ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ

30 հունվարի, 2020

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:  

Տպել էջը