ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ

25 մայիսի, 2018

Հարց. Պարո՛ն արտգործնախարար, Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը գործնականում հնարավոր համարո՞ւմ եք:

Զոհրաբ Մնացականյան. Ես կսահմանափակվեմ նշելով, որ մեր ներկայիս գերագույն նպատակը վերներգրավելն է բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հարց. Թրամփը, շնորհավորելով Ալիևին, նշել է, որ առաջիկա ամիսները կարող են խնդրի կարգավորման հարմար առիթ լինեն:

Զոհրաբ Մնացականյան. Բոլորիս հույսն է, որ կարգավորումը կլինի շատ շուտով, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները: Բնական է, մենք խոսում ենք փոխզիջման մասին, բայց դրա հիմքում, առաջին հերթին, դրված է մեր շահերի և նպատակների արտահայտությունը, կրկնեմ, հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Հարց. Միտումներ տեսնո՞ւմ եք:

Զոհրաբ Մնացականյան. Ինչպես նշեցի, ներկայիս կարևորագույն հարցը բանակցությունների դինամիկայի պահպանումն է: Դուք գիտեք, որ մենք մշտական շփումներ ունենք համանախագահների հետ, և նոր առիթներ են լինելու, այս շաբաթ էլ է եղել, շաբաթավերջին ու հաջորդ շաբաթվա սկզբին էլ կլինեն: Մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ: Այլ շփումներ են լինելու: Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:

Հարց: Պարո՛ն նախարար, հնարավո՞ր է համանախագահների տարածաշրջանային այց, ինչպես նաև Մամեդյարովի հետ Ձեր մոտալուտ հանդիպումը:

Զոհրաբ Մնացականյան. Սա հնարավորության հարց չէ, սա բանակցությունների էությունն է:

Հարց. Այսինքն, առաջիկայում սպասվում է նման հանդիպում` Մամեդյարովի հետ Ձեր և Փաշինյան-Ալիև հանդիպումներ:

Զոհրաբ Մնացականյան. Սա բանակցությունների ձևաչափում տեղավորվող գործընթաց է:

Հարց. Իսկ կարո՞ղ եք ժամկետներ նշել, պարո՛ն նախարար:

Զոհրաբ Մնացականյան. Դեռ ոչ:

Հարց. Իսկ Փաշինյան-Ալիև հանդիպում կա՞ օրակարգում:

Զոհրաբ Մնացականյան. Դեռ ոչ:

Հարց. Պարո՛ն նախարար, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին մտադի՞ր եք նոր զարկ տալ: Դուք հայտնի եք նրանով, որ մեծ ջանքեր գործադրեցիք այդ փաստաթղթի...

Զոհրաբ Մնացականյան. Մենք արդեն գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել: Կարևորությունը ներկայումս տրվում է այդ փաստաթղթի դրույթների իրականացմանը: Հունիսի 1-ից մենք անցնում ենք արդեն, այսպես կոչված, ժամանակավոր կիրառման, որն արդեն հնարավորություն է տալիս մեզ սկսել իրագործել այդ փաստաթուղթը, սկսել կյանքի կոչել և հնարավորինս ստեղծել այդ պայմանագրի կիրառական արտահայտությունը:

Տպել էջը