ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանի հարցազրույցը «Aysor.am» լրատվականին

25 փետրվարի, 2020

Հարց. Ունե՞ք տեղեկություններ, թե կորոնավիրուսի տարածումից հետո ինչ իրավիճակ է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Պատասխան. Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների, Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով։

Հարց. Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներից ի՞նչ տվյալներ կան, կապ պահպանվո՞ւմ է նրանց հետ, խնդիրներ ունեցողներ չկա՞ն:

Պատասխան. Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:

Հարց. Եթե Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկություն հայտնեն վերադառնալ Հայաստան, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն: Եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր դիմել են դեսպանատուն հայրենիք վերադառնալու պահանջով:

Պատասխան. Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Տպել էջը