ՀՀ ԱԳՆ ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12 օգոստոսի, 2021

1999թ․ ի վեր ՄԱԿ-ն օգոստոսի 12-ը նշում է որպես Երիտասարդության միջազգային օր։

Երիտասարդության ձգտումներից ու հաջողություններից է կախված ցանկացած պետության ապագան։ Այս գիտակցումը հանգեցրել է երիտասարդների դերի ամրապնդմանը ժամանակակից աշխարհում, ինչի մասին է վկայում այն, որ ՄԱԿ-ի կողմից 2015թ․ ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների և 169 թիրախների զգալի մասն ուղղակիորեն առնչվում է երիտասարդներին։

Հայաստանի կայուն զարգացումն ու երկարաժամկետ հեռանկարում երկրի ապագան պայմանավորված են նրանով, թե ինչպես են այսօրվա երիտասարդներն իրենց եռանդը, գիտելիքները, հմտություններն ու արժեքները վերածում գործողությունների։

Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը կապահովի երիտասարդության ներուժի բացահայտման, ինքնադրսևորման և բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ՝ հնարավորություն տալով առավել խրախուսել երիտասարդության մասնակցությունը հանրային կյանքին և պետականաշինության գործընթացին։

Շնորհավորում ենք մեր երիտասարդությանն այս օրվա առթիվ և վստահեցնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես պատրաստ է սատարել երիտասարությանը երկրի պայծառ ապագան կերտելու նվիրական գործում։

Տպել էջը