրքրությամբ հետևում եք նաև այդ դաշտում զարգացումներին: 

Նշեմ, որ օրեր առաջ, ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն կրակի դադարեցման վերաբերյալ (հոկտեմբերի 25), և նշեմ, որ սա հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ արդեն երրորդ պայմանավորվածությունն է. առաջինը եղել է հոկտեմբերի 10-ին, այնուհետև հոկտեմբերի 17-ին համապատասխան հայտարարություն է եղել, որով հաստատվել է հոկտեմբերի 10-ին ձեռքբերված պայմանավորվածությունը: Սակայն ինչպես և նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունները և շարունակեց ագրեսիան: 

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում  են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, և մասնավորապես,  կենսական ենթակառուցվածքները: Այսօր այդ առնչությամբ նաև համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ առանձնահատուկ դատապարտելով հատկապես այս համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների և հիմնարկների թիրախավորումը, որին մենք ականատես ենք եղել երեկ: 

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնասներ են պատճառվել Արցախի բնակչությանը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է ավելի քան 40 խաղաղ բնակչի շրջանում զոհերի թիվը և ավելի քան 120 խաղաղ բնակչի շրջանում վիրավորների թիվը, որոնցից մեծ մասը ծանր վիրավորում են ստացել: Նաև եղել են տվյալներ քաղաքացիական ենթակառուցվածքների ավիրման վերաբերյալ, որոնց թիվը մեկ տասնյակ հազարից ավել է. խոսքը գնում է նաև մոտ 12 հազար մասնավոր սեփականության և մոտ 2100 ենթակառուցվածքների մասին, որոնց մեծ մասը կենսական ենթակառուցվածքներ են: 

Մեր հայտարարության մեջ մենք նաև նշել ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները, որոնք իրենց մեջ մարդկության դեմ ոճիրներ են պարունակում, խստորեն հակադարձվելու են Արցախի կողմից իր ողջ կարողությունների շրջանակներում: 

Հոկտեմբերի 30-ին  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաների հետ: Իսկ հենց այս պահին, մինչ տեղի է ունենում մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ: Եվ այս հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ ես կկարողանամ հաղորդել միայն հանդիպման ավարտից հետո: 

Արմենպրես․ Այսօր ականատես ենք լինում, որ մի կողմից հաստատում ենք հրադադար Ադրբեջանի հետ, իսկ ռազմաճակատում կրակի ինտենսիվությունը չի նվազում: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական Ժնևում հոկտեմբերի 30-ին նախատեսված հանդիպման կայացումը: Հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, ինչու՞ օրը փոխվեց: Եվ ի՞նչ օրակարգով է լինելու հանդիպումը:

Աննա Նաղդալյան. Ես իմ բացման խոսքում արդեն իսկ ներկայացրի, որ հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ։ Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Ինչ վերաբերում է հարցին, թե հանդիպումը նախատեսված էր 29-ին, և թե ինչու փոխվեց, ապա ասեմ, որ փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։ 

Ինչ վերաբերում է օրակարգին՝ մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Մեզ համար առաջնային է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը, և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև։

Արմենպրես․ Հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։ Ինչպիսի՞ն է այժմ Հայաստանի դիրքորոշումն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, և ի՞նչ գործողություններ են արվել կամ նախատեսվում դեսպանին հետ կանչելուց հետո։

Աննա Նաղդալյան․ Նշեմ, որ այս պահի դրությամբ դեսպանը գտնվում է Երևանում․ նա չի մեկնել Իսրայել։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ, և այն արտահայտվել է ոչ միայն մեկ կամ մի քանի երկրների կողմից, այլ այն սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի  մի  պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում։

Արմինֆո. Ալիևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «Մենք տեսնում ենք Ղարաբաղի շրջանի ապագան որպես խաղաղ տարածք, և մեր ներդրումների և երկրի վերականգնման փորձով կարող ենք վերածել շրջանը աշխարհի ամենաբարեկեցիկ շրջաններից մեկը, բայց դրա համար պետք է վերացնել պատերազմի հետևանքները»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Աննա Նաղդալյան. Ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ ադրբեջանական զինված ուժերի կոնկրետ գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ  Ադրբեջանի իրավասության՝ յուրիսդիկցիայի ներքո:

Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սանձազերծման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք, ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության, առավել քան խոսուն են:

Այդպիսով, ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները, և այս հրետակոծման ընթացքում անգամ այս համավարակի պայմաններում, նաև թիրախավորվել են կարևոր կենսական բժշկական հաստատություններ, բուժհիմնարկներ: Հրետակոծումը հիմնականում իրականացվել է միջազգայնորեն արգելված՝ առաջին հերթին կասետային զինատեսակներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, և հատկապես՝ առաջնագծից հեռու գտնվող երեխաներին և կանանց։

Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաև Հադրութի շրջանում, երբ որ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը։ Ի դեպ, նրանցից մեկը  Արցախի տարեց քաղաքացի էր։ Եվ  պատերազմական այս  հանցագործությունները, որքան էլ որ զավեշտալի է, տեսագրվել և սոցիալական հարթակում տարածվել են հենց հանցագործների կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հասարակության լայն գովասանքին, և կարելի է ասել, հպարտության առարկա են դարձել։ 

Հավելեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը, ինչի հիմնական նպատակն է կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը իրենց  բնակության վայր:

Պետք է այս ամենն ամփոփելով նշեմ, որ պատերազմական կանոնների պահպանումը, մասնավորապես մարտական գործողությունների կատարմամբ իրականացվող քայլերով և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով է, որ կանոնավոր բանակը տարբերվում է ահաբեկչական խմբավորումից, իսկ պետությունը տարբերվում է ահաբեկչական կազմակերպությունից։ 

Ակնհայտ և միտումնավոր կերպով խախտելով պատերազմական կանոնները և միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի  հասարակության մեջ խրախուսելով այս ռազմական հանցագործությունները, և ոչ միայն խրախուսելով, այլև դրանք դարձնելով որոշակի առումով նաև հպարտության առարկա, Ադրբեջանի իշխանությունը իր վրա է վերցնում այս գործողությունների բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքների պատասխանատվությունը։ 

Sputnik Armenia. Տեղեկություններ շրջանառվեցին, որ Իսրայելը մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի առնչությամբ: 

Աննա Նաղդալյան. Կարևոր ենք համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին և, կարծում ենք, նախ և առաջ պետք է դադարեցնել Ադրբեջանի զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը, որոնք, ի դեպ, օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ: Եվ դրա վկայությունն են նաև երեկ եղած միջադեպերը, երբ դրանք օգտագործվել են կրկին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի և այլ քաղաքների դեմ: 

Այս իրավիճակում մենք առերեսվում ենք մի իրողության, երբ որ ցեղասպանություն վերապրած պետությունը, ցեղասպանություն վերապրած ժողովուրդն աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների: 

Հանրային հեռուստաընկերություն: Արդյո՞ք Հայասատանն ինչ-որ ակնկալիքներ ունի Իրանից, մասնավորապես, խոսքը գնում է Իրանի կողմից Արաքսի երկայնքով նոր զորամիավորումների տեղակայման և երկրի հյուսիսում լայնածավալ զորվարժությունների անցկացման վերաբերյալ: Ի՞նչ առաջարկներով է Հայաստան եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալը, և ինչպե՞ս է հայկական կողմը արձագանքում այն առաջարկներին, որոնք բարձրաձայնվել են  պաշտոնյայի կողմից Բաքվում:

Աննա Նաղդալյան: Երկրորդ մասից սկսեմ։ Ինչպես նշեցի այս պահին ընթանում է Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ, և ես չէի ցանկանա իրանական կողմի որևէ առաջարկ, որևէ քայլը մեկնաբանել միայն մամուլից ստացած տեղեկկությունների հիման վրա: Ուստի, այս ամբողջ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քանի դեռ հանդիպումը ավարտված չէ: 

Առաջին մասով նշեմ, որ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների՝ իրենց երկիրը թուրքական ազդեցության գոտի և ահաբեկչության կենտրոն վերածելու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, և այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ:

Տպել էջը