ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին
07 հոկտեմբերի, 2026Հոկտեմբեր 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:
Ստորև ներկայացված են պատգամավորների հարցերին նախարար Միրզոյանի պատասխանները։
Սոնա Ղազարյան․ Մեծարգո՛ վարչապետ, կառավարության հարգելի՛ անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար պարոն Միրզոյանին։
Պարո’ն Միրզոյան, այսօր Բաքվում տեղի էր ունենում անհետ կորածների թեմայով հանձնաժողովի նիստ, և մի շարք հայտարարություններ հնչեցին։ Այս ամենին զուգահեռ անհնար էր չնկատելը հայաստանյան քաղաքական որոշ ուժերի հետ փոխկապակցված լրատվամիջոցներում տարածված վերնագրերը, մասնավորապես՝ «Ադրբեջանի հերթական պահանջը» վերտառությամբ։
Գուցե ավելորդ է, բայց կցանկանայի Ձեզ հարցնել ԱԳՆ դիրքորոշման վերաբերյալ այս հարցի շուրջ և, որպես երկրորդ հարց, արդյո՞ք այս կամ նման բովանդակությամբ հարց քննարկել եք Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ Ձեր հանդիպման ընթացքում։
Արարատ Միրզոյան․ Բարի՛ օր, հարգելի՛ խորհրդարան։ Տիկի՛ն Ղազարյան, այո՛, իսկապես երեկվանից կամ այսօր առավոտվանից էլի ֆեյսբուքյան փոթորիկներ են, թե «այս թեմայով Ալիևը հերթական պահանջն է ներկայացնում»։ Նախ այս թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, նույնքան էլ Հայաստանի Հանրապետությանը․ մենք մեր անհետ կորածներն ու հարակից հումանիտար հարցերն ունենք։ Մենք հազար անգամ ասել ենք, որ եթե այս հարցը պահանջ է, նաև մե՛ր պահանջն է։ Բազմիցս ասել ենք, ասում ենք ու, ինչպես հասկանում եմ, անընդհատ պիտի ասենք, որ հումանիտար բնույթի հարցերը (հումանիտար բնույթի հարցեր ասելով, որպես կանոն` առաջին հերթին, բայց դրանով չսահմանափակվելով, նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը և այլ հարցեր), այդ թվում՝ անհետ կորածների հարցը մեր մշտական օրակարգի մշտական թեմա՛ն է, խորագի՛րն ու հա՛րցը։ Այդ թեման քննարկվել է և՛ Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում․ Հայաստանի Հանրապետության վարչապետը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցն ու նշել այս ուղղությամբ աշխատանքները գործնականում ավելի շոշափելի դարձնելու կարևորությունը։ Իմ և նախարար Բայրամովի միջև հանդիպման ընթացքում բնականաբար այդ թեմային ևս հատուկ անդրադարձ եղել է Նյու Յորքում։ Այնպես որ սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ՛։ Սա, այո՛, Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է, որը բարձրացվում և հետաքրքրում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը։
Արձագանք Շնորհակա՛լ եմ, պարո՛ն Միրզոյան։ Այս հայտարարություններին զուգահեռ հայաստանյան մեդիադաշտում անհնար էր չնկատելը նաև այլ պետությունից, մասնավորապես՝ Մոսկվայից հնչող որոշ հայտարարությունների շուրջ խոսակցություն, իսկ Մոսկվայից հնչող հայտարարություններն ավելի շատ ստեղծում էին ոչ թե ապաշրջափակմանը, այլ չապաշրջափակմանն ուղղված հայտարարությունների տպավորություններ։ Բնականաբար չեմ խնդրում Ձեզ դրանց արձագանքել, բայց որպեսզի հայ քաղաքացին իմանար, թե դիվերսիֆիկացման ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում, կուզեի, նպատակահարմար գտնելու դեպքում՝ արձագանքեիք առաջին հատվածին և արդեն մեր կողմից կատարվող աշխատանքներին։
Արարատ Միրզոյան․ Սիրո՛վ, սիրո՛վ, տիկի՛ն Ղազարյան։ Ափսոս այս հարց հնչում է որպես արձագանք, և արդեն ընդամենը հիսուն ու մի քանի վայրկյան մնաց պատասխանելու․ սա մի առանձին, լիարժեք հարց ու թեմա է։ Իրականում կան, հատկապես մեդիա ռեսուրսներ, նաև քաղաքական շրջանակներում (Դուք ռուսաստանցի գործընկերներ նշեցիք), որոնք սիրում են խտացնել բոլոր վատ գույները Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող գործընթացներում: Օրինակ՝ նախորդ թեմայի հետ կապված էլ՝ «Իլհամ Ալիևը նոր պահանջ է դրել»։ Նույնը նաև ապաշրջափակման և դիվերսիֆիկացիայի թեմաներով։ Պետք է ասեմ, որ մենք տնտեսական դիվերսիֆիկացիայի և մասնավորապես արտահանման առումով շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք։ Եթե ծավալների առումով ոչ շատ ծանրակշիռ (թեև ես կարող էի այդպես էլ նույնիսկ անվանել), ապա բազմազանեցման ուղղությունների, գործընկերների հետ փոխըմբռնման և աջակցության մասով հաստատ շատ ծանրակշիռ է, օրինակ՝ Եվրոպական միության կողմից առևտրային ինքնավար միջոցների սահմանումը, ինչը նշանակում է, որ շատ մեծ ծավալով անուն հայկական ապրանքների համար Եվրոպական միությունը և այդ երկրներն ուղղակի մաքսավճար չեն վերցնելու։ Կարող եք տեսնել հայկական ծաղիկներ Թուրքմենստանում, հայկական դեղձ Օմանում, հայկական պղպեղ Ռումինիայում, հայկական ծիրան Վարշավայում և բազմաթիվ այլ բաներ, որոնք մի այլ առիթով շատ հանգամանալից կներկայացնեմ։
Քնարիկ Հարությունյան․ Պարո՛ն Միրզոյան, հարցս Ձեզ եմ ուղղում։ Իրան Ձեր այցը շատ ժամանակին էր։ Մենք հետևել ենք հաղորդակցությանը թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից, բայց կցանկանայի, որ Դուք կիսվեիք Ձեր տպավորություններով․ ի՞նչ հիմնական թեմաների եք անդրադարձել, ինչպե՞ս են անցել քննարկումները, և մասնավորապես ԹՐԻՓՓ-ի մասով իրանական կողմի ընկալումն ինչպիսի՞ն է։
Արարատ Միրզոյանը. Տիկի՛ն Հարությունյան, ես և իմ իրանցի ուղիղ գործընկերները, ինչպես նաև Իրանի ղեկավարությունը՝ նախագահը, խորհրդարանի նախագահը, ում հետ հասցրել ենք շփվել, քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, իսկ դա շատ հարուստ օրակարգ է՝ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսությունից, հարաբերությունների ռազմավարական բնույթից սկսած, տնտեսական, ենթակառուցվածքների հարցերով վերջացրած, բազմաթիվ են թեմաները։ Քննարկել ենք, իհարկե, նաև միջազգային իրադրությունը Հարավային Կովկասում և առհասարակ Իրանի շուրջ։
ԹՐԻՓՓ-ի մասով Ձեր հարցի համար ես շատ շնորհակալ եմ։ Առիթնը ուզում եմ կրկին օգտագործել և Հայաստանի հանրությանը, Հայաստանի խորհրդարանին հավաստիացնել, որ Իրանում, առնվազն իմ տպավորությամբ և իմ լսածից եզրակացնելով, ԹՐԻՓՓ-ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է որոշ մեդիա ռեսուրսների, ընդդիմադիր շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Իրանում, իմ տպավորությամբ և իմ լսածից ելնելով, ասում են, որ բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական այն հնարավորություններով, որոնք այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու վերագործարկումն ընձեռելու է հենց Իրանին, իրանցի գործարարներին և Իրանի տնտեսությանը։ Շատ լավ քննարկում ենք ունեցել մեր գործընկերների հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ, հնչել են հարցեր, դրանց տրվել են պատասխաններ: Սրանք բաներ են, որոնք ընթացիկ են։ Մեր աշխատանքներն Իրանի հետ այս ամենի շուրջ շարունակական են, և կարող եմ իսկապես ասել՝ երկու կողմի համար էլ բավարարվածության զգացումով։
Մնացածը, ինչպես ասում են, աժիոտաժ է, որը «փչվում է»։ Սա նույն սերիան է՝ «վա՜յ, Իրանը արգելափակում է ԹՐԻՓՓ-ի գործունեությունը, վա՜յ, Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առաջ, «վա՜յ, հայկական ծիրանը չվաճառվեց, «վա՜յ, մեր մահը մոտ է, վա՜յ, Հայաստանում ամեն ինչ վատ է, վա՜յ, հարձակվեցին Հայաստանի վրա»․․․ Այս ամենն ինչի՞ համար է արվում․ եթե շատ կարճ, ուղիղ ասեմ՝ սկսել պատերազմ, դիմել «փրկիչի» օգնությանը, հայտնվել խեղճի կարգավիճակում և նայել «փրկչին». շատ պարզ է սցենարը։ Ինչ լուր կարդում եք՝ «երաշխավորի երաշխավորմանը», «խաղաղապահի խաղաղապահությանը» և այլն, ինչ լուր կարդում եք՝ ա՛յս ֆիլտրով անցկացրեք։
Արձագանք․ Պարո՛ն Միրզոյան, իսկ արդյո՞ք բեռնափոխադրումների մասով քննարկում եղել է, և նաև ավիափոխադրումների ապագայի տեսլական կա՞, թե՞ ոչ։
Արարատ Միրզոյան․ Տեսե՛ք, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ օրեր առաջ՝ կառավարության նիստից հետո, և այլ առիթով հնարավորություն ունեցավ անդրադառնալու։ Այստեղ կրկին ոչ մի դավադրություն, ոչ մի կեղծավորություն չկա․ շատ թափանցիկ է, հրապարակային էլ ենք ասում՝ մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում Իրանի հետ մեր հարաբերությունները և վտանգի տակ չենք դնելու դրանք։ Իրանի հետ մեր հարաբերություններն այնքան, ինչքան համապատասխանում են, միջազգային, այդ թվում՝ եղած սահմանափակումները, սանկցիաները թույլ են տալիս, խորացնելու ենք, այդ թվում՝ ավիափոխադրումներով, այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հայտնվի այն եզրին, այն սահմանագծին, որից այնկողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, և մեր տնտեսությունը, ասենք, կփլուզվի։ Այո՛, այդ ավիափոխադրումները կան։ Ես ինքս մեկնել եմ (իմ` Իրան կատարած այցից հարցրիք) և վերադարձել եմ այդ ավիաուղիներից մեկով։ Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, այո՛, իրանական կողմում, մաքսային գոտում կան խցանումներ և կուտակումներ։ Մենք հարցը շատ ինտենսիվորեն քննարկում ենք և՛ մեր գծով, և՛ մյուս գործընկեր գերատեսչությունների ուղղությամբ, քննարկում ենք լուծումները։ Կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումն առաջիկա օրերին, հուսով եմ, կտեսնենք։
Շնորհակա՛լ եմ։