ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

02 փետրվարի, 2015

Հարց: Պարո՛ն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

Շավարշ Քոչարյան: Պարզվում է` թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ Նախագահին։

Նման պարզունակ խորամանկություններով Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։

Թուրքիայի իշխանությունները նման անհեթեթ վիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է փոխեին ոչ թե Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի ավանդաբար նշվող օրը, այլ փոխեին ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող իրենց ժխտողական մտածելակերպը։ 

Տպել էջը