Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

08 հուլիսի, 2015

Հարց. Պարոն Քոչարյան, Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը։ Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը։

Շավարշ Քոչարյան. Գիտեք, արդեն բավական երկար ժամանակ է՝ ես հրաժարվում եմ որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում, նույնը և խորհուրդ եմ տալիս Ձեզ: Մարդու իրավունքներն ամեն օր հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը շարունակական հղումներ անելը նմանվում է մղձավանջի։

Ավտորիտար երկրներում հաճախ իշխանությունների գործունեությունը տրամաբանության չի ենթարկվում, այլ թելադրված է անհատական շահերով, պատեհապաշտությամբ: Կարող եմ միայն ենթադրել, որ չստանալով ՄԻԵԴ-ի Ձեր նշած գործի վերաբերյալ իրենց ակնկալած արձագանքը և առերեսվելով հայկական կողմի տրամադրած հիմնավոր փաստարկներին` ադրբեջանական քարոզչության պատասխանատուները հրահանգ են ստացել փրկել իրավիճակը` միջոցներ ձեռք առնել իրենց կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:

Դուք ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանում առաջին արձագանքներից հետո որոշ դադար պահանջվեց՝ կրկին մեկնաբանություններով հանդես գալու համար: Հավանաբար փորձել են լավագույնս նախապատրաստվել, սակայն ինչպես հայտնի է` «հալվա, հալվա» ասելով բերանը չի քաղցրանա: Առավելագույնը, ինչ ադրբեջանական կողմը կարողացավ անել, դա իրենց առաջին հայտարարության դրույթների կրկնությունն է:

Այս անգամ էլ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան: Ադրբեջանական կողմը պնդում է, թե՝ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»: Կարծում եմ՝ ավելորդ է ամեն անգամ կրկնել, որ նման պնդումներ դատավճռում ուղղակի չկան: Ավելին, խոսելով հակամարտության պատմության մասին, Դատարանն անդրադառնում է ԼՂ-ի ժողովրդագրական պատկերին, ԼՂ ազգաբնակչության խաղաղ ձգտումներին, Ադրբեջանի կողմից դրանց մերժմանը, ԼՂԻՄ-ի ինքնավարության վերացմանը, ԼՂ-ում անցկացված ռեֆերենդումին և անկախության հռչակմանը և շատ այլ գործոնների, որոնք ադրբեջանական քարոզչամեքենային դժվար կացության մեջ կարող էին դնել, այդ պատճառով էլ անտեսվել են դրա կողմից: Ավելին, ՄԻԵԴ-ի՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճռում նկարագրվում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը:

Դատարանին վերագրելով այնպիսի դրույթներ, որոնք գործում չկան, բացահայտ կերպով փորձելով ապատեղեկացնել իր քաղաքացիներին՝ Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ դատավճռի, թե՛ հենց իր քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը հարցին վերաբերում է զուտ քարոզչական շահարկումների տեսանկյունից: Այլ կերպ անհնար է բացատրել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Դատարանը հրահանգել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները: Նման դրույթ գործում ևս չկա:

Իրականում, ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող անհատական իրավունքների պաշտպանությանը: Ստիպված եմ ադրբեջանցի «մասնագետների» համար հղում կատարել Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 147-րդ հոդվածին, որում հստակ նշվում է՝ «Դատարանը պետք է հաշվի առնի Կոնվենցիայի յուրահատկությունը՝ որպես Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք` անհատ անձնավորություններին պաշտպանելու համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես փախստականների հարցերին, ապա Դատարանը դրա հստակ պատասխանը ևս տվել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում՝ շեշտելով, որ դրանց «համապարփակ լուծումը … կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով»: Դատավճռում նույնիսկ նման հստակ ձևակերպումները արգելք չեն հանդիսանում, որ Ադրբեջանը իր ցանկացած ձևով փորձի խեղաթյուրել փաստերը:

Այս առումով բերեմ ևս մեկ ցայտուն օրինակ: Չիրագովի գործի 198-րդ հոդվածում նշվում է, որ «Դատարանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղահանված անձանց հարցերով ընթացող բանակցությունները իրավական արդարացում չեն հանդիսանում միջամտելու դիմումատուների իրավունքներին»: Ադրբեջանական կողմն անդրադառնալով այս ձևակերպմանը՝ ընդամենը «դիմումատու» բառը փոխարինում է «Ադրբեջանի ներքին տեղահանվածներով»` ստանալու համար իրեն ձեռնտու ձևակերպումը: Եվ նման օրինակները շատ են, ես չեմ անդրադառնա բոլորին, միայն հավելեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշման նկատմամբ նման անպատասխանատու, ես կասեի նաև՝ մանկամիտ մոտեցումը տարակուսանք է առաջացնում:

Զավեշտալի է, որ ՄԻԵԴ-ի որոշումներից և դրանց կշռից համարձակվում է խոսել մի երկիր, որը, ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, ցուցադրաբար, տարբեր պատրվակներով ձգձգում և, ըստ էության, հրաժարվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության տակ գտնվող՝ Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները, դրանցով պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները: Նախարարների կոմիտեից բացի այս իրավիճակին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ն իր 2015թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձևի 11.2 կետով՝ Ադրբեջանին կոչ անելով ամբողջությամբ իրականացնել ՄԻԵԴ վճիռները՝ նախարարների կոմիտեի բանաձևերին համապատասխան։

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացման ֆոնի վրա և բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության պայմաններում Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների իրականացումը դառնում է գրեթե անհնարին։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին շահարկել և իր ցանկացած ձևով մեկնաբանել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որը Բաքուն փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով:

Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբր Չիրագովի գործով դատավճիռը՝ ըստ իրենց ձևակերպման, «աննախադեպ է»: Պետք է նշել, որ սա ևս ապատեղեկատվություն է: Առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է նույն դատավճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

Իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, մասնավորապես հղում է կատարում ՄԱԿ ԳԱ 1974թ. բանաձևին, որով սահմանվում է ագրեսիան: Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի գրչակները կարդային այդ փաստաթուղթը, կհասկանային, որ իրականում այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Նախ բանաձևը վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ զինված ուժեր չօգտագործել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դեմ: Ավելին, բանաձևի համաձայն՝ ագրեսիայի կարող են ենթարկվել ինչպես միջազգայնորեն ճանաչված, անպես էլ՝ չճանաչված երկրները: Հենց սա է տեղի ունեցել ԼՂ հակամարտության պարագայում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա իր անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ: Ուստի, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ԼՂ ազգաբնակչության իրավունքների լիակատար ճանաչման և իրագործման մեջ:

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում … հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, դատավճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա: Այստեղ մեզ առավել հետաքրքրում է այն, թե ինչպես է Բաքուն փորձում օգտագործել իր իսկ ապատեղեկատվության վրա հիմնված փաստարկը` խաթարելու համար ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե դատավճիռը պետք է ուղղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Թե ինչպես է Բաքվի ապատեղեկատվությունը ուղղորդելու եռանախագահների գործունեությանը, թողնենք ադրբեջանական ստրատեգներին: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարով:

Մյուս կողմից, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը:

Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Պետք է նշել, որ համանախագահները կատարել են մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև՝ համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը: Բաքուն երբեք չի աջակցել դրանց, սակայն այժմ բացահայտ հայտարարում է դրանց հետ իր անհամաձայնության մասին:

Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ։

Տպել էջը