ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 2
30 օգոստոսի, 2026Օգոստոսի 30-ին, Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեակավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Մաս 1-ը հասանելի է հետևյալ հղումով:
Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, Կառավարության ծրագրի մեխը խաղաղությունն է, որը, ինչպես մենք ենք ասում, հաստատվել է, և պետք է արդեն դրանից բխող գործողություններ անենք։ Ընդդիմախոսներն ասում են, որ դուք, մեղմ ասած, շտապում եք, որովհետև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, բայց ստորագրվելու ուղղությամբ ոչ մի քայլ չկա արդեն մեկ տարուց ավել։ Խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին․ առարկայական որևէ փոփոխություն չկա սահմանը բացելու վերաբերյալ։ Ասում են՝ սահմանազատման գործընթացը կանգնած է, ոչ մի տեղ չի իրականացվում։ Ասում են՝ իրական խաղաղություն չկա դեռևս, որովհետև պայմանագիրն ու սահմանազատումը սառեցված են, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար նույնպես տեղի չունեցավ։ Սրանք ազդակներ են, չէ՞։
Արարատ Միրզոյան․ Մեծ ցանկություն է պետք` չտեսնելու, որ խաղաղությունը կա, մե՛ծ ցանկություն։ Ամենատարրական բնորոշումից սկսենք․ ուրախությամբ արձանագրում ենք (ես չգիտեմ՝ Հայաստանում կա որևէ մարդ, որն այս փաստին ուրախությամբ չի վերաբերվում), որ սահմանին կրակոցներ, վիրավորումներ, զոհեր չկան: Սա արդեն ամենակարևոր պայմանն է։ Մյուսը՝ Ադրբեջանը բացել է իր տարածքը Հայաստան փոխադրումների համար․ մենք ստացել ենք ցորեն, վառելիք և այլ ապրանքներ, և այս շրջանառությունն աճի միտում ունի: Սա պատերազմող երկրների միջև տեղի չի ունենում։ Հաջորդը՝ Ադրբեջանը և Հայաստանը սկսել են երկկողմ առևտուր։ Մենք ոչ միայն Ղազախստանից կամ Ռուսաստանից ապրանք ենք գնում և Ադրբեջանի տարածքով, տարանցմամբ բերում ենք, այլև Ադրբեջանից ապրանք ենք գնում, օրինակ՝ մեր ընկերություններն ադրբեջանական ընկերություններից վառելիք են ձեռք բերում։
Պետրոս Ղազարյան. Բայց դա երկկողմ առևտուր չէ․ առայժմ միայն մենք ենք գնում։
Արարատ Միրզոյան։ Հիմա ես Ձեզ ասում եմ՝ մի քանի օրվա ընթացքում դուք կիմանաք, որ Ադրբեջանի ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրաններ գնեցին․ դարձա՞վ երկկողմ։ Այստեղ մի փոքր բառախաղի հարց կա․ երբ երկու կողմերն են իրար ապրանք վաճառում, այսպես թե այնպես առևտուրը երկկողմ է, բայց հիմա կլինի լիարժեք առք և վաճառք՝ երկու կողմերից։
Սահմանազատումը սկսվել է, Ձեր ակնարկած՝ ենթադրում եմ Կիրանցում իրադարձություններին հաջորդած սահմանազատումից հետո հանձնաժողովներն աշխատել են, համաձայնեցրել են փաստաթղթեր։ Գալու է, կարծում եմ, մի պահ, մի փուլ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կդառնա տեխնիկական գործընթաց։ Երբ համաձայնեցված են քարտեզները, երբ համաձայնեցված է սահմանազատման ողջ ընթացակարգը՝ ներառյալ ուղեցույցներն ու փաստաթղթերը, հետագա սահմանազատումը գետնի վրա տեղի է ունենալու ոչ թե հանձնաժողովների ղեկավարների, փոխվարչապետների մակարդակով, այլ մասնագետների կողմից։ Վերջիններս գալու են և ասելու՝ մեզ տրվել է այս փաստաթուղթը, քաղաքական մարդիկ համաձայնեցրել են, և հիմա այս փաստաթղթի հիման վրա կարգավորումն այսպես է։
Պետրոս Ղազարյան. Այդ դեպքում ինչո՞ւ չկա գործընթացը։
Արարատ Միրզոյան․ Ես չեմ ուզում իրականությունը հալած կարագի կամ «իդիլիայի» պես ներկայացնել։ Գործընթացը տեղի կունենա, դժվար փուլն անցած է, ուղեցույցների, փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը համաձայնեցված։
Մի փաստաթուղթ՝ ամենաֆունդամենտալը՝ կանոնակարգը, որտեղ նշվում է Ալմա-Աթան, և հղում է արվում համապատասխան փաստաթղթերին, ՀՀ Ազգային ժողովում և Ադրբեջանում՝ սեփական ընթացակարգի հիման վրա, վավերացված է։ Ես ուզում եմ այստեղ ևս լավատեսություն հաղորդել։
Պետրոս Ղազարյան. Եթե Ադրբեջանն իր տարածքը բացել է բեռների համար, բեռները գալիս-գնում են, սահմանին զոհեր չկան և այլն, տրամաբանական շարունակությունը պետք է լինի խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը․ ինչո՞ւ չկա։
Արարատ Միրզոյան․ Իրոք չկա․ մենք ասում ենք, որ հաստատված, գործող խաղաղությունն ինստիտուցիոնալացման խնդիր ունի։ Շատ բաներ կարող ենք թվարկել, բայց առաջին բանն, իհարկե, նախաստորագրված պայմանագրի ստորագրումն է։ Մեր կարծիքն այն է, որ մենք կարող ենք մի վայրկյան հետո ստորագրել պայմանագիրը (այն նախաստորագրված է, այն, ինչը կողմերն անհրաժեշտ են գտել, գրել և համաձայնեցրել են) և անցնել առաջ։ Ադրբեջանը բարձրացնում է որոշակի մտահոգություններ՝ Սահմանադրության հետ կապված։ Մենք կարծում ենք, որ այդ մտահոգություններն իրականում հասցեագրված են հենց պայմանագրի տեքստում: Այստեղ համաձայնություն չունենք: Ցանկացած հարցում, ցանկացած երկու երկիր խնդիրների որևէ խումբ քննարկելիս կարող են համաձայնել կամ չհամաձայնել։ Ես դրան էլ եմ նորմալ վերաբերվում, որովհետև որևէ հարաբերություններում կարող են լինել հարցեր, որոնց 90 տոկոսը հասցեագրված է, մարդիկ համագործակցում են, համաձայնություն ունեն և կան առանձին հարցեր, որտեղ կողմերը համաձայնություն չունեն։ Շատ նորմալ է: Լավ կլիներ՝ իրենք էլ համաձայնեին, որ այդ մտահոգությունները հասցեագրված են պայմանագրում, ստորագրեինք և անցնեինք առաջ: Բայց ունենք իրավիճակ, որտեղ դա արված չէ: Մենք պետք է աշխատենք խաղաղության ինստիտուցիոնալացման՝ պայմանագրի ստորագրման ուղղությամբ և հետո կգան այլ փաստաթղթեր՝ բնորոշ երկու երկրների միջև նոր ձևավորվող հարաբերություններին վերաբերող այլ փաստաթղթերի մշակման գործընթացին։ Բայց կա այն իրավիճակը, որը կա: Մենք ունենք իրական, գործող, աշխատող խաղաղություն։ Ավելին՝ մենք ունենք համագործակցություն, տնտեսական հարաբերություններ, բայց չունենք այդ պայմանագիրը։
Վերադառնալով ընդդիմադիրներին՝ ես, այնուամենայնիվ, չեմ ուզում մեղմասացություն անել: Ուզում եմ ասել, որ, կարծում եմ՝ մարդիկ չեն ուզում՝ այդ խաղաղությունը լինի։ Նրանք չեն ուզում տեսնել խաղաղությունը։ Այդ ընդդիմադիրները, որոնք քննադատում են խաղաղության գործընթացը և ասում՝ չկա խաղաղություն, ուզում են, որ խաղաղություն չլինի, ուզում են, որ Հայաստանը ներքաշվի նոր հակամարտության, նոր պատերազմի մեջ, լինեն նոր զոհեր, ամեն ինչ լինի ավելի վատ, և իրենք կարողանան ասել, որ այս իշխանությունները խաղաղություն չեն բերում։ Մեկ այլ շերտ էլ կա․ նրանք ուզում են՝ Հայաստանը հայտնվի նոր խոցելիությունների մեջ և «փրկիչը» գա․ այդ մարդիկ ուղղակիորեն սպասարկում են օտար պետության շահերը, և այստեղ ևս պետք չէ մեղմասացություն անել։
Պետրոս Ղազարյան. Կառավարության ծրագրի մեջ Եվրամիության հետ հարաբերությունները նկարագրված են որպես ռազմավարական, և խոսվում է անդամակցության թեկնածության համար դիմելու մասին։ Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ Դուք, լինելով նաև քաղաքական ուժի ներկայացուցիչ…
Արարատ Միրզոյան. Այո, քաղաքական ուժի նախընտրական ցուցակի երկրորդ համարն եմ:
Պետրոս Ղազարյան. Այո՛, ինչպե՞ս եք Ազգային ժողովում Եվրաինտեգրման հանձնաժողովը, որը պետք է շատ աշխատանք կատարի, այն պայմաններում, երբ եվրաինտեգրումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, տալիս այն ուժին, որը դեմ է եվրաինտեգրմանը և անում է այն ամենը, ինչը Դուք հենց նոր նկարագրեցիք: ։
Արարատ Միրզոյան․ Դուք գիտեք, որ կա Դոնթի հայտնի բանաձևը․ կախված ուժերի հարաբերակցությունից՝ խորհրդարանում մեծամասնություն ստացած ուժը կամ ամենաշատ ձայներ ստացած ուժը վերցնում է այն, ինչքան իրեն հասանելի է։ Հետո հաջորդաբար մյուս ուժը, այն մյուս ուժն է նախընտրություն հայտնում, հետո կրկին մեծամասնություն ստացած ուժը և այդպես ձևավորվում է բաշխումը: Սա նաև խորհրդարանական ֆրակցիաների բանակցությունների տիրույթում է։ Ես կարծում եմ՝ հարցն ավելի շատ պետք է ուղղել մեր խորհրդարանական գործընկերներին, բայց ոչ մի արհավիրք չեմ տեսնում նրանում, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարվի ընդդիմության կողմից։ Մենք ժողովրդավարության մասին ենք խոսում։ Չե՞նք հավատում ժողովրդավարությանը։ Մենք ժողովրդավարություն ենք կառուցում, ժողովրդավարության մեխանիզմներն ենք կատարելագործում, և հիմա ասե՞նք, թե ընդդիմությունը չի կարող Ազգային ժողովի Եվրաինտեգրման կամ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը գլխավորել։ Ֆինանսաբյուջետական հարցերը ռազմավարական նշանակություն չունե՞ն:
Պետրոս Ղազարյան. Այդ դեպքում թող գան և ղեկավարեն ֆինանասաբյուջետային հանձնաժողովը, բայց Եվրաինտեգրման հանձնաժողովը ռազմավարական նշանակություն ունի, իսկ իրենք դեմ են դրան։
Արարատ Միրզոյան․ Իսկ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ռազմավարական նշանակություն չունի՞։ Դեմ են, բայց, որքան էլ նախագահն ընդդիմությունից է, այդ հանձնաժողովում մեծամասնությունը ՔՊ պատգամավորներն են, չէ՞:
Պետրոս Ղազարյան. Ի՞նչ փուլում է ԹՐԻՓՓ-ը, ո՞ւր ենք հասել։
Արարատ Միրզոյան․ ԹՐԻՓՓ-ի պայմանագիրը ստորագրեցինք ես և Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Դա տեղի ունեցավ ընդամենը երկուսուկեսից երեք ամիս առաջ։ Այնուհետև պայմանագիրը սահմանված ընթացակարգով մեր կողմում ստացել է համապատասխան ընթացք։ Հիմա ձևավորվում է Սահմանադրական դատարանի եզրակացությունը, որից հետո այն կգնա Ազգային ժողով՝ վավերացման գործընթացն ավարտելու համար։ Սրան զուգահեռ, այնուամենայնիվ, փաստաթղթային փուլում դեռ առնվազն երկու փաստաթուղթ կա, որոնց շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, առաջիկայում կվերջնականացնենք: Դրանք են «TRIPP Development Company»-ի հիմնադրման հետ կապված փաստաթղթերը՝ ընկերության կանոնադրությունը, բաժնետերերի համաձայնությունը և այլն, առաջիկայում կվերջնականացնենք դրանք։ Սրանք ավարտելուց հետո կկարողանանք ասել, որ փաստաթղթային փուլն ավարտեցինք։ Զուգահեռաբար գետնի վրա տեղի են ունենում մասնագիտական անհրաժեշտ ուսումնասիրություններ։
Պետրոս Ղազարյան. Հիմա տեղի՞ են ունենում այդ ուսումնասիրությունները։
Արարատ Միրզոյան․ Մի փուլ արդեն տեղի է ունեցել՝ նախնականը, մյուսն ընթանում է։ Ամեն ինչ, եթե ոչ ենթադրելի ժամանակացույցով, ապա նույնիսկ, կարող եմ ասել, ենթադրելի ժամանակացույցից առաջանցիկ տեմպերով է ընթանում։ Սա բխում է և՛ մեր, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ադրբեջանի շահերից։ Բոլոր շահագրգիռ կողմերը՝ Լիսաբոնից մինչև Պեկին, ուզում են դա տեսնել օր առաջ արագ գործող և մեր գնահատականով՝ բոլոր հնարավոր մարդիկ, որոնք դեր ունեն այս գործընթացում, անում են ամեն ինչ շատ հետևողականորեն և արագացված ընթացակարգերով։ Մի փոքր դժվար կլինի ասելը՝ երբ կտեսնենք գետնի վրա շինարարություն, երբ կգնա առաջին գնացքը, բայց մենք հնչեցրել ենք ենթադրելի տարբեր ժամկետներ։ Ես կարծում եմ՝ եթե ոչ այս ուշ աշնանը, ապա հաջորդ գարնանը պետք է տեսնենք, որ շինարարությունը սկսվել է։
Մի կարևոր բան էլ կա․ երբ խոսում ենք ԹՐԻՓՓ-ից, բոլորս միանգամից ենթագիտակցորեն երկաթուղու մասին ենք պատկերացնում կամ արտահայտվում։ ԹՐԻՓՓ-ը ենթակառուցվածքների մի ամբողջ համալիր է։ Կարծում եմ՝ բոլոր շահագրգիռ կողմերը՝ հարևանները, մենք և Միացյալ Նահանգները, իրատեսական ենք համարում, որ էլեկտրագծերի և էլեկտրաէներգիայի տրանզիտի հարցը կարող է նույնիսկ առաջ անցնել երկաթուղուց։ Դա ենթադրելի է․ ամեն ինչ ավելի հեշտ է այդտեղ։
Պետրոս Ղազարյան. Խոսենք անկլավների մասին։ Հասկացա, որ դեռևս բանակցություններ չկան, դրանք պետք է քննարկել, բայց առարկայական քննարկումներ չկան։ Եթե առարկայական քննարկումներ չկան, ուրեմն՝ խաղի կանոններ դեռևս չկան․ ինչո՞ւ ենք մենք խոսում զիջումների մասին: Ես չեմ հիշում, որ Ադրբեջանում որևէ մեկը խոսի զիջումների մասին:
Արարատ Միրզոյան․ Խաղի կանոնները հենց կան։ Գիտե՞ք՝ ինչու չեք հիշում, որովհետև Ադրբեջանում երևի չկան այն ուժերը, որոնք շահարկում են և գործընթացները ծուռ ու թարս ներկայացնում՝ այն մտքով, որ այնտեղ անկառավարելի գործընթացներ առաջացնան։ Դուք ասում եք՝ դեռևս չկան խաղի կանոնները․ խաղի կանոնները հենց կան: Երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգում, որը քիչ առաջ հիշատակեցի և որը վավերացվել է Ազգային ժողովում, գրված է՝ ինչ հիմքով պետք է տեղի ունենան գործընթացները։ Այնտեղ գրված է, որ պետք է հիմնվել Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ալմա-Աթայով մենք ունենք շատ կոնկրետ X ուրվագիծ՝ քարտեզների մի համախումբ, որը համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին, և մենք ասել ենք՝ այդ քարտեզներով և այդ սկզբունքով պետք է լինի։ Խաղի կանոնը՝ սկզբունքն այնտեղ ֆիքսված է։ Մենք չենք կարող ասել՝ այդ սկզբունքն ընդունում ենք այս հատվածում, որովհետև մեզ ավելի ձեռնտու է, իսկ սահմանի մյուս հատվածում կամ որևէ անկլավի դեպքում այդ սկզբունքը չենք ընդունում։ Այդպես չի լինում․ դա ոչ միայն «ձեռառնոց» է, այլև վտանգավոր է մեզ համար։ Այդ դեպքում Ադրբեջանն էլ կարող է ասել՝ հարգելինե՛ր, այն սկզբունքը, որ ֆիքսել ենք Ալմա-Աթայով, հյուսիսում ֆիքսում ենք, որովհետև մեզ շահավետ է (այնտեղ գյուղերի հարց կա), իսկ հարավում չենք ֆիքսում։ Այսինքն՝ մենք կարող ենք ստեղծել մի իրավիճակ, որտեղ մեր սահմանագծի որևէ հատված կասկածի տա՞կ է դրվում․ մենք մեծ ջանքերով ֆիքսել ենք, թե ինչի շուրջ ենք պայմանավորվում, իսկ հիմա մեր ձեռքով ուզում ենք դա կասկածի տա՞կ դնել։ Կարո՞ղ է պարզվել, որ մեր հարևաններն էլ նման իրավիճակում ասեն՝ շատ լավ ստացվեց․ եթե ուզում եք սա կասկածի տակ դնել, եկեք սա էլ կասկածի տակ դնենք։ Արդար կլինի, եթե նման բան ասեն։ Հետևաբար մենք ֆիքսել ենք այդ սկզբունքը և այդ սկզբունքով պետք է գծենք։
Ուրիշ հարց է, որ այդ սկզբունքով գծելուց հետո կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ, օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կամ, որևէ «X» և «Y» երկրներ ասեմ, որ զգայունությունը չլինի, ասեն գծեցինք, սա՛ է, հիմա եկեք օպտիմալացնենք։ Օրինակ՝ ես այստեղ ունեմ երկու կիլոմետր, դու՝ այստեղ․ գաղափար՝ եկեք քննարկենք՝ այդ երկու կիլոմետրը ես քեզ տամ, այդ երկու կիլոմետրը՝ դու ինձ։ Կարո՞ղ է քննարկվել նման գաղափար, կարող է: Կարո՞ղ են լինել նման լուծումներ։ Կարո՞ղ է լինել լուծում, երբ կողմերն ասեն՝ տարածքի քառակուսի մետրի առումով զրո փոփոխություն լինի, բայց սահմանագիծը որոշ հատվածներում օպտիմալացվի։
Բայց այդ լուծումներից առաջ պետք է գծել այն, ինչ կա։ Պետք է հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, հետո կարողանանք այդ թվաբանությունն անել, եթե կողմերն այդպես ավելի անհրաժեշտ գտնեն։ Կարող է լինել նման իրավիճակ։ Կարող է նաև լինել, որ ասենք՝ ո՛չ, որտեղ ինչպես կա, այդպես էլ թողնում ենք: Բայց դրանք հետագա բանակցություններին են վերաբերում։ Այո՛, այսօր այս խոսակցությունը, որը ներկայացրի, չի ընթանում: Մենք սկզբունքը և կանոնը՝ փաստաթղթերի հիմքն ենք ֆիքսել։ Մնացած քննարկումները հետագա փուլերում կլինեն։ Ասում եք՝ ե՞րբ է շարունակվելու․ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումը տասնհինգից քսան տարի է՝ ընթանում է։
Պետրոս Ղազարյան․ Բայց հարաբերությունները նույնը չեն․․․
Արարատ Միրզոյան․ Բայց հարաբերությունները խաղաղ են, բարեկամական են, գործընկերային են, ընկերական են…։ Վերցնում են հարցը, որքան հնարավոր է քաղաքականացնում են՝ հաշվի առնելով նաև, որ կան հիմնավոր զգայունություններ, թարմ վերքեր, նոր ավարտված պատերազմ։ Դա հասկանալի է, բայց այդ ամենն ուռճացնում են, շուռ են տալիս և ներկայացնում են, որպեսզի խուճապի և անհանգստության զգացողություն լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ։ Նորի՛ց եմ ասում՝ ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավելի վստահություն ունենալ ապագայի նկատմամբ, ավելի վստահություն ունենալ այն բաների նկատմամբ, որոնք իրենք տեսնում են՝ խաղաղությունը և զարգացումը:
Պետրոս Ղազարյան․ Հայաստանի օրակարգում կա՞ մոտագա ապագայում Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալու համար դիմելը:
Արարատ Միրզոյան․ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այն պահին, երբ Հայաստանի օրակարգում հայտնվի կոնկրետ դիմում հանձնելու քայլը, ըստ քայլերի, օրինակ՝ վիզաների ազատականացումն ունեցանք կամ որևէ ոլորտում ստանդարտների ամբողջական համապատասխանեցումն ունեցանք, և երբ մեր ինտեգրացիան՝ անդամակցության այն գործընթացը, որն արդեն ընդունված օրենքով իրականացնում ենք, հասնի այն փուլին, երբ պետք է արդեն պաշտոնական այդ թուղթը գրել, ստորագրել և դիմել Եվրամիությանը, այդ պահին ես Ձեզ կտեղեկացնեմ։ Բայց այնտեղ դեռ այնքան քայլեր ունենք անելու։
Հարց․ Այսինքն՝ դա մոտ ապագայի խնդիր չէ՞։
Արարատ Միրզոյան․ Առաջիկա շաբաթվա ընթացքում ես այդպիսի բան չեմ կանխատեսում։
Պետրոս Ղազարյան․ Իսկ եկող տարի որտե՞ղ է լինելու դեսպանահավաքը։
Արարատ Միրզոյան․ Կմտածենք, Ձեզ կրկին կհրավիրենք։
Պետրոս Ղազարյան․ Շնորհակալություն։
Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ։
Պետրոս Ղազարյան․ Սիրելի՛ հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կհանդիպենք։ Ցտեսությո՛ւն։