ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

08 հունիսի, 2026

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին և հանդես եկել զեկույցով։ 

Նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նախարարի ելույթի հատվածը ներկայացված է ստորև:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ և ամենաբարձր միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու առթիվ։

Սա, կարծում եմ, հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները և, առաջին հերթին, ազատ, արդար ու թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի են։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը։

Երկրորդ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդեն երրորդ անգամ անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահելու համար։

Այն փաստը, որ արդեն երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե, շատ խոսուն է և, մյուս կողմից, նաև շատ պատասխանատու ու պարտավորեցնող։ Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, և ինչպես նախկինում, այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեզ վստահված կառավարումն իրականացնենք և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։

Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի մշտական հանձնաժողովների նախագահներ, որ համաձայնեցիք, այնուամենայնիվ, այս հանդիպումն անցկացնել միասնական ձևաչափով։ Կարծում եմ՝ դրանից մենք բոլորս միայն շահում ենք։

Ինչպես արդեն նշեցի, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը, և դա, իհարկե, վերաբերում է նաև արտաքին հարաբերությունների ոլորտին։

Ձեր թույլտվությամբ այժմ հնարավորինս համառոտ կներկայացնեմ 2025 թվականի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում պետական բյուջեի կատարման արդյունքները։

Քանի որ նախորդիվ Ֆինանսների նախարարության կողմից թվային տվյալները չհնչեցվեցին, թույլ տվեք նախ համառոտ ներկայացնել դրանք։

Արտաքին հարաբերությունների գործունեության իրականացման համար 2025թ. հաստատված բյուջեն կազմել է 18.1 մլրդ. դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 21.0 մլրդ. Դրամ: Ընդամենը ծախսերը կազմել են 20 մլրդ 961.2 մլն. դրամ: Ըստ այդմ՝ շուրջ 80 մլն. դրամ գումար չի ծախսվել և տարեվերջին վերադարձվել է պետական բյուջե: Այսինքն կատարողականը բյուջետային առումով, ֆինանսական առումով կազմել է 99.6%: Սա էլ կարծում եմ բավականին բարձր ցուցանիշ է:

Ինչպես նկատեցիք՝ փաստացի, ճշտված բյուջեն 3 մլրդ.-ով ավել է հաստատված բյուջեից: Ուզում եմ տեղեկացնել, որ այս ավելացումը կատարվել է նախ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի ձեռքբերման նպատակով՝ 1,9 մլրդ. դրամ և տարբեր միջոցառումների ավելացման, պակասեցման արդյունքում՝  0,7 մլրդ. դրամ:

Նախարարության կողմից իրականացվում են հինգ հիմնական ծրագրեր՝

  • 1128 - օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում: Այստեղ մեզ հատկացված է եղել 14 մլրդ 639.5 մլն. դրամ:

2025թ.-ին, արդեն ասացի, որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել անշարժ գույք՝ Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքը:

Կհիշեք, նախորդիվ ձեռք էր բերվել նաև Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքը: Մենք այն կարողացանք հիմնովին վերանորոգել, շենքը դրա կարիքն ուներ, և տեղի ունեցավ հանդիսավոր բացումը նաև Ֆրանսիայի իմ գործընկերոջ մասնակցությամբ և այժմ ծառայում է մեր բոլորի շահերին: Այն սպասարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը:

Բրյուսելում ևս նոր շենքը չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը և այս շենքի ձեռքբերումն ու տարածքի ընդլայնումը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների կտրուկ խորացմամբ: 

Կհիշեք, 2025թ. դեկտեմբերին մենք ստորագրեցինք մեր գործընկերության ռազմավարական օրակարգը և արդեն, ըստ էության, շաբաթական, ամսական կտրվաքով տեսնում ենք՝ ինչպիսի նոր բաղադրիչներ են ավելանում Հայաստան-Եվրոպական միություն օրակարգում: Եվ ահա, նաև, կարիք կա ավելի ընդլայնված կազմ ունենալու, ավելի ընդլայնված ֆիզիկական հնարավորություններ ունենալու, և շենքի ձեռքբերումը պայմավորված էր սրանով: 

Ընդհանուր առմամբ, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների քանակը կազմում է 69, որից 2-ի նստավայրը Երևանում է: ՀՀ-ն ունի 47 ռեզիդենտ դեսպանություն և 45 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 115 երկրում:

Օտարերկրյա պետություններում 65 ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից 21 ծառայողական շենքերը հանդիսանում են ՀՀ սեփականություն, 14 շենք տրված է անհատույց օգտագործման: Մնացածը վարձակալվում են: Նշեմ նաև, որ 3 տեղ մենք ունենք հողատարածք, որտեղ պետք է կառուցապատում իրականացվի: 2025թ.-ին այդպիսիք պլանավորված չեն եղել և շինարարություն չի եղել:

  • 1118 - համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ 1 մլրդ 975.3 մլն. դրամ

Հայաստանն անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների և ծրագրերի, կոնվենցիաների, 2025թ. փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության (հայտ չեն ներկայացրել 12-ը)։  

Միանգամից անցնեմ հետաքրքրող հարցի. 2025թ. մենք չենք փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ում մեր գործունեության և մասնակցության համար, պարզ պատճառով՝ մենք այդ գործունեությունը, մեր մասնակցությունը չենք ունեցել այդ կազմակերպությանը:

Որպեսզի չթվարկեմ բոլոր միջազգային համագործակցությունների հարթակները, նշեմ որն է նոր այս տարվա համար. անցյալ տարի միացանք Հաագայում կնքված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին և դարձանք, ըստ էության, մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամ պետությունը: Կհիշեք՝ հանդիսավոր բացվեց Հայաստանի ազգային աթոռը. այդպիսի արարողություն, խորհրդանիշ գոյություն ունի այդ ինստիտուտում։ 

Նաև առաջին անգամ մեր պատմության մեջ ընտրվել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ (2025-2029թթ. համար)։ Այսպիսի բաների մասին սովորաբար առօրյայում քիչ է խոսվում, բայց սրանք նաև ցուցանիշներ են մեր միջազգային, բազմակողմ հարաբերություններում ակտիվության, հետաքրքրությունների և մեր նկատմամբ հետաքրքրությունների աճի մասով: Նաև Հայաստանն առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է հաջորդ Համաժողովը (COP12-ը) հյուրընկալող երկիր։ Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ԱՄՆ նախագահ Թրամփի նախաձեռնած կառույցի՝ Խաղաղության խորհրդի ձևավորմանը: 

  • 1178 - Հաջորդ՝ երրորդ ծրագիրը, օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում՝ 500.8 մլն. դրամ

Կցանկանայի առանձնացնել այն միջոցառումները, որոնք մենք մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք, հատկապես «Երևանյան երկխոսությունը»։ 2025 թվականին այն անցկացվեց արդեն երկրորդ անգամ։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ մեկ ամիս առաջ՝ մի փոքր ավելի, տեղի ունեցավ «Երևանյան երկխոսության» երրորդ ֆորումը։

2025թ. «Երևանյան երկխոսության» երկրորդ համաժողովին մասնակցություն ունեցան 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական  և ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, ԶԼՄ-ների, տեխնոլոգիական ընկերությունների  բարձրաստիճան ներկայացուցիչներ ու այլ հանրաճանաչ անձինք: Միջոցառումն ընդհանուր ունեցել է շուրջ 600 մասնակից: Բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի և միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, տեղի է ունեցել 27 պանելային քննարկում և 50-ից ավել երկկողմ հանդիպում: Հավատացնում եմ՝ այս կարգի միջազգային ֆորումների համար սա բավականին լուրջ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ սա երկրորդ անգամն էր: 

Այս տարի մասնակիցերի թիվը կազմել է ավելի քան 800, տեղի են ունեցել ավելի քան 30 պանելային և այլ ձևաչափի քննարկումներ՝ ավելի քան 180 բանախոսների մասնակցությամբ: Շատ տպավորիչ և ազդեցիկ թվային ցուցանիշներ ունենք: 

Այս տարի միջոցառումներ ենք կազմակերպել Հայաստանում և օտար երկրներում այս տարի կայանալիք COP17-ի շրջանակներում. թեև հիմնական միջոցառումը տեղի է ունենալու այս աշնանը, բայց նախորդ տարի և այս տարվա 6 ամիսների ընթացքում մի շարք ավելի փոքր մասշտաբի միջոցառումներ ենք կազմակերպել:

  • 1050 - միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում՝ 301.5 մլն. դրամ

Սա, ըստ էության, դիվանագիտական դպրոցին վերաբերող ծրագրային հոդվածն է: 12 ունկնդիր ենք ունեցել, 161 անձ՝ դիվանագետներ, այլ գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցներ, օտարերկրյա կրտսեր դիվանագետներ, ինչպես նաև լրագրողներ:

Շատ կարևոր է, որ դիվանագիտական դպրոցում վերապատրաստում են անցնում և մենք ծրագրեր ունենք ոչ միայն հայաստանցիների, այլև բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների համար՝ սկսած Իրաքյան Քուրդիստանից, Իրաք, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Քենիա, Եթովպիա, Նիգերիա, Աֆրիկյան միություն, Ուգանդա, վերջացրած՝ Անգոլայով: Առաջ անցնելով՝ նշեմ, որ կազմակերպում ենք դասընթացներ և ծրագրեր Լատինական Ամերիկայի երկրների համար. հետաքրքրություն կա Արգենտինա, Չիլի, Պերու, Ուրուգվայ և Մեքսիկա պետությունների կողմից: Սա կարևոր է նրանով, որ այն դիվանագետները, ովքեր այցելում են Հայաստան, որոշակի ժամանակ են անցկացնում Հայաստանում, մասնակցում են դասընթացներին, վերապատրաստման հնարավորություն են ունենում, նախ՝ ավելի մոտիկից են ծանոթանում Հայաստանին, նրա ներքին և արտաքին քաղաքական միջավայրերին, ապա նաև՝ կապվում են Հայաստանի հետ, և մենք հուսով ենք, որ ապագայում այս մեր երիտասարդ գործընկերների հետ կհաստատենք ապագայում նաև երկարաժամկետ գործընկերություն, երբ որ նաև նրանք կլինենք ոչ այդքան երիտասարդ դիվանագետներ:

  • 1061 - արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում 3 մլրդ 392.9 մլն. դրամ, 

Ընդհանուր առմամբ, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 186 երկրների հետ։ 2025թ. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել երեք երկրների հետ, որոնք ներառված են այս ցանկի մեջ` Լեսոթո, Սողոմոնյան կղզիներ և Պակիստան։ Կհիշեք՝ այդ երկար չարչրկված, լուծում պահանջող հարցը՝ Հայաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բացակայությունը: Եվ ահա՝ 2025թ. մեզ հաջողվեց համաձայնության գալ, և շատ հանդիսավոր պայմաններում ես և իմ պակիստանցի գործընկերը ստորագրեցինք համապատասխան փաստաթղթեր և միմյանց միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս տարի, թեև չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, այդ երկրների շարքը լրացրեց Սամոան:

2025թ. ստորագրվել է 127 պայմանագիր, ուժի մեջ է մտել 68-ը:   

Էական ջանքեր ենք գործադրել և կշարունակենք գործադրել թվայնացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա մի օրակարգ է, մի ուղղություն, որի շրջանակներում ջանքեր պետք է գործադրեն բոլոր գերատեսչությունները։ Հատկապես քաղաքացիներին կհետաքրքրի հյուպատոսական ծառայությունների թվայնացումը։ Այստեղ ունենք շոշափելի առաջընթաց և առաջիկայում էլ ավելի շոշափելի առաջնթաց կունենանք:

Ես վստահ չեմ, թե որքանով քաղաքական բովանդակությունն արժե ներկայացնել, բայց շատ հիմնական գծերով կանդրադառնամ, որովհետև հակառակ դեպքում կիսատ  կլինի։ Այնուամենայնիվ, որքան էլ բոլորդ քաջատեղյակ եք 2025թ․-ի արտաքին քաղաքական անցուդարձից, ամենաէական, շոշափելի և նշանակալի քայլը 2025թ․-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաժողովն էր, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունվեց հռչակագիր, որը վկայեց և որպես ականատես ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նույն հռչակագրի և գագաթնաժողովի շրջանակներում ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ նախաստորագրեցի Խաղաղության համաձայնագիրը, ձեռք բերվեցին նաև պայմանավորվածություններ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը շոշափելի ազդեցություն ունի մեր քաղաքացիների կյանքի վրա մի կողմից տնտեսական առումով, քանի որ ստեղծում է տնտեսական զարգացման լայն հնարավորություններ, մյուս կողմից՝ քաղաքական․ այն միաժամանակ և՛ խաղաղության հաստատման արդյունք է, և՛ խաղաղության ամրապնդման ու շարունակականության թիվ մեկ երաշխիքը։

Գիտեք, որ արդեն անցած տարի Հայաստանի Հանրապետություն առաքվող բեռներ են անցել Ադրբեջանի տարածքով։ Վստահ եմ՝ առաջիկայում փոխադարձաբար Հայաստանի Հանրապետության տարածքով նույնպես բեռներ կանցնեն դեպի Ադրբեջան։

Շարունակվել է նաև սահմանազատման գործընթացը։ Տեղի են ունեցել քաղաքացիական հասարակության հանդիպումներ, և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ են այցելել միմյանց։

Շարունակվել է նաև Թուրքիայի հետ մեր երկխոսությունը: Տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ։ Այս մասին մենք անընդհատ և հանգամանալից տեղեկացրել ենք մեր հանրությանը։

Թուրքիայի վերաբերյալ ամփոփելով՝ ասեմ, որ ամեն փուլում շոշափելի առաջընթաց ենք ունենում մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, կունենանք հարաբերությունների ամբողջական կարգավորում։ Միայն վերջին իրադարձությունը նշեմ, չնայած նույնպես չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին․ մենք այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև ունենք մաքսային իմաստով ուղիղ առևտուր, իսկ  աշխարհագրորեն դրանք, գիտեք, դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով։ 

Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերություններին, 2025թ.-ին մենք էականորեն ընդլայնեցինք ռազմավարական գործընկերների մեր շրջանակը․ ռազմավարական 6 գործընկերություն հաստատեցինք, օրինակ` Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի, ասիական ուղղությամբ՝ Չինաստանի, Ղազախստանի հետ։ Ինչպես կարող եք տեսնել, երկրների աշխարհագրական ընդգրկումը և նաև ինչ֊որ առումով քաղաքական բաշխվածությունը բավականին լայն են։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մենք համառորեն, հետևողականորեն շարունակում ենք իրականացնել արտաքին հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականություն, և դա տալիս է, կարող եք տեսնել, իր արդյունքները։ Այս տարի օրինակ Ֆրանսիան, Բուլղարիան, Խորվաթիան, Լիտվան, Միացյալ Թագավորությունը համալրեցին արդեն նշածս ցանկը։ 

Եվրոպական միության հետ ունենք շատ հարուստ և աճող օրակարգ։ Կարծում եմ, որ քաղաքացիներին այստեղ թիվ մեկ հետաքրքրող հարցը, այնուամենայնիվ, վիզաների ազատականացումն է․ այստեղ ունենք շատ շոշափելի առաջընթացներ, և գործընկերները կարծում են, որ սահմանված գրաֆիկով բավականին արագ ենք ընթանում դեպի վերջնական ազատականացում։ Կրկին կարող եմ նշել Եվրոպական քաղաքական համայնքի՝ արդեն այս տարի տեղի ունեցած գագաթնաժողովը։ Կարող եմ նշել Հայաստան-Եվրոպական միություն՝ երբևէ առաջին անգամ տեղի ունեցած գագաթնաժողովը։ Մնացած բոլոր ուղղություններով ևս մենք շարունակել ենք մեր հետևողական քաղաքականությունը։ 

Առանձին չեմ կենտրոնանա Լատինական Ամերիկայի կամ Ծոցի երկրների վրա։ Նաև կարող եմ ասել` այս տարի Ծոցի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ անընդհատ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են։ Մենք ցանկանում ենք օր առաջ տեսնել խաղաղություն մեր մեծ տարածաշրջանում․ այն մեզ և՛ քաղաքական երկխոսությունը շարունակելու, և՛ նոր տնտեսական համագործակցության հնարավորություններ բացահայտելու հնարավորություններ կտա։ 

Այսքանը։

Շնորհակալ եմ։ Եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։»

Տպել էջը