ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը. մաս 1

06 սեպտեմբերի, 2019

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: 

Շատ ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում: Իմ գնահատմամբ բավական հաճախ ենք շփվում տարբեր առիթներով: Այդուհանդերձ, սա այս ձևաչափով մեր առաջին հանդիպումն է: Իսկապես շատ հուսով եմ, որ մտքերի փոխանակում կունենանք արտաքին քաղաքական ոլորտին առնչվող հարցերի շուրջ: 

Մինչև հարցերին անցնելը, կուզեմ ներկայացնել օրերս Երևանում կայացած դեսպանաժողովի արդյունքները: Այսօր այս ձևաչափով հավաքվելու նպատակն էր այս հանդիպումը կազմակերպել այնպես, որ այն հետևի մեր դեպանահավաքին: 

Դեսպանահավաքի ժամանակ, որ տեղի ունեցավ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, մենք այստեղ հավաքեցինք Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատին և օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվնագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը կրող համաժողովի ներքո: Ուզում եմ հատուկ նշել, որ անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և խորհրդարանական ժողովրդավարության հաստատումից հետո սա իր բնույթով առաջին համաժողովն էր, որ առանձնանում էր թե՛ բովանդակային, թե՛ կազմակերպչական ձևաչափով: Համաժողովի նպատակն էր վերահաստատելու և ընդգծելու հայկական դիվանագիտության սկզբունքներն ու առաջնահերթությունները և ուրվագծելու դրանց կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: Պատահական չէր ընտրված համաժողովի խորագիրը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում»:  Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաաքականությունը: Դրանք են քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, որոնց սեփականատիրոջ զգացումն առավել հստակ ամրագրեցինք և նոր որակ հաղորդեցինք թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 

Ինչպես արդեն նշեցի, համաժողովը նորովի էր նաև անցկացման ձևաչափով: Մենք մեկնարկեցինք աշատանքները երկօրյա թեմատիկ քննարկումներով՝ նվիրված Հայաստանի անվտանգության, զարգացման և իմիջային օրակարգին առնչվող հարցերին: Ուզում եմ նշել նաև համաժողովի ներառական բնույթը, քանի որ դեպանահավաքի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված էին իմ գործընկերները կառավարությունից, կառավարության անդամներ, օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, մարզային ղեկավարներ: Շատ էական էր երկու ժամ տևած երկխոսությունը Հայաստանի վարչապետի հետ: Մենք բովանդակալից քննարկումներ ծավալեցինք Ազգային ժողովում, որը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, քաղաքական և մնացած դաշտերում առկա բոլոր մարտահրավերների շուրջ: Մենք մեծապես կարևորում ենք խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը ինչպես բազմակողմ, անյպես էլ երկկողմ ձևաչափում: Եվ այդ հանդիպումը լավ հնարավորություն էր նաև մտքեր փոխանակելու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: 

Շատ կարևորում եմ նաև, որ մենք բոլորս այցելեցինք Գյումրի, որտեղ ամբողջ օրը նվիրեցինք մեր մարզային զագացման օրակարգին և դիվանագիտության առնչությանը  մեր այս կարևոր գերակա նպատակին կառավարության օրակարգում: Այնտեղ ես ընդգծեցի, որ մարզային զարգացման մեր նպատակներն ամենից բացի նաև ազգային անվտագության հարց են: Մենք նաև կազմակերպեցինք աշխատանքներն այնպես, որպեսզի ունենանք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այս հավաքական շփումը  մեր գործարար աշխարհի հետ: Այստեղ ևս բազմաթիվ բաներ ունեմ ասելու, քանի որ մեր մոտեցումն այնպես է, որ մեզ անհրաժեշտ է հնարավորինս լավագույն ծառայություն մատուցելու մեր գործարար աշխարհին այն առումով, որ կարողանանք լավագույն հարթակներն առաջ բերել նրանց համար համագործակցության օրակարգեր զարգացնելու նպատակով: Մենք ունեցանք այդ հանդիպումը գործարար շրջանակների հետ՝ համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ: Այդ հանդիպումը իրապես շատ հետաքրքրիր էր, որովհետև ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են նաև հավաքական պատվեր ձևավորելու առումով, թե ինչ են ուզում հավաքական առումով, թե ինչ կոնկրետ նպատակներ և կարիքներ ունի գործարար աշխարհը: Մեզ համար ավելի ընկալելի նպատակները հնարավորություն են տալիս ճիշտ թիրախային հարթակներ առաջ  բերել: Այդ առումով ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն այս տարվա ընթացքում ձևավորել ենք բավական լավ համագործակցություն մի շարք ոլորտներում և դրանց ներկայացուցիչների հետ, որոնք առավել միավորված են, ասոցացված, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մեր գործարարները, գինեգործության մեջ, բանկային համակարգում և այլն: Այդ առումով այդ միավորված ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի թիրախային, ընդգրկուն և հասկանալի դարձնել, թե ինչպես մենք կարող ենք ավելի ճիշտ ծառայություն մատուցել այդ ոլորտում՝ տնտեսական զարգացման առումով: 

Մենք ունեցանք հանդիպում Էջմիածնում։ Շատ առանձնահատուկ նշանակություն ուներ  մեր հանդիպումը Վեհափառ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվեց նախարարության և Մայր Աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ: 

Մենք առանձին հանդիպում ունեցանք նաև Սփյուռքի նորանշանակ բարձր հանձնակատարի հետ, որի ժամանակ նույնպես ձևավորեցինք այն հիմնական նպատակները, որոնց շուրջ մեր երկու հաստատություններն աշխատելու են շատ սերտ, ինչպես և աշխատել են միշտ, քանի որ հասկանալի է, որ դիվանագիտական ներկայացուցիչներն առաջին գիծն են սփյուռքի հետ մեր հարաբերությունները ձևավորելու, կառուցելու և իրականացնելու առումով: Մեզ նաև հաջողվեց անցկացնել այդ քնարկումները և նաև նոր հանձնակատարի հետ ուրվագծել այն աշխատանքները, որոնք այս առաջիկա շրջանում շարունակելու են ձևավորել մեր օրակարգի հստակությունը: 

Բնականաբար, մեծ նշանակություն ուներ այցը Արցախ, առանց Արցախ այցելելու պարզապես այս հավաքը թերի կլիներ: Եվ ամենից բացի սա գործնական էր, որովհետև շատ առարկայական քննարկումներ ունեցանք և՛ Արցախի նախագահի հետ, և՛ ԱԳՆ ղեկավար  օղակի հետ՝ խորհրդակցությունների ձևաչափով, հնարավորություն ունեցանք իմ գործընկերոջ հետ՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հետ միասին նաև համատեղ ասուլիս ունենալ այնտեղ: 

Բովանդակային առումով, ինչպես  գիտեք, համաժողովի ժամանակ ունեցած իմ ելույթում ներկայացրի Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: Այստեղ հատուկ նշեմ, որ այդ սկզբունքները դիտարկվում և գործողության մեջ գնահատվում են որպես մեկ, միմյանց փոխլրացնող ամբողջություն: 

Մեր առաջնային նպատակն է մեր գործողություններում հասնել այդ սկզբունքների լիակատար և համալիր գործադրմանը՝ նպատակաուղղված մեր ազգային շահերի արդյունավետ իրականացմանը: Իհարկե, շատ ու շատ բաներ ունեմ ասելու, բայց, երևի թե, ամփոփեմ խոսքս, որովհետև նորից կրկնեմ՝ և՛ վարչապետի, և՛ իմ ելույթը դեսպանահավաքի ժամանակ նպատակ ունեին մեր իրականացվող քաղաքականությունն ամփոփելու, բերելու այն ձևաչափի մեջ, որտեղ մենք ամփոփ և ընդգրկուն ձևով կարող ենք արտահայտել այն, ինչ մենք անում ենք, ինչ նպատակներ ունենք, ինչ տրամաբանությամբ ենք մենք կառուցում և իրականացնում մեր արտաքին քաղաքականությունը: 

Նորից վերադառնալով դեսպանահավաքի ելույթին, անդրադառնալով սկզբունքին և նպատակին՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի շահերը փոփոխվող աշխարհում», այս խորագիրը ընտրելով, մեր նպատակն էր ի ցույց դնել մեր աշխատանքի կիրառական նշանակությունը, որտեղ մենք արտահայտում ենք այն արժեքները, որոնք մեր ազգային անվտանգության, ազգային զարգացման նպատակների հիմքում են, որ մենք առաջնորդվում ենք մեր ինքինշխանության սկզբունքով, մեր շահերով և մենք այդ ամենը նաև համադրում ենք միջազգային հարաբերությունների ներկայիս օրակարգի հետ՝ լավագույնս հետապնդելու մեր ազգային շահերը: Այդ գործողությունը իրականացնում ենք մեր արտահայտված սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանության, համահայկականության, փոխգործակցության: Մեզ համար սա շատ խորքային իմաստ ունի, և առավել կիրառական նշանակություն: Նաև վերահաստատեցինք թե՛ մեր աշխարհագրական գերակայությունները, թե՛ թեմատիկ գերակայությունները, և ամենակարևորը ընդգծեցինք այն իրողությունը, այն փաստը, որ արտաքին քաղաքականությունն իր մեջ պարունակում է մեկ գերակա նպատակ՝ օգտագործել միջազգային համագործակցությունը, արտաքին հարաբերությունները մեր ներքին ազգային նպատակները համալրելու և առաջ տանելու համար: Այդ առումով է, որ ընդգծվում է շատ հստակ իմ կողմից և վարչապետի կողմից, որ աշխատանքը կիրառական է, կոնկրետ արդյունքների ուղղված, արդյունքներ հետապնդող գործունեություն է: 

Կարևոր է այդ հավաքը նաև այն առումով, որ մենք առաջին անգամ հավաքվեցինք այս մեծ ձևաչափով: Բնականաբար հասկանում եք, որ մեր աշխատանքը առօրյա է, դիվանագիտական մեր ներկայացուցչությունների հետ աշխատանքը 24 ժամ է,  7 օր: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները մեր արտաքին գերատեսչության մաս են կազմում, և հաճախ ասում են, որ մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, բոլոր ղեկավարները և աշխատողները Երևանում են, պարզապես գրասենյակները կարող են գտնվել Երևանից մի քիչ հեռու: Բայց սա մեկ միասնական մարմին է, որտեղ բոլորն իրականացնում են համակարգված, միասնական աշխատանք՝ մեր արտաքին քաղաքականությունը առաջ տանելու համար: 

Հավաքը շատ օգտակար էր այն առումով, որ մենք այս տարվա ընթացքում նաև իրականացնում ենք բարեփոխումներ և իրականացնում ենք աշխատանք՝ արտաքին ոլորտի ծառայությունը, մեր պետական ինստիտուտը ինստիտուցիոնալ առումով էլ ավելի ամրապնդելու և բարեփոխումների միջոցով  պրոֆեսիոնալիզացնելու նպատակով: Եվ այս տարվա ընթացքում այս նպատակն ունեցել է իր ընթացքը, իր ճանապարհն է անցել. այն ավարտված չէ, մենք դեռ շատ գործեր ունենք անելու, բայց այդ առումով շատ հարմար և կարևոր հարթակ էր այս հավաքը՝ բոլորս միասին հավաքվելու և էլ ավելի ամրապնդելու մեր ընկալումները, միասնական նպատակները, համակարգված առաջ տանելու մեր օրակարգը: Սա ամենից բացի, նաև, այսպես ասած, կոնսոլիդացման այդ կարևոր նպատակն ուներ: Կոնսոլիդացման, փոխլրացման, փոխկապակցվածության և նպատակի հստակ ընկալման, ինչպես նպատակային իրականացնել արտաքին քաղաքականություն՝ կառավարության ծրագիրը, ազգային նպատակներն առաջ տանելու համար: Այս առումով է, որ բավական արդյունավետ եմ գտնում մեր այս յոթօրյա հավաքը: Բնականաբար դրանով չի ավարտվում, այս յոթօրյա հավաքը մեզ բավական մեծ նյութ տվեց նաև նորից վերլուծելու, մշակելու, հստակեցելու այն քայլերը, այն քաղաքականությունը, որը մենք իրականացնում ենք՝ առաջ տանելու մեր կառավարության ծրագիրը և մեր ազգային նպատակները: 

Մենք հիմա վերլուծում ենք դա: Վստահ եմ՝ նկատեցիք, որ քննարկումները ներառական էին, նրանք կառուցված էին այնպես, որ մենք կառուցվածքային քննարկում ունենանք, յուրաքանչյուր թեմա ուներ հստակ ձևավորված օրակարգ՝ անվտանգության ուղղությունը, զարգացման և իմիջային ուղղությունները, և ստրուկտուրիզացված քննարկումների արդյունքում մենք բավական նյութ առաջ բերեցինք, որը մեզ հնարավորություն է տալիս բարելավելու, ուժեղացնելու մեր գործունեությունը յուրաքանչյուր ուղղությամբ և միասին ամրապդնելու մեր գործունեությունը, աշխատելու արտաքին ոլորտում ավելի որակյալ ծառայություն մատուցելու մեր հասարակությանը և լավագույնս իրականացնելու այս գործառուկթները: Երևի այսքանով ամփոփեմ: Վստահ եմ՝ մեր երկխոսության ընթացքում բազմաթիվ հարցեր հնարավորություն կտան էլ ավելի հստակեցնել մեր ներկայիս օրակարգը: Շնորհակալություն:  

News.am լրատվական, Մարիամ Լևինա. Հարցս հենց դեսպանաժողովին է վերաբերում: Արցախի հետ դա առաջին անգամը չէ, երկրորդ անգամն է, եթե չեմ սխալվում: Դրա նպատակը և նշանակությունը հետագա քայլերի, հետագա գործողությունների համար: 

Զոհրաբ Մնացականյան. Այո, սա առաջին անգամ չէ, որ մեր դիվանագիտական հավաքի ժամանակ մեր բոլոր դիվանագետները մեկնում են Արցախ: Սա շատ կարևոր մաս է այս գործառույթի՝ դեսպանահավաքների: Ներկայիս կոնտեքստում կարծում եմ, որ չափազանց էական էր նաև երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների այդ ձևաչափը, որովհետև մեզ համար մեծ նշանակություն ունի պահպանել այն և Հայաստանի և Արցախի միջև կառուցել, ստեղծել գնահատականների և քաղաքականության կառուցման այդ ընդհանուր դաշտը: Այդ քննարկումների ժամանակ, բնականաբար, մենք անդրադարձանք թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տարբեր հարցերի, թե՛ միջազգային օրակարգի տարբեր այլ հարցերի, որոնք այսպես թե այնպես առնչություն ունեն թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին, թե՛ Արցախի գերակայություններին և թե՛ մեր միասնական նպատակներին: Դա ես առավել եմ կարևորում: 

Սա ընգծում է նաև մեր շարունակական նպատակի իրականացումը, որովհետև, վստահ եմ, նկատել եք, որ այս շրջանում՝ այս մեկից ավել տարվա ընթացքում, ես կանոնավոր աշխատել եմ իմ գործընկերոջ հետ Ստեփանակերտում՝ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլն ունի այդ հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանը և մեր խորհրդակցությանը՝ ճշտելու և հստակեցնելու Հայաստանի, Արցախի և մեր ընդհանուր մոտեցումները: Դա արտահայտում է նաև այն իրողությունը, որը մաս է նաև մեր բանակցային գործընթացի, թե ինչու Արցախի որոշիչ ձայնի և ներգրավվածության հարցը նշանակություն ունի մեզ համար, որովհետև նորից պետք է կրկնեմ՝ մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու Արցախի ժողովրդի անունից: Այդ առումով է, որ մենք պնդում ենք, որ Արցախի ընտրված իշխանությունների մոտ բանակցային գործընթացքում այդ սեփականության զգացումի ուժեղացումը պրակտիկ, պրագմատիկ նշանակություն ունեցող հարց է, որը միտված է բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն: Դեսպանահավաքի ժամանակ ավելի հավաքական ձևաչափով նույնպես անդրադարձ եղավ այդ նպատակին՝ պահպանել երկխոսության, խորհրդակցությունների ակտիվ այդ ձևաչափը, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ համակարգում: Շնորհակալություն: 

Աբրահամ Գասպարյան, Հանրային հեռուստաընկերություն. Փորձեմ երկու հարցի մեջ ձևակերպել, պարո՛ն նախարար: Թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայի հյուսիսային հատվածում՝ մի կողմից, մյուս կողմից՝ հոկտեմբերին Իրանի նախագահի սպասվող այցը Հայաստան: Ի՞նչ ակնկալել Իրանի բարձրաստիճան այցից Երևան: Սա՝ մեկ: Եվ՝ երկրորդը. հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը վերաբեռնավորելու որևէ նախաձեռնողականություն Երևանի կողմից կա՞, թե՞ ոչ: Անցած մեկ տարվա ընթացքում, կարծեք, մենք կանգնել ենք նույն այն կետում, այսպես՝ հայտարարությունների մակարդակով, և որևէ տեղաշարժ, համենայն դեպս, վերջին մեկ-մեկուկես տարում, ինչ թուրքական խորհրդարանը նաև չի վավերացրել այդ արձանագրությունները, չի արձանագրվել: Կխնդրեի պարզաբանեիք: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Ձեր հարցը Դուք ձևավորեցիք  միջազգային օրակարգի ներկայիս բավական խնդրահարույց հարցի շուրջ տարբեր ուժային կենտրոնների և տարբեր այլ դերակատարների միջև հարաբերությունների համատեքստում: Դուք անդրադարձաք Սիրիայի հարցին: Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին: Սիրիայի հարցը մեզ համար առավել զգայուն է, և մենք դա արտահայտում ենք նաև մեր մարդասիրական առաքելության գործառույթը իրականացնելու միջոցով, որ ընդգծում է մեր զգայնությունը և մեր գերակայությունը այդ իմաստով: 

Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին, գիտեք, որ դրանք չափազանց դինամիկ են և բազմաշերտ, բազմաթիվ հարթակներ ունեն: Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց բազմաշերտ է և չափազանց բարդ: Այստեղ մենք առաջնորդվում ենք, առաջին հերթին, այն սկզբունքով, որ մենք ունենք մեր արտահայտված այդ զգայունությունը և գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը,  և հումանիտար, մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է հետապնդում: Եվ, ավելի կոնկրետ անդրադառնալով Ձեր հարցին, մենք ունենք Ռուսաստանի հետ հստակ ձևավորված ավանդական ռազմավարական համագործակցություն: Մենք ունենք բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության մեր օրակարգը: Մեր գերակայություններն արտահայտված են դեսպանահավաքի ժամանակ հնչեցրած իմ ելույթում. այդ բոլոր ուղղություններում մենք ունենք մեր գերակայությունները, մեր գործընկերները, և հաշվի ենք առնում նաև, բնականաբար, միջազգային հարաբերությունների ներկայիս օրակարգը և այդ դինամիկան: Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները յուրաքանչյուր մեր գործընկերոջ հետ՝ երբևէ բացառելով նման համագործակցությունը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Այս կոնտեքստում մենք ունենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ռազմավարական, դաշնակցային, խորքային հարաբերություններ: Գիտենք, որ մեր գործընկերները նույնպես ունեն այդ զգայունությունը և, բնականաբար, մենք խորհրդակցության մեջ ենք մեր գործընկերների հետ թե՛ կոնկրետ այս հարցում, թե՛ ընդհանրապես՝ ավելի լայն իմաստով Սիրիային վերաբերող հարցերում: Եվ այդ խորհրդակցությունը վերաբերում է նաև մյուս գործընկերներին: 

Ինչ վերաբերում է Իրանին։ Այս տարվա ընթացքում, Դուք, վստահ եմ, որ նկատել եք, որ Իրանի հետ մենք ունենք բավական ավանդական, ընդգրկուն օրակարգ: Եվ մենք դա արտահայտել ենք նաև մեր գերակայությունների մեջ՝ ինչ նշանակություն ունի Հայաստանի համար  հարաբերությունների առաջնայնությունը նաև մեր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի, Իրանի հետ, որն արտահայտվում է նաև կոնկրետ քաղաքականություն իրականացնելու միջոցով: Եվ այստեղ՝ Իրանի հետ հարաբերություններում, մենք ունենք բավական ծավալուն օրակարգ, որի նպատակն է թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ զարգացման բնագավառում, թե՛ ենթակառուցվածքների, էներգետիկ դիվերսիֆիկացման բնագավառում գտնել ձևաչափեր, խորացնել համագործակցությունն այնպես, որպեսզի մենք կարողանանք արդյունքներ ձևավորել այս նպատակը հետապնդելու առումով: Եվ սա, բնականաբար, մեր ազգային շահերից է բխում: Իրանի հետ կանոնավոր, բարիդրացիական և շատ բարեկամական հարաբերություններն այս տարվա ընթացքում մենք բավական ակտիվ շարունակել ենք և շարունակելու ենք ներդրում կատարել այդ առումով: Եվ նաև այստեղ կա ևս մեկ կոնտեքստ. դա Հայաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ում: Հայաստանի համար անդամակցությունը ԵԱՏՄ-ում նաև հնարավորություն է տալիս հետապնդել մեր շահերը նաև այդ շրջանակի միջոցով: Դուք բերեցիք Իրանի օրինակը։ Այստեղ կան բազմաթիվ այլ օրինակներ՝ Սինգապուրը, Վիտենամը, Եգիպտոսը: Կան նաև այլ հայտեր ԵԱՏՄ-ի համագործակցության ընդլայնման առումով։ Այլ ուղղություններով գործընթացներ ևս տեղի են ունենում: 

Բնականաբար, Իրանը, լինելով մեր անմիջական հարևանը, մեզ համար շատ հետաքրքիր է և շատ շահավետ, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակը նույնպես օրակարգային է: Եվ այստեղ նորից պետք է անդրադառնամ, որ այս ամենը մենք անում ենք՝ նույնպես հիմնվելով մեր գերակայությունների վրա, մեր շահերի վրա և, բանկանաբար, համադրելով դա այլ զարգացումներով միջազգային հարաբերությունների օրակարգում, որոնք չենք կարող անտեսել: Բայց, նորից եմ կրկնում, մենք այդ առումով երկխոսության մեջ ենք բազմաթիվ մեր գործընկերների հետ: Մեր գործառույթն է ուղղակի պարզ, բացատրելի, հստակ արտահայտել և պաշտպանել այն, ինչ վերաբերում է մեր շահերին: Նորից կրկնեմ՝ անել դա այնպես, որպեսզի մենք չլինենք իրավիճակում, երբ որ մեկ գործընկերոջ հետ հարաբերություններն արվում են մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Շնորհակալություն: 

Աբրահամ Գասպարյան. Եվ Թուրքիայի հետ կապված, պարո՛ն նախարար: 

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիայի հետ հարաբերությունների առումով՝ ես պետք է ասեմ և նորից պետք է հղում կատարեմ դեսպանահավաքի ելույթին: Դժբախտաբար, մենք ունենք իրավիճակ, երբ որ այդ ուղղությամբ մենք ունենք որևէ դեպքում ոչ ողջունելի իրողություններ: Դա իրողոթյունն է Թուրքիայի կողմից Ցյուրիխի գործընթացի մերժման, դա իրողությունն է շարունակական շրջափակման՝ բլոկադայի, դա իրողությունն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնակալության, խիստ ընդգծված կողմնակալության, և իրողությունն է ցեղասպանության ժխտման հարցում այդ քաղաքականության շարունակական հետապնդման, որը ավելի ցավոտ արտահայտում ստացավ ոչ ուղղակի ժխտման, այլև արդարացման ձևով, որն արտահայտվեց այդ երկրի ղեկավարի կողմից ապրիլի 24-ին: Մենք սա ասել ենք և նորից կրկնեմ, որ պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ: Սակայն,  գործընթացը ենթադրում է երկու կողմ, և չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր: 

Ազատություն ռադիոկայան․ Պարոն նախարար, Ձեր թույլտվությամբ մի քանի հարց ունեմ: Առաջինը․ ըստ տեղեկությունների՝ հոկտեմբերին Երևանում ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելու են նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները: Հաստատու՞մ եք այդ տեղեկությունները, թե ոչ և, եթե հաստատում եք, ի՞նչ է նշանակում նրանց մասնակցելն այդ գագաթաժողովին։  Երկրորդ հարց․ մամուլում տարբեր վարկածներ հրապարակվեցին, թե ինչու վարչապետը չմեկնեց Լեհաստան, արդյո՞ք դա արվեց ի համերաշխություն Ռուսաստանի դիրքորոշման, թե՞ կա մեկ այլ տարբերակ, խնդրում եմ դա ևս նշել: Ձեր թույլտվությամբ երրորդ հարցը. մենք հաճախ տեսնում ենք, որ Հայաստանի նախկին պաշտոնյանները, ովքեր մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, Ռուսաստանում քաղաքական ապաստան են ստանում, և վերջերս էլ ականատես եղանք պարոն Շիշկինի դեպքին։ Ի՞նչ կարող եք ասել այս զուգահեռ գործընթացների մասին։ Շնորհակալություն։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գագաթաժողովին, ԵԱՏՄ-ն հավաքական միավոր է իր անդամ պետություններով, որոնք որոշում են, որ գագաթաժողովն անցկացնելու են Երևանում հոկտեմբերի 1-ին մեր նախաձեռնությամբ, մեր հրավերով, որն ընդունվել է։ Մենք, բնականաբար, բոլորս միասին նախապատրաստվում ենք այս գագաթաժողովին։ 

Անդրադառնալով նախորդ հարցին՝ մենք հաշվի են առնում այն կարևոր գերակայությունը, որ ԵԱՏՄ շրջանակներում գոյություն ունի՝ ամրապնդելու և խորացնելու անդամ պետությունների համագործակցությունը և ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն ԵԱՏՄ ներսում, այլ նաև ամրապնդելու համագործակցությունը ԵԱՏՄ՝ որպես տնտեսական միավորի՝ աշխարհի տարբեր երկրների կամ միավորումների հետ։ Այս քաղաքականությունը նույնպես կամքի արտահայտություն է, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ փորձում է իր ներդրումն ունենալ: Այդ առումով ևս Հայաստանի վարչապետի այցի ժամանակ Հարավ-արևելյան Ասիա՝ Սինգապուր, կար այդ համաձայնությունը՝ ընդգծել այդ համագործակցությունը նաև Սինգապուրի ղեկավարության բարձր մասնակցությամբ: Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ Հայաստանը նույնպես իր կողմից մյուս անդամների անունից նաև նախաձեռնողական առումով առաջ է տարել օրակարգը՝ Իրան - ԵԱՏՄ հարաբերությունների առումով, և այս դեպքում նույնպես մենք նախաձեռնել ենք, որ այն արտահայտվի գագաթաժողովի ժամանակ: Այսպես մենք նախապատրաստվում ենք և սպասում ենք, որ այս ամենն իրականացվելու է Երևանոմ ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ, ինչպիսիք են Իրանը և Սինգապուրը։ Աշխատանքները տեղի են ունենում բավականին ակտիվ և մենք շարժվում ենք դեպի հոկտեմբեր։ 

Ինչ վերաբերում է Լեհաստանի հետ կապված հարցին, հարցը բաղկացած է երկու մասից։ Առաջինը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստին, և այստեղ ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու և նորից պետք է կրկնեմ, որ հարցը վերաբերում է, թե ինչպես ենք մենք՝ հայ ժողովուրդս, վերաբերում Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ հաշվի առնելով շատ բաներ, ի՞նչ է նշանակում մեզ համար Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչքան զոհեր, հերոսներ ենք մենք տվել պարերազմի ժամանակ՝ պաշտպանելով մեր հայրենիքը և այդ զգայունությունն արդեն մեծ նշանակություն է ունեցել, որպեսզի ձևավորենք մեր դիրքորոշումը։ Երկրորդ մասը վերաբերում է հայ-լեհական հարաբերություններին, որը ևս շատ կարևոր ուղղություն է մեզ համար, և մենք շատ բարձր ենք գնահատում գործնական և համագործակցային հարաբերությունները Լեհաստանի հետ՝ թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-ԵՄ համատեքստում, մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի դերը Արևելյան գործընկերության՝ այդ նախաձեռնության համատեքստում: Մենք բավական լայն օրակարգ ունենք։ Մենք նաև պետք է իրականացնեինք երկկողմ այց․ երկու կողմից օրակարգերն այնպիսին էին, որ ավելի նպատակահարմար էր երկկողմ այցի ժամկետները վերանայել։ Սա զուտ գործնական հարց է, որ մենք կվերանայենք և կիրականացնենք միասին։ Խոսքը սեպտեմբերին կայանալիք երկկողմ այցի մասին է, որը կարող էր համընկնել մեկ այլ՝ տնտեսական բնույթի համաժողովի հետ, բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք լավագույնս կառուցել երկու օրակարգերը և իրականացնել այցը Լեհաստան՝ մեր հարաբերություններն առաջ տանելու առումով։ Սա է պատասխանը։ 

Ձեր երրորդ հարցին ես կպատասխանեմ այսպես։ Հայաստանի և Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները բավականին ամուր հիմքեր ունեն, և այստեղ մենք որևէ տարաձայնություն չունենք։ Մենք ունենք որոշ բնույթի դատական, իրավական գործընթացներ, բայց միջպետական մակարդակով մենք կարող ենք, ունակ ենք պահպանել, առաջ տանել մեր օրակարգը, որի հիմքում են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որևէ կերպ փոխկապակցվածություն հարցերի միջև գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող։ Շնորհակալություն։  

Հերմինե Ղարիբյան, Գալա TV. Պարոն Նախարար, ֆրանսիական «Նուվել դ՛Աղմենի»  պարբերականին տրված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Արցախի գործող իշխանությունների հետ որոշակի անհամաձայնությունների մասին: Սրան Արցախից եղան արձագանքներ, որ եթե ամեն դեպքում կան որոշակի անհամաձայնություններ, դրանց բարձրաձայնումը վտանգավոր է, և դրանք պետք է լուծվեն փակ դռների ետևում: Ես ուզում էի Ձեզ հարցնել. ի՞նչ հնարավոր անհամաձայնությունների մասին կարող է խոսք գնալ, և համաձայն եք հնչող տեսակետներին, որ դրանց բարձրաձայնումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, թե ոչ: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն: Ես կպատասխանեմ ինձ վերաբերվող օրակարգի և բնագավառի շրջանակներում: Ես կարծում եմ՝ կարիք չկա դրամատիզացնելու ամողջ հարցերը, որովհետև տարաձայնություն ունենալը նորմալ, բնականոն բան է, տարաձայնություններ ունեն բոլորը, երբ կա շփում, բոլոր մակարդակներում՝ մարդկայինից մինչև միջպետական, հնարավոր է լինեն տարաձայնություններ: Մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ յուրաքանչյուր ուղղությամբ, ոչ թե կարող է՝ այլ ունենք բոլոր մեր գործընկերների հետ, բոլոր ուղղություններով: Այդ տարաձայնությունները մեկնաբանել որպես ճգնաժամ և կոնֆլիկտ՝ սա հարաբերություններում դրամա ստեղծելու այդ սահմանն է: Ես որևէ կերպ բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման մեր հարաբերություններում: 

Վերադառնալով իմ բնագավառին՝ նորից կրկնեմ, այս տարվա ընթացքում, վստահ եմ, ականատես էիք, որ չափազանց ակտիվ երկխոսություն է գնում Արցախի իշխանությունների հետ իմ մասով, արտաքին բնագավառի մասով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով: Հիմա մենք ունե՞նք տարաձայնություններ: Եթե դուք ենթադրում եք, որ մենք տեսնում ենք միմյանց  ու ամեն ինչի մասին համաձայնում ենք, էլ ինչու՞ ենք հանդիպում: Հանդիպում ենք հենց դրա համար՝ համադրելու, քննարկելու և գտնելու առաջ գնալու ճանապարհը: Այդ առումով, ես կարծում եմ, որ շատ հստակ է, որ երկխոսությունը և նպատակների ու խնդիրների համադրումը տեղի է ունենում առավել ևս վարչապետի մակարդակով և մյուս բոլոր մակարդակներում: Ես ինքս իմ գործառույթներն իրականացնելիս աշխատում եմ և՛ Արցախի Հանրապետության նախագահի, և՛ արտգործնախարարի հետ, և՛ ԱՀ Ազգային Ժողովի հետ, և՛ բոլոր մնացած մակարդակներում: Իմաստը երկխոսության միջոցով առաջ շարժվելն է: Բայց այստեղ նորից այդ սահմանի ձևակերպումն է: Ես հասկանում եմ, որ չորրորդ իշխանության համար առավել հետաքրքիր է այն պահը, երբ կոնֆլիկտն արտահայտված է: Ես չեմ տանի այդ ուղղությամբ և չեմ պնդի, որ գոյություն ունի կոնֆլիկտ, որն անհաղթահարելի է, գոյություն ունի որևէ իրավիճակ, որտեղ մենք ունենք  ճգնաժամ. նման բան գոյություն չունի: Բայց գոյություն ունի երկխոսություն, որի մեջ կարող են լինել անհամաձայնություններ, և սա շատ նորմալ, բնականոն իրավիճակ է երկու միավորների միջև հարաբերություններում: Եվ նորից եմ կրկնում, սա կարող եք տարածել յուրաքանչյուր ուղղությամբ:

Վահե Մակարյան, Հրապարակ օրաթերթ. Պարո՛ն Նախարար, մի քանի հարց ունեմ, բայց մի մասը, եթե հնարավորություն լինի կպահեմ դրանք։ Շարունակելով Արցախի թեման՝ ուզում էի հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սրան Դուք դիվանագիտորեն ինչպե՞ս եք վերաբերվում, արդյո՞ք դա կարող է դիվանագիտական առումով որևէ կերպով ազդել Արցախյան հարցի կարգավորման գործնթացի վրա։
Երկրորդ՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովի և մասնակցության մասով հարցնեմ. Վլադիմիր Պուտինի այցը հաստատվա՞ծ է, թե ոչ։ Եվ եթե նա այցելի Հայաստան և ցանկություն հայտնի այցելել, տեսակցել նաև կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, ում հետ ունի մտերիմ հարաբերություններ, այս երևույթը դիվանագիտական առումով Դուք ինչպե՞ս կընկալեք և արդյո՞ք սա կարող է դիվանագիտորեն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
Եվ մի հարց էլ Սիրիայի և Իրանի հետ կապված եմ ուզում հարցնել. դուք երկար խոսեցիք, թե ինչու ենք զորք ուղարկել Սիրիա, հայ-ռուսական հարաբերությունների մասին և այլն։ Կարող եք ասել, թե ինչու Հայաստանը որոշեց հենց Ձեր նշած թավշյա հեղափոխությունից հետո Սիրիա զորք ուղարկել, քանի որ սա շատ է քննարկվում կամ շահարկվում այդ համատեքստում, որ մենք փորձել ենք դա անել ռուսներին հաճոյանալու համար, ինչը ծանր է տարել, այսպես ասած, Ամերիկան և արևմուտքը։ Ուստի մեկ այլ տեսակետ էլ կա, որպես հարց նաև ասեմ։ Մենք Ամերիկայի՝ Իրանի այս կիրառած պատժամիջոցներին արդյո՞ք մասնակցում ենք, թե ոչ, քանզի տեսակետ կա, որ մենք որոշ չափով ամեն դեպքում մտնում ենք այդ դաշտ, հատկապես, բալանսավորելու նաև այս հարաբերությունները, որ մենք Ռուսաստանի համար Սիրիա զորք ուղարկեցինք, հիմա էլ մի փոքր ընդառաջ գնանք Ամերիկային մի քանի հարցով։ Այս տրամաբանության կոնտեքստում…

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի՝ օգոստոսի 5-ի ելույթին, վստահ եմ, որ այստեղ պետք է հղում կատարեմ մեր՝ Արտաքին գործերի նախարարության այդ առնչությամբ արված հայտարարությանն օգոստոսի 6-ին, թե ինչպես է դա ընկալվում, թե ինչպես է դա ներառվում մեր մոտեցումներում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում։ Նորից ուզում եմ կրկնեմ՝ շատ մեծ նշանակություն ունի կոնտեքստը և նպատակն այդ ելույթի, ինչպես նաև կոնտեքստը և նպատակը վարչապետի շեշտադրումների։ Վարչապետը շատ ընդարձակ խոսել է համահայկականության մեր գերակա խնդիրների մասին և շատ ընդարձակ խոսել է համերաշխության, միասնականության և զարգացման մեր համահայկական, համազգային նպատակների մասին։ Միաժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործնթացի մասին՝ շատ հստակ արտահայտել է իր մոտեցումներն այն հատվածում, որ ձևակերպված են որպես «կոնսենսուս համար վեց»։ Եվ այդ մասում ինքը վերահաստատել է բոլոր այն սկզբունքային մոտեցումները, որոնք արտահայտված են Հայաստանի կողմից նաև Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի առումով: Մենք դրան անդրադարձել ենք նաև ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունում։ Մեզ համար, նորից կրկնեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ բնույթն այընտրանք չունի, և մենք շարունակելու ենք բոլոր մեր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ։ Որպեսզի չընդարձակվեմ, վստահ եմ, որ բազմիցս կրկնել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները և գերակայությունները, վերջին անգամ նորից հղում կարող եմ կատարել վարչապետի և իմ ելույթներին դեսպանահավաքի ժամանակ, բայց կարծես շատ հստակ է այդ կայուն մոտեցումը, որը մենք արտահայտել ենք այս մեկ տարվա ընթացքում։ Այդ առումով էլ կա մեր համահայկականության գերակայությունը, կա համերաշխություն և միասնություն ինչպես ազգային զարգացման օրակարգի առումով, այնպես էլ կա գերակայությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում:

Վերադառնալով Ձեր երկրորդ հարցին՝ նորից կրկնեմ՝ մենք նախապատրաստվում ենք հոկտեմբերի 1-ի գագաթաժողովին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Սա մեր բոլորիս միասնական որոշումն է, և սա միջպետական հարաբերություններ են. ներկա կոնտեքստում դա պետությունների հավաքական ձգտումն է՝ միասին աշխատելու մեկ միավորի մեջ՝ ԵԱՏՄ ինտեգրության գործնթացները խորացնելու նպատակով։ Մենք օգտվում ենք դրանից և սպասում ենք, նախապատրաստվում ենք, մեր հանձնառությունն է հոկտեմբերի 1-ին անցկացնել գագաթաժողովը: Մենք սպասում ենք մեր բոլոր գործընկեր պետությունների ղեկավարներին։ Մենք ունենք հաստատումներ, մենք չունենք որևէ իրավիճակ, որն ինչ-որ մի արտառոց իրավիճակ է ստեղծել հոկտեմբերի 1-ի գագաթաժողովի նախապատրաստման առումով։ Բնականոն գնում է նախապատրաստումը։ Ունենք մեկ ամսից մի փոքր քիչ ժամանակ, և հիմա ամենաակտիվ շրջանն է, երբ որ արդեն սկսում են բոլոր մեխանիզմներն աշխատել՝ արարողակարգայինից մինչև բովանդակային, որպեսզի լավագույնս անցկացնենք այն։ 

Ձեր երկրորդ հարցին անդրանդառնալով և դրա երկրորդ մասի առումով՝ այդ «եթե» կոնտեքստն ինձ բնականաբար որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու։ Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին և վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ, շատ լավ գագաթաժողով, և վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն այս գագաթնաժողովից միայն շահելու են, խորանալու են և ամրապնդվելու են։ Մեր մոտեցումը և մեր նպատակը դա է։ 

Նորից եմ կրկնում, միջպետական հարաբերություններում Հայաստանի և Ռուսաստանի միջև մենք ունենք շատ հստակ ձևավորված օրակարգ և երկու կողմերի հստակ ցանկությունը՝ խորացնելու և ամրապնդելու մեր հարաբերությունները։
Ինչ վերաբերում է Սիրիային։ Սիրիայի մասով Ձեր ձևակերպած հարցն ինձ համար որոշ չափով հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնք մենք պնդում ենք և վերջին անգամ արտահայտել ենք  մեր դեսպանահավաքի ժամանակ։ Մեր մոտեցումները հիմնվում են մեր ինքնիշխանության և մեր ազգային շահերի վրա։ Մենք չենք հաճոյանում որևէ մեկին և չենք անում որևէ գործառույթ, որը բխում է առաջին հերթին այլ պետության շահերից։ Ձեր այս հարցադրումը և մեր մոտեցումը որոշ չափով միմյանց հետ կոնֆլիկտի մեջ են, այն առումով, որ մեր հաշվարկը հիմնվում է առաջին հերթին ազգային շահի վրա։ Հաշվարկելով ազգային շահը, բնականաբար, այդ հաշվարկը նկատի ունի հետևյալը. որքանով իրատեսական է առաջ տանել այդ ազգային շահը՝ պահպանելով, համադրելով դա իրողությունների հետ։ Եվ մենք այսօր իրականացնում ենք հումանիտար առաքելություն Սիրիայում՝ ելնելով այն նպատակներից, որը հռչակել ենք։ Սա մեր ազգային շահն է։ Իրականացնելով դա՝ մենք նաև ունենք իրողություններ, որոնք պետք է հաշվի առնենք և մտնենք երկխոսության մեջ մեր մյուս գործընկերների հետ։ Սա է կիրառական նշանակությունը մեր աշխատանքի՝ ապահովելու մեր ազգային շահի իրականացումը այնպես, որպեսզի մենք կարողանանք դա բացատրելի և պաշտպանելի դարձնել։ Բայց ոչ թե հաճոյանալ կամ չհաճոյանալ։ Այդ առումով նաև նորից վերադառնալով Ձեր երկրորդ հարցին՝ իսկապես, շատ օգտակար էր, շատ բազմաթիվ շերտեր ունի։ Նաև Դուք անդրադարձաք Իրանին և Միացյալ Նահանգներին Ձեր հարցում։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այսօր ունեն կոնտեքստ և իրողություն։ Գոյություն ունի նաև սանկցիաների կոնտեքստը, և հարցը՝ ո՞ր սանկցիաների մասին է խոսքը։ Կան անվտանգության խորհրդի պատժամիջոցներ, կան Միացյալ Նահանգների կողմից հայտարարված պատժամիջոցներ, կան տարբեր այլ զարգացումներ, որոնք վերաբերում են մյուս մեր գործընկերներին՝ Եվրամիությանը և անդամ պետություններին՝ Եվրամիության, Ռուսաստանին, և այլն, և այլն։ Ասյտեղ նորից կրկնեմ, մեր հիմնական գործառույթն է հստակ տեսնել մեր ազգային շահն այս առումով և համադրել դա իրողությունների հետ։ Բնականաբար, մենք չենք կարող արհամարհել որոշ իրողություններ, մեզ համար շատ էական նշանակություն ունեն Իրանի հետ հարաբերությունները, հարաբերությունները մեր անմիջական հարևանի հետ, ինչպես ասացի, թե տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում, թե նաև մեր ազգային անվտանգության կոնտեքստում, ճանապարհների, էներգետիկայի, առևտրատնտեսական, մարդկային կոնտեքստում: Ի վերջո Իրանի հետ մենք ունենք հարաբերություններ, որոնք մեկ օրում չենք կառուցել, և մենք ունենք նաև մեր ներկայությունը, բավական խորը ներկայությունը Իրանում։ Սա իրողություն է։ Եվ սա ձևավորում է Իրանի հետ հարաբերությունները ունենալու մեր գերակայությունը։ Միևնույն ժամանակ մենք ունենք մեր գերակայությունը հարաբերություններ ունենալու Միացյալ Նահանգների հետ։ Այս ձևավորված գերակայությունը նույնպես տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում և նույնպես մեր ազգային զարգացման, ազգային անվտանգության կոնտեքստում է։ Իհարկե, սա մարտահրավեր է մեր արտաքին քաղաքականության համար։ Մարտահրավեր է, որպեսզի մենք կարողանանք գործել այնպես, որպեսզի նվազեցնենք այն վտանգները մեր ազգային շահերին, որոնք բխում են այս իրողություններից։ Եվ բնականաբար մենք շատ խորքային երկխոսության մեջ ենք։ Մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ և Միացյալ Նահանգների, և Իրանի հետ։ 

Շարունակությունը՝ մաս 2.

 

Տպել էջը