Հատված ՀՀ ԱԳ նախարարի՝ Լիտվայի պետական ռադիոյին տված հարցազրույցից

17 սեպտեմբերի, 2019

Հարց. Լիտվան չի դադարում շփումները Արևելյան գործընկերության ծրագրի անդամ-պետությունների հետ, որոնցից մեկը Հայաստանն է, ում հետ հարաբերություններն ավելի ինտենսիվ են դառնում երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավարտեց Լիտվա կատարած այցը: Ես հանդիպեցի նրան նախքան դիվանագետի մեկնումը, ով մեր երկիրը համարում է ԵՄ-ում իր հուսալի գործընկերը:

Զոհրաբ Մնացականյան. Սա այց էր բարեկամական երկիր մեր ժողովուրդների միջև համագործակցության, բարեկամության, փոխադարձ հարգանքի շատ խորը արմատներով:  Մեզ շատ է հետաքրքրում Լիտվայի փորձը ֆինանսական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կենսագիտության ոլորտներում: Մեր երկրներն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական զարգացման բավական հետաքրքիր փորձ: Հայաստանում մենք ունենք նորարարության և ստեղծարար կրթության զարգացման ամուր հիմք: Ստարտափերն ինչպես Լիտվայում, այնպես էլ Հայաստանում շատ կարևոր ոլորտ է, որը պետությանը հնարավորություն է ընձեռում զարգանալ իր ներքին տաղանդի իրացման միջոցով: Այստեղ կա համագործակցության աներևակայելի մեծ ոլորտ: Մենք ունենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության շատ լավ համաձայնագիր, որը Հայաստանի հիմնական գործընկեր և Հայաստանի անվտանգության և զարգացման գործընթացներում ներդրողներից մեկը հանդիսացող ԵՄ հետ մեր փոխգործակցության իրավական հիմքն է: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորացնել մեր համագործակցությունը քաղաքական երկխոսության ոլորտում, իրավունքի և ազատությունների ոլորտում: Այսինքն՝ այսօր մենք ունենք համագործակցության շատ լավ և կարևոր հիմք, որը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ՝ Հայաստանի համար: Արևելյան գործընկերությունը շարունակում է մնալ վեց պետությունների համագործակցության կարևոր հարթակ: Մենք այստեղ կարծում ենք, որ այն ոչ թե Եվրոպայի հարևանների, այլ Եվրոպայի արևելյան թևի համագործակցություն է, քանի որ մենք բոլորս եվրոպական ընտանիքի անդամ ենք, և մեզ, առաջին հերթին, միավորում են ընդհանուր արժեքները, որոնց վրա ձևավորված են մեր փոխհարաբերությունները: Այս առումով Արևելյան գործընկերությունը շարունակում է մնալ կարևոր հարթակ և  հարթակ, որը մեզ հնարավորություն է ընձեռում ամրապնդել այն համագործակցությունը, որը մենք իրականացնում ենք երկկողմ մակարդակում:

Հարց. Պարոն նախարար, Լիտվայում կա շատ ուժեղ հայկական համայնք: Արդյո՞ք Դուք հնարավորություն ունեցե՞լ եք հանդիպելու հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ավանդաբար այդ ամենը հանդիսանում է ՀՀ կառավարության և մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների այցերի կարևոր մաս, քանի որ հայկական սփյուռքը բավականին բարդ մեխանիզմ է, ինստիտուցիոնալապես կայացած բարդ համակարգ։ Մենք ունենք սփյուռք ամբողջ աշխարհում, որի պատճառները ինչպես պատմական են՝ ավանդական, դարավոր, այնպես էլ, ցավոք, մեծ դեր է խաղացել 1915 թ․ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: 

Մեզ համար «համահայկական հետաքրքրության օրակարգը» շատ կարևոր է։ Պետությունը, հավանաբար, ազգային ինքնության ամրապնդման, պաշտպանության և զարգացման ամենաուժեղ կառույցն է, և մենք մեծ կարևորություն ենք տալիս այս համախմբմանը և աշխատում ենք համահայկական օրակարգի շուրջ: Մեր համայնքը մեր ժառանգության պահպանման և զարգացման, աշխարհում մեր տարբեր բարեկամ երկրների հետ մերձեցման գործում կարևորագույն կամուրջներից մեկն է: Եվ բնականաբար այս համատեքստում Լիտվան բացառություն չէ։ Մենք շատ շնորհակալ ենք մեր սփյուռքին, մենք շատ հպարտ ենք, որ մեր սփյուռքը կատարում է այս շատ դրական դերը: Մեր սփյուռքը պարզապես ամիսը մեկ անգամ՝ միասին սուրճ խմելիս իրենց ազգային ինքնության մասին հիշող հայեր չեն. նրանք իրենց բնակության երկրների, ներառյալ՝ Լիտվայի քաղաքացիներ են, հավատարիմ քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ: Ես երեկ հանդիպել եմ նրանց հետ, եղել եմ Լիտվայի հպարտ քաղաքացիների միջավայրում, որոնք աշխատում են Լիտվայի բարեկեցության, զարգացման համար, որոնք Լիտվայի հայրենասերներ են, միևնույն ժամանակ իրենց ինքնության՝ հայկական ինքնության հպարտ կրողներ։ 

 

Տպել էջը