ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում. ԹՐԻՓՓ վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր
21 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով է հանդես եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Ստորև՝ նախարար Միրզոյանի զեկույցի ամբողջական տեքստը.
«Բարև ձեզ, հանձնաժողովի հարգելի՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ։ Ինչպես հիշում եք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցավ Խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահը և հյուրընկալող կողմը՝ Միացյալ Նահանգների նախագահը։ Գագաթնաժողովի արդյունքում ընդունվեց հռչակագիր, որով արձանագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Նշվեց խաղաղության դարաշրջան բացելու և թշնամանքի էջը շրջելու անհրաժեշտությունը:
Արձանագրվեց կողմերի հանձնառությունը՝ ամրապնդել խաղաղությունը, և ի թիվս այլ նման դրույթների, նաև արձանագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցությունները բացելու կարևորությունը՝ երկրների, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանաբար ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության հիման վրա, այն ըմբռնումով, որ այս հաղորդակցությունները, որոնք կբացվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն, կկառուցվեն զրոյից, կենսական հանգույց կդառնան Արևելք-Արևմուտք ուղևորային և բեռնափոխադրումների համար։
Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետությունը հնարավորություն կունենա Հայաստանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել իր տարածքի, այսինքն՝ Նախիջևանի, և երրորդ երկրների հետ, և Հայաստանի Հանրապետությունը կունենա փոխադարձ առավելություններ՝ հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել իր տարածքի, այսինքն՝ նկատի ունենք ներպետական հաղորդակցության համար այս պահին առնվազն երկաթուղային հաղորդակցություն չունեցող Հայաստանի հյուսիս-հարավ հատվածի, և երրորդ երկրների հետ մատակարարումների, այսինքն՝ սպառման և ներմուծման համար։
Այս ընկալմամբ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում իմ և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրվեց «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» կոչվող փաստաթուղթը, որն արդեն վերը նշածս սկզբունքների համաձայն` շատ ավելի բաց ներկայացրեց այն շրջանակը, որում մենք պատրաստվում ենք կառուցել կամ վերակառուցել, կամ գործարկել ենթակառուցվածքները։ Հիշում ենք` արդեն իսկ բավականին մեծ թվով շահարկումներ կային նախագծի առնչությամբ, և ահա այդ «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» փաստաթուղթը բավականին խոսուն և վճռական կերպով փարատեց բազմաթիվ մտահոգություններ։
Այդ փաստաթղթից հետո բանակցությունները շարունակվեցին, և՛ Հայաստանի, և՛ Միացյալ Նահանգների կողմից ստորագրվեց այս համաձայնագիրը։ Նախ, կհիշեք, նախաստորագրեցինք Մարկո Ռուբիոյի երևանյան այցի ժամանակ, այնուհետև ընդամեն օրեր անց, վերջնական տեխնիկական շտկումներ անելուց հետո, համաձայնագիրը ստորագրվեց իմ և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից և ներկայացվեց հանրությանը։ Համաձայնագիրն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ստացվել է Սահմանադրական դատարանի եզրակացությունն այն մասին, որ այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, և հիմա մենք հանդիպում ենք Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացի շրջանակներում։ Վստահ եմ կամ հուսով եմ` բոլորդ մանրամասն կարդացել եք համաձայնագիրը։
Այնուամենայնիվ, որպես կառավարության ներկայացուցիչ, որպես համաձայնագրի և այս հարցի հիմնական զեկուցող, որոշ դրույթներ կրկին ներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Մեծ հաշվով, համաձայնագրից և դրա իրագործումից Հայաստանի Հանրապետության համար ակնկալվող օգուտներն ակնհայտ են։ Դա Հայաստանի ապաշրջափակումն է, դա Հայաստանի, կարող եմ ասել, երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորություններն են։ Դա Հայաստանի կապն է և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ, և դա Հայաստանի հնարավորությունն է Արևելք-Արևմուտք ուղղությամբ. այսինքն՝ մի կողմից մեր ապրանքներն ուղարկենք և մեզ համար անհրաժեշտ ապրանքները ստանանք, մյուս կողմից՝ 3-րդ երկրների, Արևելքի և Արևմուտքի միջև տեղի ունեցող հաղորդակցություններում, առևտրում, բեռնափոխադրումներում մեր մասնակցությունն ունենանք, այս ճանապարհին, ինչպես նշվում է փաստաթղթերում, կենսական հանգույց, հանգրվան, կայարան, օղակ լինենք։
Սա իր հերթին տնտեսական օգուտներ է բերում, բայց նաև տնտեսությունից անդին օգուտները մեզ համար շատ տեսանելի են, կանխատեսելի և շոշափելի։ Հասկանալիորեն, տնտեսական կապերը, տնտեսական փոխկապակցվածությունը, ինչու չէ փոխկախվածությունը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ Արևելք-Արևմուտք ճանապարհին ընկած բազմաթիվ երկրների տնտեսական շահագրգռվածությունն այս հանգույցում, այս հաղորդակցությամբ էապես ազդում է նաև քաղաքական իրավիճակի կայունության, էապես ազդում է խաղաղության ամրապնդման վրա` դրական իմաստով։ Հետևաբար առաջին շերտը տնտեսական օգուտներն են, երբևէ այսպիսի հնարավորություններ ունեցած չլինելը, և երկրորդ շերտը, բայց ոչ կարևորության առումով՝ խաղաղության ամրապնդումն է։ Ահա այս տեսլականով է բանակցված և ստորագրված այս փաստաթուղթը։
Շատ չեմ ձանձրացնի ձեզ, բայց, այնուամենայնիվ, որոշ դրույթների կուզեմ անդրադառնալ և բարձրաձայնել։ Ես մեծ աշխարհաքաղաքական և մեր անմիջական օգուտները և նպատակը ներկայացրի։ Կա ևս մի շերտ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունները։ Այս պատմության մեջ սա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության նոր, երբևէ չունեցած մակարդակ է։ Հասկանալի է, որ Միացյալ Նահանգներն իր էական մասնակցությունն է ունենալու և իր տնտեսական շահերն է նաև այստեղ հետապնդում, և դա կդրսևորվի իմ կողմից ներկայացվելիք որոշ դրույթներում։ Բայց ուզում եմ նորից ընդգծել՝ սա համաձայնագիր է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որը նպատակ ունի նյութականացնել, մարմնավորել այն ամենը, ինչ ես քիչ առաջ ներկայացրի՝ կանոնակարգել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» անունով ընկերության հիմնադրումը և հետագա կառավարումը։
Սա այն ընկերությունն է, որը, ըստ էության, կառուցելու և կառավարելու է, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ նշածս ենթակառուցվածքների կառավարման համար։ Առաջ անցնելով ասեմ՝ այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ դեռ կմնա փաստաթղթային առումով անել ևս մեկ-երկու քայլ։ Օրինակ՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով ԹՐԻՓՓ-ի գործարկման համար փաստաթղթային անհրաժեշտ հիմնարար քայլերը կատարած կլինենք։ Այս համաձայնագրի նպատակն է նաև կանոնակարգել այդ հարցերը։
Կրկին, ցանկացած ենթակառուցվածք, ցանկացած հարաբերություն, որ հաստատվելու է, ցանկացած ենթակառուցվածք, որ գործելու է, ամբողջությամբ և մանրամասներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա, դրանց ներքո կամ դրանց շրջանակներում, և այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են. ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով. բնականաբար, Հայաստանի Հանրապետության իրավազորությունը՝ բացարձակ իրավազորությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Այս թեմայով էլի առիթ ունեցել ենք խոսելու։ Միանգամից ուզում եմ ասել, այս փաստաթղթում «ինքնիշխան» բառը, որն այս անգամ նախապես ենք հաշվել, իսկ նախորդ փաստաթղթի դեպքում ստիպված էինք այդ վարժությունը կատարել հետո՝ post factum, ենթակառուցվածքների մասով օգտագործվում և կիառվում է 8 անգամ, և որպեսզի էլի շահարկումներ չլինեն, կիրառվում է հետևյալ համատեքստում. հաստատվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար.
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն (հասկանալի է, չէ՞՝ սահմաններ, անցակետեր և այլն),
գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե,
ե) տեղեկատվական համակարգեր,
զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։
Հաշվի առնելով կամ նկատի ունենալով մեր նախորդ բոլոր բանավեճերը ձեզ հետ, ձեր նախորդների հետ, ձեր հաջորդների հետ, ենթադրում եմ, մեդիայի հետ, հնարավորինս բոլորի հետ՝ ինձ թույլ եմ տալիս մտածել, որ այս թվարկումից հետո կարելի էր հարցի քննարկումն այլևս նույնիսկ չշարունակել, քանի որ բոլոր մտահոգությունները փարատված են, բայց այդ նախորդ փորձը, ցավոք սրտի, հուշում է, թույլ է տալիս ենթադրել, որ մենք նորից ու նորից ստիպված ենք լինելու այս կետերը կրկնել։ Ուզում եմ նորից հիշեցնել ձեզ՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն այս բոլորի նկատմամբ, հարգելի՛ գործընկերներ և հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը։
Իհարկե, ինչպես կար «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» փաստաթղթում, և կա արդեն այս միջպետական համաձայնագրում, կարող ենք ունենալ ֆրոնտ օֆիս / բեք օֆիս սկզբունքով ծառայությունների մատուցում բոլոր այն քաղաքացիների, ուղևորների և բեռների համար, որոնք կանցնեն այս ենթակառուցվածքներով, և այս մոդելի համաձայն ծառայություններ կարող են պատվիրվել մասնավոր օպերատորներից։ Ի միջի այլոց, սրա կիրառումն արդեն Հայաստանում կա առանձին օրինակներով։ Հայաստանի համաձայնությամբ և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության համաձայնությամբ, որտեղ մենք, կրկին, մասնակից ենք, կարող են մատուցվել քաղաքացիների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման ծառայություններ։ Այս կարգավորումը չի փոխում սահմանային և մաքսային վերահսկողության համար պետական մարմինների՝ համաձայնագրով ամրագրված պատասխանատվությունը։
Անվտանգությունից խոսք գնաց, իմ ձեռքի տակ եղած թղթում սրան անդրադառնում ենք քիչ անց, բայց հիմա ասեմ. իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն, ինչպես խոշոր, հատկապես ենթակառուցվածքային ընկերությունները, այն կարող է ունենալ իր անվտանգային ստորաբաժանումները, բայց այդպիսիք պետք է լիցենզավորված, արտոնագրված լինեն Հայաստանի Հանրապետությունում, այնպես, ինչպես բազմաթիվ մասնավոր նման դեպքերում այսօր էլ կա։ Եվ, իհարկե, նորից վերադառնալով Հայաստանի իրավազորությանը, փաստաթղթում առանձին և հատուկ ամրագրված է արտակարգ իրավիճակներում Հայաստանի համապատասխան մարմինների իրավիճակի վերահսկողության առաջնային իրավունքը։ Նաև անվտանգության պլանները, որոնք կունենա այդ ստորաբաժանումը՝ էվակուացիա, արտակարգ իրավիճակում որևէ գործողություն և այլն. այստեղ ամրագրված է Հայաստանի Հանրապետության իրավունքը՝ հաստատել այդ պլանները։ Արդեն ասացի՝ անձնակազմի ներգրավումը ենթակա կլինի մեր արտոնագրման օրենսդրական պահանջներին։
Կառավարումը. ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կհիմնադրվի Հայաստանում որպես բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ում ստեղծվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» ընկերության կողմից։ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի մասով էլ ասեմ, որ ամրագրված է և կա Միացյալ Նահանգների կառավարության ստորագրությունը և պարտավորությունը, որ ընկերությունը մշտապես պետք է պատկանի Միացյալ Նահանգների կառավարությանը և չի կարող օտարվել կամ ներգրավել որևէ այլ երրորդ կողմի:
Բաժնեմասերի բաշխումը. Միացյալ Նահանգները «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի միջոցով կունենա այս մեր հայաստանյան ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74 %-ը, ինչը 2/3-ից պակաս է, և Հայաստանի Հանրապետությունը կունենա բաժնեմասերի 26 %-ը։ Այս կարգավորումը կգործի 49 տարի։ Կողմերը, իհարկե, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, կարող են երկարացնել իրենց իրավահարաբերությունները և նախագծի կենսագործումը, և այդ դեպքում արդեն ավտոմատ կերպով, առանց Հայաստանի Հանրապետության կողմից որևէ հավելյալ ներգրավման, ֆինանսական կամ այլ, ներդրման՝ միանգամից Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 %, իսկ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի բաժնեմասը՝ 51 %։
Որոշումների ընդունման կարգը ևս չափազանց կարևոր է։ Արդեն նշեցի, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ը չի ունենա 2/3-ը, ինչն արդեն իսկ բավականին բաներ է ենթադրում. կարծում եմ, հասկանալի է իրավաբան գործընկերների համար, ովքեր երբևէ առնչվել են կորպորատիվ կառավարման հարցերին։ Եվ, իհարկե, սահմանվում է հարցերի շրջանակ, որտեղ, անկախ բաժնեմասի մեր 26 %-ն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու Հայաստանի Հանրապետության համաձայնությունը։ Այդ հարցերի շրջանակը բավականին լայն է, բավական կարևոր է. օրինակ՝ ընկերության նկատմամբ վերահսկողության որևէ փոփոխություն, բաժնեմասերի որևէ կերպ վաճառք, օտարում, փոխանցում, նվիրատվություն և այլն։ Հասկանալի է, չէ՞, որ այնպիսի իրավիճակ չի կարող լինել, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի, որոշի իր ունեցած 74 % բաժնեմասից, ասենք, 1 %-ը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, կնքել որևէ խոշոր ֆինանսական պայմանագրային գործարք, հաստատել կոնցեսիոն պայմաններ, ստեղծել դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություններ, առավել ևս ազգային անվտանգության և քաղաքական նշանակության այլ հարցեր։ Այսինքն՝ հարցերի բավականին լայն շրջանակ, անկախ մեր ընդամենը 26 % կամ ընդհուպ մինչև 49 % ունենալու հանգամանքից՝ նույնիսկ 1 ձայն ունենալու պարագայում Հայաստանի Հանրապետության համաձայնությունը պարտադիր է։
Խոսեցի դուստր կազմակերպությունների մասին. «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը» կարող է ունենալ տարբեր ենթակառուցվածքներ, կառուցել և կառավարել դրանք։ Բոլորիս մտքին առաջինը գալիս են երկաթուղիները, բայց կարող են լինել էլեկտրական հաղորդակցություն, էլեկտրական ցանցեր, կարող է լինել նավթամուղ, գազամուղ, ավտոճանապարհ և այլն՝ որևէ հաղորդակցություն։ Համաձայնագրով սահմանվում է, որ դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար կստեղծվի առանձին դուստր կազմակերպություն կամ հատուկ նշանակության կազմակերպություն։
Հայաստանն իր օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու նախագծի իրականացման համար նախատեսված հողամասերի համապատասխան սեփականության կարգավիճակը, դրանց ազատ լինելը ծանրաբեռնվածությունից և երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կկրի հողօգտագործման և կառուցապատման հարցերում այդ իրավունքի փոխանցման հետ կապված ֆինանսական ծախսերը։ Ասենք, օրինակ, եթե այդ ընտրված տարածքում կա որևէ անձի սեփականություն հանդիսացող հողակտոր, Հայաստանը հոգ կտանի այն մասին, որ այդ հողակտորն ազատ լինի ծանրաբեռնվածությունից, օրինակ՝ կգնի սեփականատիրոջից և հողօգտագործման իրավունքը կտրամադրի ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը։
Կարծես շատ բան բաց չթողեցի։ Գուցե ձեզ հետաքրքրի նաև նախագծերի իրագործելիությունը կամ գործնական գործարկումը։ Այս պահին արդեն, և վաղուց, ընթանում է նախագծի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրություն։ Մենք նաև առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ որոշ բաներ կարելի է անել նաև մինչև ընկերության հիմնումը և կանոնադրության հաստատումը, այն մտքով, որ հետո դա Հայաստանի կողմից արդեն արված գործ է՝ օրինակ, տարածքի մաքրում կամ որևէ այլ գործողություն։ Սա փորձում ենք անել նախագծի արագ գործարկման նպատակով։ Հիմա որևէ գործողություն այնտեղ կանենք, հետո դա կլինի մեր ներդրումը և որպես ներդրում կփոխանցվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը։ Երևի թե այսքանը։
Հարգելի՛ գործընկերներ, կպատասխանեմ, եթե հարցեր լինեն»։