ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

23 մայիսի, 2018

Կարեն Բեքարյան. Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Շնորհավորում ենք, պարո՛ն Մնացականյան: Հարցս հետևյալն է. եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Ի՞նչն էի ցանկանում ճշտել, հնարավորության սահմաններում. կա՞ արդեն հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա՞ ենք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է: Երկրորդը կապված է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր մասով, թե՛, որքանով տեղեկացված եք, նույն Ադրբեջանի մասով: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Այո՛, իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն։ Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը` շարունակելու խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով` մեր կողմից: Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը: Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս կունենանք այդ հնարավորությունը՝ հանդիպելու, ամբողջ գործընթացը, այսպես ասած, վերականգնելու: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ. արդեն կապի մեջ ենք իրենց հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը:

Ինչպես նշեցի, ինչ վերաբերում է դիրքորոշմանը, մեր դիրքորոշման շարունակականությունը նույնպես արտահայտվել է: Դրա հիմքում, ես կարող եմ նորից վերահաստատել, առաջնային, ամենակարևոր սկզբունքը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ գործընթացի երաշխավորումն է, ապահովումը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առումով մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ չունենանք որևէ զարգացում, որը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա, մթնոլորտը փչացնելու վրա, որևէ իրավիճակ, որը կարող է բերել էսկալացիայի. լինի դա էսկալացիա անմիջապես տեղում կամ որևէ դիվանագիտական հարթակում, այն բարդացնելու է գործընթացը: Հորդորում ենք խուսափել նման իրավիճակներից և բնականոն ձևով վերականգնել մեր բանակցային գործընթացը: Շնորհակալություն:

Կարեն Բեքարյան. Շնորհակալ եմ շատ, պարո՛ն Մնացականյան: Եվ հարցի երկրորդ մասը: Վերջին մի քանի օրերի ընթացքում բավական մեծ ակտիվացում ենք նկատում՝ Ադրբեջանի նախագահի այց Նախիջևան, Նախիջևանում հավաք, զրույց, ինչպես միշտ, ոչ շատ լավ հռետորաբանությամբ: Մինչ այդ առիթ ունեցաք Դուք էլ պաշտպանության նախարարի հետ լինել այնտեղ: Մենք այնտեղ ինչ-որ արտասովոր բա՞ն ենք նկատում պրոցեսում, թե՞ սա պետք է դիտարկել ընդհանուր մշտական գործող հռետորաբանության ներքո, ինչն առկա էր բավական երկար ժամանակ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Իրապես, այդ այցը նպատակ ուներ, եթե ուզում եք այդպես ասենք, կանխարգելել և ազդակ փոխանցել, որ մենք շատ ուշադիր ենք և շատ մեծ կարևորություն ենք տալիս` բացառելու որևէ զարգացում, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Հուսով եմ, որ որևէ ուրիշ զարգացում չենք ունենա: Բայց մեր կողմից մեծ կարևորություն է տրվում հենց այդ նպատակին ևս՝ բացառել որևէ նման զարգացում, որևէ էսկալացիա: Դա դրական որևէ դեր չի ունենալու բանակցային գործընթացում:
 

Տպել էջը