«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի երևանյան հռչակագիր
23 ապրիլի, 2015Գլոբալ ֆորումը,
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, հույների և ասորիների ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին,
Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիան,
Մտահոգված լինելով համապատասխան միջազգային կանխարգելիչ մեխանիզմների առկայության պայմաններում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեպքերի կրկնությամբ,
Մտահոգություն հայտնելով նաև վերջին շրջանում աշխարհի տարբեր հատվածներում բռնության, ծայրահեղականության և ահաբեկչության տարածման առնչությամբ, ինչը ուղղակիորեն վտանգի է ենթարկում ազգային և կրոնական փոքրամասնություններին,
Նկատի ունենալով միջազգային իրավունքում ցեղասպանության միջազգային քրեականացման ձևավորումն ու զարգացումը,
Քննարկելով ցեղասպանության հանցագործության անպատժելիության, անհատական և պետական պատասխանատվության, այս հանցագործության հետևանքներին համապատասխան միջոցներով անդրադառնալու հարցերը,
Հաշվի առնելով ցեղասպանությունների և մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ համաշխարհային պայքարի կարևորությունը,
Շեշտելով տարբեր կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերը ցեղասպանությունների կանխարգելման հարցում ու կանխարգելման մեխանիզմների ամրապնդման հարցում նրանց ներդրումը,
Ընդունում է, որ ցեղասպանությունն անդառնալի հետևանքներ ունեցող ծանրագույն հանցագործություն է, և կոչ է անում բոլոր պետություններին առավելագույնս աջակցել ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը,
Վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման առաջնային մեխանիզմները գործում են Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում, և ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015թ. մարտի 27-ին «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունումը,
Շեշտում է, որ ցեղասպանության կանխարգելումը կախված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունից, հանդուրժողականության և խտրականության բացառման մշակույթի կայացվածությունից,
Ճանաչում է, որ ժխտողականությունը, հատկապես՝ պետական մակարդակով, անընդունելի է, և ընդգծում է, որ ցեղասպանությունների անհապաղ դատապարտումն ու դրանց հետևանքներին արդյունավետորեն անդրադառնալն ի զորու են ծառայել որպես կանխարգելման և հաշտեցման կարևոր միջոցներ,
Կոչ է անում միջազգային հանրությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աջակցել դրա համընդհանուր ճանաչմանն ուղղված շարունակական ջանքերին: