ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածման առնչությամբ

17 մարտի, 2020

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց:

Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները:  

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկայությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար:  

ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:  

ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար:

Տպել էջը