ՀՀ ԱԳՄԱ նախարարի ելույթը Էստոնիայի ԱԳ նախարարության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ միջոցառմանը
10 նոյեմբերի, 2026Նոյեմբերի 9-ին Տալլինում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:
Միջոցառման շրջանակներում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան նախարար Միրզոյանին շնորհել է Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան։
Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է.
«Սիրելի՛ Մարգուս, սիրելի՛ բարեկամ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս պետական պարգևին։ Այն ընդունում եմ որպես մեր համատեղ անցած ճանապարհի և արձանագրած ձեռքբերումների գնահատանքի արտահայտություն, միաժամանակ՝ որպես նոր պատասխանատվություն և հանձնառություն՝ շարունակելու ջանքերը մեր պետությունների միջև գործընկերության հետագա խորացման և ամրապնդման ուղղությամբ։
Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։
1918 թվականին Էստոնիայի առաջին դիվանագետները չունեին ո՛չ դեսպանությունների ընդարձակ ցանց, ո՛չ էլ հաղորդակցության այն ժամանակակից միջոցները, որոնք այսօր մեզ համար սովորական են դարձել։ Նրանք, իհարկե, չունեին նաև այն թվային գործիքները, որոնցով Էստոնիան հետագայում այդքան հայտնի դարձավ աշխարհում։ Բայց նրանք ունեին շատ ավելի կարևոր մի բան՝ հստակ նպատակ, անսասան հավատ իրենց երկրի անկախության նկատմամբ և նրա ապագան ապահովելու բացառիկ վճռականություն։
Մեզ՝ հայերիս համար այս պատմությունն առանձնահատուկ հոգեհարազատ է։ Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք։
Պատմական այս ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։
Դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։ Իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։
Այսպիսի պատմությունները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ դիվանագիտության հիմքում ոչ միայն կառավարությունների միջև կնքված համաձայնագրերն են, այլև ժողովուրդներին մերձեցնող բարեկամությունը, մշակութային կապերն ու մարդկային հարաբերությունները։
Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդենտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության նոր փուլ։
Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին։
Այսօր նաև առանձնահատուկ հաճույքով և անկեղծ երախտագիտությամբ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Պատվո առաջին աստիճանի մեդալ շնորհել իմ սիրելի գործընկերոջն ու բարեկամին՝ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ մեր երկու երկրների միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում նրա անձնական ներդրման համար։
Եվ վերջում, սիրելի՛ բարեկամներ, ինչպե՞ս կարող էի այսպիսի հրաշալի առիթով այցելել Էստոնիա և ինձ հետ չբերել հայկական ոգու մի փոքրիկ մասնիկ։ Հուսով եմ՝ այսօր ավելի ուշ հնարավորություն կունենաք վայելելու հայկական գինին ու կոնյակը, և մենք միասին բաժակ կբարձրացնենք մեր պետությունների հարատևության ու մեր երկրների միջև ամուր բարեկամության համար
Palju õnne! Շնորհավորում եմ»։