ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանի պատասխանները «Ազատություն» ռ/կ հարցերին

03 փետրվարի, 2020

Հարց. Խնդրում եմ ասել, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է  գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), և վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան։

Պատասխան. ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան  տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից: Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը: 

Դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին: ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից: 

Նշենք, որ տարհանումը իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում: 

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՀՀ ԱԳՆ-ը ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ: 

ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերի ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ:

Հարց. Արդյո՞ք դեսպանատունը տեղեկություն ունի՞՝ Չինաստանում բնակվող հայերի շրջանում վարակվածներ կան, թե ոչ։

Պատասխան. Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել:

Տպել էջը