ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 1

30 օգոստոսի, 2026

Օգոստոսի 30-ին, Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեակավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

Պետրոս Ղազարյան. Բարի՛ երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ։ Մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին: Հայաստանում տեղի է ունենում հերթական դեսպանահավաքը, այն Գյումրիում է, և, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, այսօր նույնպես գտնվում ենք Գյումրիում և զրուցելու ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բարի՛ երեկո, պարո՛ն Միրզոյան։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ 

Այս դեսպանահավաքը Գյումրիում է։ Դուք այցելել եք, եթե չեմ սխալվում, «Ախուրիկ» կայարան և նաև «Մարգարա» անցակետ․ ինչո՞վ են պայմանավորված այդ այցերը և ինչո՞ւ հենց Գյումրիում։

Արարատ Միրզոյան․ Բարև՛ ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Իսկապես լավ ավանդույթ ենք ձևավորում, երբ ամեն դեսպանահավաքի կամ, ինչպես պաշտոնական անվանումն է, ԱԳՆ ղեկավար անձնակազմի և օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովից հետո կարողանում ենք ամփոփել աշխատանքները, բայց նաև խոսել ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներից։

Գիտեք՝ մեկ-երկու բան կար Ձեր հարցադրման մեջ, որոնց մասին ուզում եմ խոսել։ Ասացիք՝ հերթական դեսպանահավաք, բայց, որքան էլ հերթական էր այս դեսպանահավաքը, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություններ կան, որոնք մի փոքր ավելի արտասովոր և ոչ այդքան հերթական են դարձնում այս դեսպանահավաքը: Նախ՝ այս աշխատաժողովը տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից հետո։ Հետևաբար, եթե մենք անցած, նախանցած տարիներին  ամփոփում էինք մեկ տարվա և պլանավորում հաջորդ մեկ տարվա աշխատանքները, ապա հասկանալիորեն խորհրդարանական ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո դեսպանահավաքը մի փոքր ավելի երկարաժամկետ պլանավորման առիթ է տալիս։ Իհարկե, քանի որ քաղաքական նույն ուժն է շարունակում երկրի կառավարումը, արտաքին քաղաքականությունը կունենա իր շարունակականությունը՝ որոշակի հղկումներով, որոշակի սրբագրումներով․ եթե շատ կարճ ասեմ, սա շատ լավ է մեր երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից։

Երկրորդ առանձնահատկությունը շատ ավելի ֆունդամենտալ նշանակություն ունի արտաքին գործերի նախարարության համար․ գիտեք՝ Ազգային ժողովն ընդունեց օրենք Կառավարության կառուցվածքի մասին, և հուսամ՝ Նախագահն առաջիկայում կստորագրի այս օրենքը։ Դրա համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Ինչպես կարող եք գլխի ընկնել, դա միայն անվանափոխություն չէ․ դրանից բխում են փոփոխություններ նախարարության առաքելության, մանդատի և ընթացիկ գործառույթների, ինչպես նաև որոշակի շեշտադրումներ մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ։

Նաև հարցի մյուս կոմպոնենտը՝ ինչո՞ւ Գյումրիում։ Եթե նկատել եք, մենք ամեն անգամ դեսպանահավաքն անցկացնում ենք որևէ մարզում, քաղաքում։ Մի անգամ այն անցկացրել ենք Տավուշում, և այդ ընթացքում մեր դիվանագետները հնարավորություն են ունեցել այցելելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատված հատվածը (կհիշեք՝ երկու-երեք տարի առաջ դա շատ տաք թեմա էր), տեսնել՝ ինչպես է այդ սամանազատումը եղել, տեսնել, որ խրամատներ չկան, և կան ուղղակի շրջող սահմանապահներ, տեսնել անմիջապես սահմանի հարևանությամբ կառուցվող բավականին ժամանակակից դպրոցը: Ես կարող եմ նույնիսկ ասել, որ մեր դեսպանները, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում տարբեր երկրներում, շատ տպավորված ու զարմացած էին, որ այդպիսի դպրոց կարող է լինել Հայաստանում, այն էլ՝ մարզում։

Մեկ ուրիշ անգամ Ջերմուկում ենք անցկացրել, երբ Ջերմուկի հետ կապված որոշակի իրավիճակ կար։ Սյունիքում նույնպես անցկացրել ենք, և մեր դեսպանները հնարավորություն են ունեցել տեսնելու ԹՐԻՓՓ-ի ենթադրյալ ենթակառուցվածքների տեղը, տեղանքը՝ երկաթգծի հողաթմբի, թունելների առկայությունը, ռելսի բացակայույթունը, և այլն, iնչպես նաև Սյունիքում ընթացող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները, թունելներն ու կամուրջները։ Սա շատ կարևոր է դիվանագետների համար՝ հայրենիքի հետ ոչ միայն մտավոր և հոգևոր կապը չկորցնելու, այլև գետնի վրա ընթացող փոփոխությունները ֆիզիկապես տեսնելու համար։

Այս անգամ մենք որոշեցինք մեր դեսպանահավաքն անցկացնել Գյումրիում։ Մինչև Գյումրի գալն ունեցանք, այսպես ասած, նախադեսպանահավաքյան զրույցներ՝ որոշակի տնտեսական ուղղությամբ։ Մեզ տարբեր բանախոսներ այցելեցին, որոշակի գիտելիքներ և տեղեկություններ հաղորդեցին։ Մեր դեսպանները նախ այցելեցին «Firebird», որպեսզի իրենք էլ իրենց աչքով տեսնեն, թե ինչի մասին է այդ մեծ ներդրումը և Հայաստանի առջև իսկապես մեծ հնարավորություններ բացող ծրագիրը։ Այցելեցինք «Մարգարա» անցակետ, որտեղ տեսանք սահմանապահ և մաքսային ծառայությունների՝ արդեն մեր կողմից կառուցված ենթակառուցվածքները, որպեսզի երբ սահմանը բացվի, պատրաստվածության աստիճան լինի։ Տեսանք սահմանը, տեսանք այն դարպասը, որը, ցավոք սրտի, այսօր դեռ փակ է շարունակում լինել, բայց, գիտեք՝ առանձին դիպվածներով և առանձին առիթներով այն բացվել է, երբ մենք օգնություն էինք ուղարկում Սիրիա երկրաշարժի ժամանակ կամ երբ մեր փրկարարները վերադարձան Թուրքիայից։ Բացի այդ նաև Լիբանան ուղարկեցինք հումանիտար օգնություն․ այդ ամբողջն անցել է հայ-թուրքական, ըստ էության, փակ սահմանով։

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում․ Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն։ Միջոցառումն այնքան լավ էր անցել, որ ոգևորություն էր առաջացել։ Թուրքական կողմի առաջարկով և, իհարկե, մեր ցանկությամբ (մենք հաճույքով համաձայնեցինք) շատ արագ պլանավորում ենք հաջորդ համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում հոկտեմբերի սկզբին։ Այս առիթով ևս մարդիկ այդ սահմանով են անցել։

Քանի որ այս թեման շոշափեցինք, ավելացնեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք կարծում ենք, որ մեր երկու երկրները պատրաստ են հայ-թուրքական սահմանն ամբողջ ֆունկցիոնալությամբ բացելուն: Սա պահանջված է և ժամանակի հրամայականն է։ 

Պետրոս Ղազարյան.  Պարո՛ն նախարար, երբ կառուցվածքային այս փոփոխությունը՝ միջազգային առևտրի կոմպոնենտը, մտավ, ընդդիմախոսներն սկսեցին ասել՝ լավ, անունը փոխվեց, բայց որպեսզի դա լավ աշխատի, անունը քիչ է, պետք են ռեսուրսներ, պետք է մարդիկ ավելանան, նրանց ռեսուրսները, մասնագիտական գիտելիքներն ու ունակություններն ավելանան, որովհետև միջազգային առևտուրը սովորական բան չէ, այն մասնագիտական լուրջ պատրաստվածություն, ինչպես նաև հսկայական ռեսուրսներ է պահանջում։ Ասում են՝ այդ ամենը չկա, բայց անվանափոխությունը կա։ Ավելանալու են արդյո՞ք, օրինակ, տնտեսական ատաշեները։ 

Արարատ Միրզոյան․ Եթե դա է ընդդիմախոսությունը, եթե դա է քննադատությունը, ես սիրով կարձագանքեմ ու կբացատրեմ իրավիճակը․ նախ՝ արտաքին շուկաները մեր գործարարների և բիզնեսների համար հասանելի դարձնելը, ըստ էության, միշտ եղել է արտաքին գործերի նախարարության մանդատի մեջ․ մենք աջակցել ենք այդ պրոցեսին՝ հայկական ապրանքների արտահանմանը։ Որևէ տեղում տնտեսական կամ բիզնես որևէ միջոցառում պետական մասնակցությամբ կազմակերպելու դեպքում (ես չեմ խոսում մասնավոր նախաձեռնությունների մասին, որոնք կարող են առանց մեր գիտության տեղի ունեցած լինել) կոմունիկացիան, էքսպոյում տաղավարի ապահովումը, հյուրերի ներգրավումը և բազմաթիվ այլ հարցեր այս գործընթացի հետ կապված, միևնույնն է, մեր դիվանագիտական ներկայացուցչության խողովակների  միջոցով են տեղի ունեցել։ Այնպես որ այս առումով ոլորտը բոլորովին նոր չէ դիվանագետների համար: Հասկանալիորեն Հայաստանի դիվանագետների պարտականությունն է նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելը՝ արտաքին շուկաների հասանելիության և ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Այո՛, այժմ այս շեշտադրմամբ այս գործառույթն իհարկե ավելի հետևողականորեն ու ավելի մեծ եռանդով պետք է իրականացնենք և ավելի մեծ ժամանակ ու ջանք տրամադրենք, ինչի հնարավորությունը, անկեղծ ասած, ունենք: Հայաստանն ավարտել է հակամարտային փուլը, թևակոխել խաղաղության ժամանակաշրջան, և այստեղ տրամաբանորեն ու բնականորեն Հայաստանը սկսել է ապաշրջափակման գործընթացը։ Հայաստանի առջև ծագում են տնտեսական բարգավաճման,  մարդկանց բարեկեցությունն ապահովելու նոր հնարավորություններ, և դիվանագետները չեն կարող անմասն մնալ սրանցից։ Ռեսուրսների կարիք, իհարկե, միշտ կա՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային։ 

Պետրոս Ղազարյան. Բայց ավելանալո՞ւ են։

Արարատ Միրզոյան․ Եթե այդպես եք ձևակերպում հարցը, ես կարող եմ շատ տեխնիկական գործընթաց նկարագրել: Կային գործընթացներ, որոնք, պայմանականորեն, Էկոնոմիկայի նախարարությունում էին, օրինակ՝ բիզնես ցուցադրություններին, տնտեսական էքսպոներին մասնակցությունը: Այդտեղ տվյալ նախարարություններն ունեին աջակցության որոշակի կարողություններ։ Եթե հիմա այդ գործառույթը, դիցո՛ւք, անցնում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը, ապա շատ տրամաբանական է, որ այդ ճշգրտումները և համապատասխանությունները նաև բյուջետային մակարդակում արվեն։ Ես վստահ եմ՝ կլինեն ռեսուրսային ավելացումներ։ Մարդկային ռեսուրսների առումով՝ դեռ նոր է այս փոփոխությունը, հետևաբար մեր գործընկեր գերատեսչությունների հետ կառուցողական մթնոլորտում կփորձենք հասկանալ։

Նշեցիք գիտելիքների պակասը․ անշուշտ սովորելու և վերականգնելու բաց կա, բայց դա բոլորիս համար ու բոլոր իրավիճակներում կարելի է ասել, և դա լավ է, նոր կարողություններ սովորելը վատ բան չէ։

Պետրոս Ղազարյան. Էական փոփոխություններից մեկը, որը նկատել եմ Կառավարության` 2021թ. ծրագրում, այն է, որ Ռուսաստանը նշվում էր որպես «ռազմավարական գործընկեր»։ 2026թ. նոր ծրագրում Ռուսաստանն այլևս ռազմավարական գործընկեր չէ, և անընդհատ խոսվում է հարաբերությունների վերափոխման մասին․ ա) ի՞նչ վերափոխման մասին է խոսքը («վերափոխում» բառը երկուսից երեք տեղերում նշվում է), և բ) արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանն այլևս մեր ռազմավարական գործընկերը չէ։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հարցի շուրջ ուշադրություն հրավիրելու համար։ Հուսամ՝ իմ պատասխանը բավարար և սպառիչ կլինի նրանց համար, ովքեր եթերում կնայեն մեր հարցազրույցը։ Ռուսաստանը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության համար իրավական, քաղաքական և տնտեսական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը․ մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, ինչը մեկ աստիճանով ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը: Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ-ում։ Մենք ԱՊՀ անդամ ենք։ Սառեցրել ենք ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը և չենք տեսնում վերջինիս մասնակցությունն ապասառեցնելու որևէ հեռանկար, բայց ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում։ Այնպես որ խուճապային կամ արհեստական որևէ թեմայի շրջանառության կարիք չկա։

Միաժամանակ ես չեմ ուզում թաքցնել (ըստ էության, հնարավոր էլ չէ), որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում որոշակի խնդիրներ են առաջացել. մենք դա տեսնում ենք մեդիա տարածքում, տեսնում ենք քաղաքական զանազան գործիչների հայտարարություններում, ինչպես նաև, պետք է խոստովանել, առավելապես ռուսաստանյան մեդիայում, ռուսաստանյան պաշտոնյաների կողմից և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում, ինչպիսին է օրինակ օրինակ՝ մեր գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի ներմուծման, մեր կողմից արտահանման սահմանափակումների մասով։ 

Սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունեն։ Ակնհայտ է, որ ունեն։ Կարծում ենք, որ ռուսաստանցի մեր գործընկերներն ավելի հարգանքով պետք է վերաբերվեն ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքին։ Ռուսաստանցի մեր գործընկերներն իզուր են փակել մեր ապրանքների մուտքը դեպի ռուսաստանյան շուկա․ մենք ԵԱՏՄ անդամ ենք, հետևաբար ունենք բոլոր իրավունքներն ու բոլոր պարտականությունները․ Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր պարտականություններն անթերի կերպով կատարել է։

Այլ իրավիճակ կլիներ, եթե, օրինակ, ասեին՝ ծաղիկի այս խմբաքանակը կամ թթվասերի այս խմբաքանակը լաբորատոր փորձաքննությամբ այսինչ արդյունքն է ցույց տվել։ Այստեղ կան ստանդարտի որոշակի հարցեր՝ տվյալ խմբաքանակն արգելելու համար։ Մինչդեռ ծիրանի բերքը դեռ չհավաքած՝ ծիրանի մուտքն արգելվեց: Սա առողջ չէ, սա, կարող եմ նույնիսկ ավելին ասել, ԵԱՏՄ կանոնների խախտում է։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոչ միայն Հայաստանը և Ռուսաստանը, այլև ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է հասկանան՝ այս իրավիճակի հետ ինչպես վարվել։ Ես կրկնում եմ՝ մեր պարտականություններն անթերի կերպով ենք կատարել, և լավ չէ, որ մեր իրավունքներն են խախտվել։

Բայց կարող եք նկատած լինել, սակայն, որ բոլորովին չենք ուզում է՛լ ավելի թեժացնել իրավիճակը, մտնել փոխադարձ հայտարարությունների և մեղադրանքների տիրույթ․ ինչպես հավատում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանը կապված են բարեկամական ամուր կապերով՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պատմության, մշակույթի, քաղաքական երկխոսության, տնտեսության և այլն, այնպես էլ համարում ենք, որ ապագայում էլ այդպես կլինի: Իրատեսական կամ Հայաստանի շահերից բխող որևէ վերլուծություն չի կարող ցույց տալ, թե Հայաստանը չպետք է ունենա այդ ջերմ կապերը Ռուսաստանի հետ։ Այնպես որ, մենք ոչ թե ուզում ենք թեժացնել այդ խոսակցությունը, կամ, կարելի է նույնիսկ ասել, «լեզվակռիվը», այլ ուզում ենք կառուցողական հունով, կառուցողական մթնոլորտում բարեկամաբար նստել և լուծել բոլոր հարցերը։ Բարեկամաբար, ընկերաբար, կառուցողական։ Կգործադրենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի այս խոսակցությունն այդ հունից դուրս չգա․ չունենք որևէ շահ՝ այդ հունից խոսակցությունը դուրս բերելու։

Պետրոս Ղազարյան. Պարտականությունները կատարելու մասով. օգոստոսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի ասուլիսն էր, ասում էր, որ Հայաստանը չի անում որևէ բան, և միշտ մեղադրում է Ռուսաստանին՝ բերելով 2022թ. սեպտեմբերյան օրինակը։ Ասում է՝ սահմանին լարվեց, և ՀԱՊԿ-ի քարտուղարը եկավ Երևան` ոչ թե Հարավային Կովկասի գեղեցիկ վայրերը նայելու, այլ Հայաստանին ռազմատեխնիկական և դիվանագիտական օգնություն տալու: Նախարարներն օպերատիվ կերպով հավաքվեցին, պլանը մշակեցին, զեկուցեցին, իսկ Հայաստանը մերժեց ՀԱՊԿ-ի օգնությունը և նախընտրեց Եվրամիության դիտորդներին։ Ասում է՝ դուք մեր օգնությունը մերժում եք և մեզ մեղադրում։

Արարատ Միրզոյան․ Ես խնդրում եմ ինձ այլևս չխնդրել մեկնաբանել այդ տիկնոջ հայտարարությունները։ Անկեղծ ասած, ինչ-որ փուլից նույնիսկ դադարել եմ նրա ձևակերպումներին և հայտարարություններին հետևելուց, բայց քանի որ նշեցիք, չեմ ուզում նաև անպատասխան թողնել, որպեսզի մեզ դիտողների մոտ հարցեր չառաջանան։ Ամենամեղմ ձևակերպումը կտամ․ այդ տիկնոջ հիշյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Պետրոս Ղազարյան. Բայց մենք հիշում ենք, որ եկավ ՀԱՊԿ քարտուղարը։

Արարատ Միրզոյան. Եկավ, բայց ի՞նչ առաջարկեց։

Պետրոս Ղազարյան. Ըստ իրենց՝ ռազմատեխնիկական օգնություն, ուժեր, դիվանագիտություն։ Ամեն ինչ։

Արարատ Միրզոյան. Ե՞վ։

Պետրոս Ղազարյան. Եվ ասում են՝ դուք մերժեցիք։

Արարատ Միրզոյան։ Արդեն ասացի՝ դա չի համապատասխանում իրականությանը։ Կարող եմ, բայց չի ստացվի այն կառուցողական քննարկումը, որի մասին քիչ առաջ ասում էի։ Հավատացեք՝ պատկերը տրամագծորեն հակառակն է եղել․ մենք դիմել ենք և՛ Ռուսաստանին՝ վերջինիս հետ երկկողմ պայմանագրերի հիման վրա, և՛ ՀԱՊԿ-ին։  ՀԱՊԿ-ում քննարկումը տեղի է ունեցել նույնիսկ երկու անգամ։ Դիմել ենք 4-րդ հոդվածով, որի հիման վրա էլ, նշվում էր, անհրաժեշտ էր դիմել, բայց իբրև թե դրանով չէր եղել դիմումը։ Բայց եթե բերեմ այդ մանրամասները, կրկին կստացվի, որ թեժացնում եմ քննարկումը։ Ես հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև պատասխանատու կերպով և պաշտոնապես հայտարարում եմ. իրականությունը հետևյալն է՝ մենք դիմել ենք պայմանագրային մեր դաշնակիցներին ինչպես որ հարկն է, հայցել ենք օգնություն՝ ընդ որում մտնելով իրենց դրության մեջ և շահագրգռված չլինելով փչացնել աշխարհաքաղաքական բոլոր հարաբերություններն ու համագործակցությունը Ռուսաստանի և այն պետության մեջ, որի մասին խոսում էինք։ Միջամտությունը խնդրել ենք ոչ թե այն տեսքով, որ մեր դաշնակիցները գան և պատերազմ սկսեն մեր կողմից այդ երկրի դեմ, այլ բոլորովին այլ՝ զսպված լուծումների տեսքով։ Մենք չենք ստացել այն օգնությունը, որն իրավունք ունեինք ակնկալելու և ակնկալել ենք․ սա միանշանակ է և սա միակ ճշմարտությունն է։

Պետրոս Ղազարյան. Շատ է հիմա քննարկվում երկաթգծի հարցը․ դուք էլ գնացիք «Ախուրիկ» կայարան։ Մենք առաջարկեցինք, որ նրանք վաճառեն երրորդ բարեկամական երկրի, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար․ սա անվանեցինք «իրավիճակի բարեկամական ընթացք»։ Եթե դա չանեն, ի՞նչ պետք է մենք անենք։

Արարատ Միրզոյան․ Լավ հարց եք տալիս։ Մենք ունենք մի իրավիճակ և սա օր-օրի ավելի տեսանելի է դառնում բոլորի համար, որ ապաշրջափակման այս գործընթացում (ես փորձում եմ այլ բառ գտնել, սակայն չեմ կարողանում․ «պատմական»-ը լիովին համապատասխանում է իրականությանը) Հայաստանի առջև պատմական  հնարավորություն է բացվում՝ դառնալու արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ։ Հայաստանի Հանրապետությունն իրեն չի կարող թույլ տալ այս հնարավորությունը բաց թողնել։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Մենք իրացնելու ենք այդ հնարավորությունը։ Հիմա այս ճանապարհին, այս կոնտեքստում, փոխադրումների մի կողմի կամ շահառուների մի խմբի համար խնդիր է այն, որ Հայաստանի երկաթուղային գործող ցանցը (մենք չենք քննարկում ԹՐԻՓՓ-ի կառուցվելիք երկաթուղային ցանցը) գտնվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո։ Հետևաբար, քանի դեռ մեր երկաթուղային ցանցը Ռուսաստանի Դաշնության կոնցեսիոն կառավարման ներքո է, իրենք ասում են, որ չեն կարող օգտագործել, և սա նշանակում է, որ մենք պատմական այդ հնարավորությունը բաց ենք թողնում։ Ես ուզում եմ կրկին ընդգծել՝ սա հերթական հնարավորություն կամ բիզնես գործարք չէ՝ թեկուզ շատ լավ և շատ խոշոր։ Սա պատմական հնարավորություն է, և մենք սա բաց չենք թողնելու։

Միաժամանակ այստեղ երկրորդ շերտ էլ կա․ այս երկաթուղային ցանցը և շարժակազմը լուրջ արդիականացման կարիք ունեն։ Մենք քննարկել ենք հարցը․ կարծես թե ռուսաստանցի մեր գործընկերներն անհրաժեշտ ներդրում անել չեն պատրաստվում։ Մենք բաց չենք թողնելու ցանցի աշխատելու այս հնարավորությունը՝ հաշվի առնելով որ այս ցանցը պետք է աշխատի և ինտեգրվի այդ մեծ փոխադրումների ցանցի մեջ: Սա աշխարհի քաղաքականության խնդիրների եռյակի մեջ է։ Բոլորը փնտրում և  հիմնում են լոգիստիկ նոր ուղիներ, նոր միջանցքներ, նոր կամուրջներ և այլն: Եվ հիմա Հայաստանը հնարավորություն ունի դառնալու այդ տարածքներից մեկը, և բոլորը հակված են համաձայնել այդ տեսակետին։ Բոլո՛րը։ Ինչպե՞ս վարվել այս իրավիճակի հետ․ մենք դիմում ենք ռուսաստանցի մեր գործընկերներին և ասում, որ հարգում ենք իրենց շահերը՝ չկամենալով ոտնահարել դրանք։ Միևնույն ժամանակ խնդիրը պետք է լուծում ստանա, հետևաբար առաջարկում ենք վաճառել իրենց իրավունքները երկուստեք ընդունելի որևէ երրորդ պետության, որպեսզի իրենք էլ տուժած դուրս չգան այս պատմությունից։ Քննարկվել են տարբեր պետությունների, օրինակ՝ Ղազախստանի օրինակները: Հարցը դեռևս մասնավոր չէ, առայժմ համաձայնեցնում ենք բանաձևը։ Եթե կլինի Ղազախստանը, ապա կքննարկենք ղազախական երկաթուղիների՝ կառավարման և ներդրումների առումով մեզ տրվելիք հնարավորությունները։ Կարծում եմ՝ սա լավագույն լուծումն է և նաև շատ բարեկամական քայլ, որը Հայաստանի Հանրապետությունն արել է: Տեսնենք՝ ինչպես կարձագանքեն ռուսաստանցի մեր գործընկերները։ Կարող եմ ենթադրել, որ հարցի նկատմամբ առաջին արձագանքը բնականորեն մի քիչ ավելի սառն է եղել, բայց այսպիսի խնդիրներ միշտ են առաջանում բոլոր հնարավոր հարաբերություններում. պետությունների, այդ թվում՝ ամենամոտ պետությունների միջև, նույնիսկ ընտանիքներում։ Կգտնենք մի լուծում, որպեսզի և՛ մենք շահենք, և՛ մեր ընկերներին չնեղացնենք։ 

Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, եթե, ինչպես Դուք եք նշում, աշխարհը լոգիստիկայի նոր ճանապարհներ է փնտրում, և մենք պատմական շանս ունենք՝ մեր երկաթուղին միջազգային համակարգին ինտեգրելու, բայց նրանք էլ ասում են՝ մենք չենք ուզում, որ ռուսական կառավարման տակ լինի այդ ճանապարհը (բնականաբար ռիսկեր են տեսնում), ապա ինչո՞ւ ենք մենք սկզբից առաջարկում հենց ռուսներին, որ իրենք պարտականությունները կատարեն և գան վերանորոգեն։ 

Արարատ Միրզոյան․ Այստեղ երկու շերտ կա․ նախ՝ Ձեր նշածը, երկրորդ՝ ԹՐԻՓՓ-Ի գործոնը, Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո գտնվող գործող ենթակառուցվածքները մի կողմ դնենք։ Կա ԹՐԻՓՓ-ը և ԹՐԻՓՓ-ի երկաթուղին, որն ակնհայտորեն անցնելու է Հայաստանի հարավային սահմանով՝ Մեղրիից ներքև: Եթե շարժն արևելքից արևմուտք նկարագրենք, երկաթուղին Ադրբեջանի տարածքից կմտնի Հայաստանի սահման, հետո Նախիջևան, որտեղից էլ պետք է շարունակվի։ Բոլոր գործընկերներն ընդունում են, որ այդ երկաթուղու առնվազն մի ճյուղը (դե այնտեղ նաև Դիլուջու-Կարսի ծրագիրը) պետք է Երասխով մտնի Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը ենթադրում է նաև սա և սրան էլ կա համաձայնություն և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի միջև, և այլ երկրների համաձայնության խնդիր այստեղ չկա, բոլորը երջանիկ են այս հեռանկարով, (մենք Գյումրիում ենք նաև «Ախուրիկի» ենթակառուցվածքները տեսնելու) Ախուրիկ-Գյումրի-Կարս երկաթուղին պետք է վերագործարկվի։ Գյումրի-Կարսի և Երասխի հատվածների՝ Հայաստանի մասով երկու երկաթուղային ենթակառուցվածքները գոյություն չունեն․ նույնիսկ «վերակառուցում» ասելը ճիշտ չէ, դրանք պետք է կառուցվեն։ Քանի որ ամբողջ ցանցը (ուզում եմ նորից ընդգծել՝ չեմ խոսում հարավում կառուցվելիքի մասին) ընդհանուր առմամբ գտնվում է Հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիոն կառավարման ներքո, ենթադրվում է, որ վերջինս էլ պետք է այդ ներդրումն անի, կամ միասին անենք։ Բայց իրենց կառավարման մասն է այդ հատվածը։ Հետևաբար մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված, որպեսզի կարողանանք օգտվել հնարավորությունից։ Շնորհակալ ենք Վրաստանի և Թուրքիայի մեր գործընկերներին, որ հիմա արդեն որոշումը կայացվեց, և ջանքեր են գործադրում, որ դա աշխատի, որպեսզի Թուրքիայից Հայաստան բեռներ գան Կարս-Ախալքալաք, իսկ հետո Ախալքալաքից կամ Թբիլիսիից մտնեն Հայաստան։ Սա հրաշալի ձեռքբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսության մարմնականացման, Հայաստանի ապաշրջափակման և տարածաշրջանային ընդհանուր փոխկապակցվածության ճանապարհին։ Բոլորը համաձայն են, որ եթե դու ունես ավելի կարճ կապ քո և քո հարևանի միջև, շատ մեծ իմաստ չունի մեծ շրջանցում կատարելը, դա լրացուցիչ ծախս է։ Հետևաբար մենք ունենք պակասող մեկ կտոր, որը պետք է կառուցվի։ Եթե ՀԿԵ-ն է տնօրինում այս հատվածը, տրամաբանական է, որ ակնկալենք՝ իրենք կառուցեն։ 

Պետրոս Ղազարյան. Իրենք մերժե՞լ են, ասել են, որ չե՞ն կառուցելու։

Արարատ Միրզոյան․ Վերջին ազդակը, որը ես ստացել եմ բառացիորեն երկու-երեք օր առաջ, խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ և քննարկել այնպիսի նյուանսներ, ինչպիսիք են՝ ով որքան է ներդնում, ինչպես և այլն։

Պետրոս Ղազարյան. Այսինքն՝ չե՞ն մերժել։ 

Արարատ Միրզոյան․ Կարող ենք ասել, որ դա մերժում չէ․ եթե ասում ես՝ այս հարցը կա, մարդիկ ասում են՝ եկեք հասկանանք՝ ինչ ենք անում, դա մերժում չէ։ 

Պետրոս Ղազարյան. Իսկ այդ «հասկանալ»-ը հիմա առարկայաբար ընթանո՞ւմ է։

Արարատ Միրզոյան․ Ես ասացի, որ նոր եմ այս ազդակը ստացել․ մեր համապատասխան գերատեսչությունները հիմա կներգրավվեն և կտեսնենք․ ճիշտ է՝ մեզ չեն մերժել, բայց այդ պայմաններից շատ բաներ են կախված։

Մաս 2-ը հասանելի է հետևյալ հղումով

Տպել էջը