ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին

16 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցում է Կառավարության հետ հարցուպատասխանին: 

Ստորև ներկայացված է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին նախարար Միրզոյանի պատասխանը։

Հռիփսիմե Գրիգորյան. Շնորհակալ եմ, մեծարգո՛ նախագահ, մեծարգո՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ։ Հարցս վերաբերում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը։

Պարո՛ն նախարար, կառավարության կառուցվածքում փոփոխություններից մեկը վերաբերում էր հենց Ձեր նախարարությանը։ Երբ քննարկում էինք «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունները, այստեղ՝ Ազգային ժողովում, ընդդիմությունն իր կոմֆորտ քննադատության ամպլուայի մեջ էր, որի առանցքային խոսույթներից մեկը մեզ տարբեր վեհ արժեքներից հրաժարվելու մեջ մեղադրելն էր։ Այս անգամ թիրախում ձեր նախարարությունն էր։ Այն մասին էր քննադատությունը, որ հասել էին այնտեղ, որ ասում էին՝ ինչպես կարելի է արտաքին գործերի վեհ գործառույթը, առաքելությունը և ընդհանրապես առանցքային նախարարության անվանն ավելացնել այնպիսի ոչ վեհ բան, ինչպիսին է առևտուրը՝ առանց գիտակցելու, որ ընդհանրապես աշխարհի տարբեր երկրների համապատասխան նախարարությունների անվան մեջ կա միջազգային կամ արտաքին առևտուր, և ընդհանրապես, որ միջազգային հարաբերությունները և միջազգային առևտուրը նույնն են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով։

Բայց դա թողնենք։ Հարցս Ձեզ հետևյալն է, պարո՛ն նախարար։ Ուզում եմ լսել Ձեր պատկերացումներն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գործառույթի և առաքելության մասին, քանի որ այս փոփոխությունների հիմքում կա մի կարևոր շերտ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ աշխարհի հետ փոխհարաբերություններին և նաև մեր դիմակայունության ավելացմանը, որը գուցե, թերևս, ավելի քիչ նկատելի գործոն է։

Շնորհակալ եմ։

Արարատ Միրզոյան. Բարև Ձեզ, հարգելի՛ խորհրդարան, ողջունում եմ բոլորիդ։

Իսկապես, տիկին Գրիգորյան, կառուցվածքային փոփոխություններից մեկը, էականը, որ աչքի է ընկնում այս Կառավարության ձևավորման ժամանակ, արտաքին գործերի նախարարության վերանվանումն է։ Եվ ինչպես կարող եք ինքներդ դատել՝ դա միայն անվան փոփոխություն չի, դրանից բխող մի ամբողջ ընկալում և կոնցեպտի փոփոխություն է։

Եվ ես ուզում եմ հիմա Խորհրդարանի առջև բացել մի մեծ, մեծ «գաղտնիք». գաղտնիք, որը մնացյալ աշխարհին, համենայն դեպս, ինձ հայտնի հատվածին, հայտնի է եղել դարեր, դարեր, դարեր առաջ և ընդհանրապես աշխարհի քաղաքակրթությունների ձևավորման փուլից։

Ուրեմն, արտաքին քաղաքականությունը, «պարզվում է», կոչված է սպասարկել տվյալ պետության շահերը, և տվյալ պետության շահերը նախ և առաջ տնտեսական շահերն են։

Խոսքը, ընդ որում, միայն նրա մասին չէ, թեև, այո, առաջին հերթին դրա մասին է, թե որքան ռեսուրսների դու կարող ես հասանելիություն ստանալ, որքան քո ռեսուրսներից կամ արտադրանքից կարող ես վաճառել մյուս քաղաքակրթություններին։ Սա նաև նրա մասին է, որ այդպիսի կապեր ստեղծելով՝ դու ոչ միայն ապահովում ես քո խանութների վաճառասեղանների առատությունը կամ ապահովում ես այլոց խանութների, պայմանական խանութների վաճառասեղաններին քո ապրանքների և/կամ ծառայությունների ներկայությունը, այլև այդ կապերը ստեղծելով՝ դու ավելացնում ես քո փոխկապակցվածությունը, փոխկախվածությունը և նաև անվտանգությունը։

Եթե շատ կոպիտ ասենք, ի՞նչ կլինի աշխարհի հետ, եթե հանկարծ դու չլինես, մեծ հաշվով, տնտեսական առումով: Սրա մասին է աշխարհը, սրա մասին է միշտ եղել աշխարհը։

Եվ ահա, մենք 21-րդ դարում, ունենալով տարբեր պետականություններ, պատմության ընթացքում, տեսնելով դրանց կործանումը, ինչ-որ մի հրաշքով հասել ենք 21-րդ դար և այն 200 պետություններից մեկն ենք, որն ունի պետականություն, և 35 տարի անց գլխի ենք ընկնում, որ արտաքին քաղաքականությունը տնտեսական շահերի սպասարկմանն է ծառայում առաջին հերթին, հիմնականում, և միայն:

Մենք մինչ այժմ, նաև տարբեր այլ քաղաքակրթությունների խորհրդով, փաղաքշանքով, հորդորով, քաջալերմամբ, զբաղված ենք եղել մի շատ վեհ առաքելությամբ՝ հանուն աշխարհի, հանուն սուրբ և վեհ նպատակների նահատակվելու առաքելությամբ։

Հիմա, ա՛յ ժողովուրդ ջան, եկեք ուղիղ խոսենք։ Մենք ունեցել ենք մեր արտաքին գործերի նախարարությունը։ Այն եղել է հակամարտության և Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն։ Սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն։ Մենք առաջարկում ենք ունենալ այժմ ապրելու և այդ կյանքն ավելի անվտանգ, ապահով, հարմարավետ դարձնելու արտաքին քաղաքականությունը։

Մեծ հաշվով, փիլիսոփայությունը, որը դրված է այդ փոփոխության հիմքում, կարծում եմ՝ սա է։

Արձագանք. Շնորհակալ եմ, պարոն նախարար։ Նաև շնորհակալ եմ այս, թեև ակնհայտ, բայց հույժ կարևոր «գաղտնիքը», այդ թվում նաև՝ մեր ընդդիմության հետ կիսելու համար։ Բայց խնդրեմ՝ շարունակեք, որովհետև կարծես Ձեր միտքը նաև կիսատ մնաց։

Արարատ Միրզոյան. Դե, շարունակել կարելի է հատորներ գրել սրա մասին, բայց չոր ճշմարտությունն այսքանն է։

Մինչ բոլորը զբաղված են եղել իրար առնելով, վաճառելով և ապահովել են այնպիսի մասնակցություն այնպիսի համաշխարհային ապրանքների և ծառայությունների շարժին, ինչը մենք հիմա փորձում ենք անել նաև ԹՐԻՓՓ-ով, նաև ապաշրջափակմամբ (սրանով է, չէ՞, պայմանավորված), մինչ բոլորը սրանով զբաղված են եղել, մենք զբաղված ենք եղել ինչ-որ վեհ բաներով, որոնք իրականում, պարզվում է, մեզ վերապահված է եղել այդ վեհ դերը. մենք կարող էինք նահատակվել, եթե շատ կարճ և խտացված՝ մինչ իրենք ապրեին ճոխ և հարմարավետ։

Հիմա, բայց ուզում եմ ասել՝ մենք արդեն, ըստ էության, մեծ հաշվով արտաքին գործերի նախարարության առաքելության մանդատի մեջ սրանից կոմպոնենտներ միշտ էլ գրված են եղել։ Հիմա դա ավելի ինստիտուցիոնալ է դառնում։

Հիմա մենք արդեն մի քանի ամիս, ըստ էության, նույնիսկ մինչև պաշտոնական հանգամանքների՝ ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ստիպված եղանք զբաղվել այդ սպառման շուկաների դիվերսիֆիկացիայով։ Ունենք շատ հետաքրքիր ձեռքբերումներ։ Առաջ մտքովս չէր անցնի։

Հենց այսօր ես ստացել եմ մեր դիվանագետներից հաղորդագրություն-նկար՝ հայկական դեղձն Օմանում։ Պատկերացնո՞ւմ եք, մենակ Ռուսաստան կամ Եվրոպական միություն չէ։ Մենք տեսնում ենք Եվրոպական միությունում ընթացող, երեկ ընդունված որոշումը՝ ինքնավար առևտրի միջոցների, բայց նաև ուզում եմ ասել՝ աշխարհը սահմանափակված չի այդ հատվածով։ Գնացե՛ք Օման և կարող եք գնել արդեն հայկական դեղձ։

Շնորհակալ եմ:

Տպել էջը