ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում. Խաղաղության խորհրդի կանոնադրություն

21 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում զեկույցով է հանդես եկել նաև «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի  նախագծի քննարկմանը:

Ստորև՝ նախարար Միրզոյանի զեկույցի ամբողջական տեքստը. 

«Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ, հարգելի՛ գործընկերներ։ Ենթադրում եմ՝ կհիշեք. 2026 թվականի հունվարի 22-ին վարչապետ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը։ Խաղաղության խորհրդի ստեղծման գաղափարը մինչ այդ քննարկվել է 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ժամանակ։ Խորհուրդն ունի 28 անդամ պետություն. կարող եմ թվարկել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ալբանիա, Հայաստան, Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Բելառուս, Բուլղարիա, Կամբոջա, Եգիպտոս, Էլ Սալվադոր, Հունգարիա, Ինդոնեզիա, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Քուվեյթ, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան, Վիետնամ։ Դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև այլ պետություններ։

Պետությունները կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից անդամակցում են 3 տարի ժամկետով։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Ժամկետը չի կիրառվում այն պետությունների նկատմամբ, որոնք խորհրդին 1 միլիարդ դոլարից ավելի գումար են հատկացնում Խորհրդին։ Խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։ Խորհրդի գործունեությունը չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, ֆինանսական հատկացումներն արվում են կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր պետություն խորհրդում ունի 1 ձայնի իրավունք։ Այս բոլոր մանրամասներին, իհարկե, կարող եք ծանոթանալ նաև առանց իմ մասնակցության։

Իմ կողմից, ուզում եմ ընդգծել, ավելացնել, որ Խաղաղության խորհրդին անդամակցությունը, իհարկե, բխում է մեր հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությունից, մեր առաջնահերթություններից։ Նշանակություն ունեն նաև, անշուշտ, Հայաստան–Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունները։ Եվ մեծ նշանակություն ունի այն, որ խորհրդի նպատակները և Հայաստանի Հանրապետության նպատակները համընկնում են. խաղաղության հաստատումը, աշխարհի ժողովուրդների շահերն ու օգուտները խաղաղությունից, մարդկանց բարեկեցությունը խաղաղությունից, ըստ էության, և՛ մեր առաջնահերթությունն է, և՛ խորհրդի կանոնադրական նպատակը։ Այսքանը։ Շնորհակալություն։

Նախագահող. Հարցեր։ Քրիստինե Վարդանյան, համեցե՛ք։

Քրիստինե Վարդանյան. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Խաղաղության խորհրդին մեր անդամավճարը կլինի կամավորության սկզբունքով։ Տարեկան ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Հասկանալի է, որ 1 միլիարդը չենք վճարում, դա կար փաստաթղթում։ Ի՞նչ գործընթացների համար ենք վճարելու, և մոտավորապես ի՞նչ գումար ենք ամեն տարի վճարելու կամավորության սկզբունքով։

Արարատ Միրզոյան. Մինչ այս պահը մենք վճարում չենք արել, և այս պահին այդպիսի քննարկում չկա։ Այսինքն՝ կամավորությունը նաև վճարել-չվճարելու ազատությունն է, և մենք ենթադրում ենք, որ ինչ-որ պահի կուզենանք, մեր նպատակն է կատարել ֆինանսական կամավոր հատկացում։ Բայց այս պահին, տիկի՛ն Վարդանյան, առնվազն չկա փաստաթուղթ, որ այդպիսի բան է նախատեսում։

Քրիստինե Վարդանյան. Ֆինանսների նախարարությունը տեղեկանքում ասում է, որ կան ֆինանսական պարտավորություններ։ Այսինքն, ինչպես ես եմ հասկանում, երբ ուզենք և երբ որոշենք, այդ ժամանակ ֆինանսական պարտավորություն կլինի։ Շատ լավ, այդ էր։

Նախագահող. Սյուզաննա Ավետիսյան։

Սյուզաննա Ավետիսյան. Շնորհակալություն։ Խաղաղության խորհրդի հետ կապված. այսօր շատ խոսեցինք առհասարակ խաղաղությունից, խաղաղության օրակարգից, թե ովքեր են ուզում, ովքեր չեն ուզում գնալ խաղաղության և այլն։ Իհարկե, խաղաղությունը շատ կարևոր և առաջնահերթ է բոլորիս համար, հատկապես այս գործընթացին մեկնարկ տալը, Խաղաղության խորհրդին միանալը և այլն։ Որքանո՞վ է դա մեզ մոտեցրել խաղաղությանը, և որո՞նք են դրա օգուտները։ Մասնավորապես, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եթե ինքը դիմի Ալիևին, նա ազատ կարձակի հայ քրիստոնյաներին։ Հարցս հետևյալն է. արդյո՞ք Հայաստանը դիմել է նախագահին նրանց ազատ արձակելու համար։ Այո՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ, և ե՞րբ է պատրաստվում դիմել։ Եթե այո, ի՞նչ պատասխան է եղել։

Արարատ Միրզոյան. Քննարկվող հարցը կապ ունի մեր տարածաշրջանում խաղաղության հետ այնքանով, որքանով ակնհայտորեն խաղաղության մասին ենք խոսում։ Բայց ուզում եմ Ձեզ հիշեցնել ժամանակագրությունը, որը քիչ առաջ ինքս էլ հնչեցրի. այս գաղափարը շրջանառվել է 2025-ի հոկտեմբերին Եգիպտոսում, և ստորագրվել է 2026 թ. փետրվարին։ Եվ էլի մեր շնորհակալությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների վարչակազմին և նախագահ Թրամփին իրենց գործուն մասնակցության և նախաձեռնության համար։ Երբ սա եղել է, մեզ մոտ արդեն խաղաղությունը հաստատված է եղել, Շարմ էլ Շեյխից առնվազն մի քանի ամիս առաջ, 5–6 ամիս, չէ, ավելի քիչ։ Եվ կարող եմ ենթադրել, բայց սա միայն իմ ենթադրությունն է, որ, օրինակ, մեզ մոտ ունեցած հաջողությունը, ի թիվս այլ գործոնների, հիմք է տվել Միացյալ Նահանգների ղեկավարությանը շարունակելու ջանքերը նաև այլ տարածաշրջաններում։ Մենք միայն ուրախ ենք, որտեղ էլ որ լինի, մեր նպաստը բերել։

Ձեր հարցի մյուս մասով. կարծեմ ասում եք, որ այնպիսի տեսանյութ կար, որտեղ նա ասաց, որ կազատեն հայ քրիստոնյաներին։ Եթե ճիշտ եմ հիշում, կար նաև տեսանյութ, որտեղ նախագահ Թրամփն ասում է, որ վարչապետ Փաշինյանն այս հարցով իրեն դիմում է։ Հետևաբար Ձեր հարցի պատասխանը Ձեր հարցի մեջ է։

Նախագահող. Արձագանք ունե՞ք։

Սյուզաննա Ավետիսյան. Այո։ Բայց այդ գործընթացից հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Այնտեղ նա հստակ ասում է՝ «եթե ես դիմեմ», այսինքն՝ ստացվում է, որ այդ պահին պարոն նախագահը՝ Դոնալդ Թրամփը, չի դիմել։ Հետևաբար՝ այդ հարցի հետևից գնալով, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ի դեմս Դոնալդ Թրամփի, դիմել է (որը, ի դեպ ասեմ, աշխարհում այն առաջնորդներից է, որի շնորհիվ, եթե չեմ սխալվում, մոտ 700 գերի, բանտարկյալ և այլն ազատ է արձակվել), հետևաբար, հաշվի առնելով խաղաղաշինության գործում նրա մեծ դերը, արդյո՞ք մեր երկիրը գնացել է դրա հետևից, և ի՞նչ պատասխան է եղել Ադրբեջանի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դիմվե՞լ է, թե՞ ոչ։

Արարատ Միրզոյան. Նայեք, այս ամբողջ ընթացքում հարյուրավոր հայ գերիներ են ազատ արձակվել։ Եղել են ուղիղ դիմումներ մեր կողմից, և հիմա էլ խոսակցություն կա Ադրբեջանի հետ։ Ամենակարևորը, օրինակ, ես գնահատում եմ մեր ուղիղ խոսակցությունն Ադրբեջանի հետ։ Այս համատեքստում եղել են միջամտություններ, դիմումներ նախագահ Պուտինի, նախագահ Թրամփի, բազմաթիվ այլ նախագահների, վարչապետերի կողմից։ Իրոք, ի պատիվ տարբեր երկրների բոլոր ղեկավարների, այս թեմայում բոլորն էլ ուզում են օգտակար լինել և տարբեր փուլերում եղել են դրական հանգուցալուծումներ (ի վերջո, ի սկզբանե 19-ը չէին, չէ՞), և եղել են բացասական։ Հիմա փաստն այն է, որ այսօր ունենք 10 հոգի, որոնք պահվում են Ադրբեջանում։ Մեր ջանքերը՝ օր առաջ նրանց բոլորին առանց բացառության ազատության մեջ տեսնելու համար, չեն դադարում և ամենօրյա են, այդ թվում՝ 3-րդ կողմերի ղեկավարների հետ։

Նախագահող. Այլ հարցեր չկան։ Ելույթներ ևս չկան։ Եզրափակիչ խոսքի կարիք ունե՞ք, պարո՛ն Միրզոյան։

Արարատ Միրզոյան. Կարծում եմ՝ ամեն ինչ ասվեց։ Շնորհակալություն։

Նախագահող. Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի՛ գործընկերներ, քվեարկության է դրվում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Ովքե՞ր են կողմ. 5 կողմ։ Դեմ՝ չկա։ Ձեռնպահ՝ 1։ Որոշումն ընդունվեց»:

Տպել էջը