ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին

25 մարտի, 2026

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին: Ստորև ներկայացված են պատգամավորների հարցերին նախարար Միրզոյանի պատասխանը։

Հարց (Լիլիթ Մինասյան). Ակնհայտ է դառնում, որ այս վերջին շրջանում երաշխավորի թեզը մատի փաթաթան են սարքել և անընդհատ կրկնում են։ Պարո՛ն Միրզոյան, գիտեմ, որ այս հարցին անդրադարձել եք նաև հանձնաժողովի նիստում, բայց անկեղծ պետք է լինեմ և հիշենք մի շրջան, երբ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ինքն էր կարևորում հենց երաշխավորի թեման բանակցային փուլում։ Ես կխնդրեմ Ձեր մեկնաբանությունն այս հարցով: 

Արարատ Միրզոյան. Տիկի՛ն Մինասյան, հարգելի՛ գործընկերներ, ինչ-որ այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա որ մի քիչ փորձենք հիշել, շատ վաղ անցյալի մասին չեմ խոսում, երևի երկու շաբաթ առաջ և այդպես մի երկու, երեք, չորս տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում և «Ղարաբաղ հետ բերելու» և այլնի մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Բայց հիմա նոր բան են սկսել ասել, այս վերջին օրերին նոր նրբերանգ է մտել, նոր բան են մտածել. խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված։ 

Վարչապետը նույնպես քիչ առաջ դրան էր անդրադառնում, և այս օրերին ընդհանրապես, և դրանից առաջ նույնպես մենք հնարավորություն ենք ունեցել ասելու, որ երաշխավորներն առհասարակ, հարգելի՛ գործընկերներ, եկեք խոստովանենք՝ հետապնդում են իրենց շահը սառը հաշվարկների աշխարհում. միջազգային հարաբերություններում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն։ Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված և մի երաշխավորի կողմից չէ, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում հետաքրքրաբար խախտվել են երբեմն երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորներն այդտեղ սիրուն աչքերի համար չէ, որ գնում են, այլ հետապնդում են իրենց սեփական շահերը։ 

Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների, երաշխավորների մասին և խոսել է ինչ կոնտեքստով` խաղաղությունն ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով, և ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք: Այդ խաղաղությունը նույնիսկ արդեն տարածաշրջանային մեծ փոթորիկների և պայթյունների մեջ, եթե թույլ կտաք ասել, առիթ է ունեցել ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսին լինել, ապագայում ևս կապացուցի իր կենսունակությունը:

Եկեք հարց տանք՝ ինչո՞վ է պայմանավորված այդ խաղաղության ամրությունը, եթե չկան երաշխավորներ: Պայմանավորված է հետևյալով. իմ խորին համոզմամբ, խաղաղություն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, պայմանական աշխարհի ցանկացած երկու երկրների միջև խաղաղությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերի, երկու պետությունների համար։ Հետևաբար, մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ, մեխանիզմ, մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի համար, և՛ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը։ 

Ես, նաև առաջ անցնելով, ասեմ, որ մենք արդեն կարծես թե տեսնում ենք այդ մեխանիզմների ստեղծումը. դա և՛ քաղհասարակությունների միջև երկխոսությունն է, և՛ տարանցիկությունն է, երկկողմ առևտուրն է։ Այնպես որ նորից ամփոփելով այդ երաշխավորացավը՝ խաղաղության ամրությունը ոչ թե երաշխավորներով է, այլ փոխշահավետությամբ, և երաշխավոր ունենալու ցանկությունն էլ մեկ այլ մղման, մեկ այլ ցանկության դրսևորում է։ 

Արձագանք.  Հարցը նրանում է, որ մենք, ժամանակին ինքներս պնդելով այդ թեզը, տեսել ենք արձագանքները, այդ թվում՝ հանրային արձագանքները նաև Ադրբեջանի կողմից, որ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցությունների փուլ մտնել երրորդ կողմի միջնորդությամբ և այս մասով շատ կարևոր է նշել, որ ընդդիմությունն առաջարկում է հետ գալ, մեկ քայլ հետ գնալ, երկու քայլ հետ գնալ, կրկին նույն վիճակին, երբ կոնֆլիկտը սառեցված չէր, կոնֆլիկտն առկա էր, և մենք բոլորս անընդհատ փորձում էինք լուծումներ գտնել։ Իսկ խաղաղության պայմանագրի, նախաստորագրված պայմանագրի և խաղաղության թեմայով ընդհանրապես իրենց հեգնանքը և թերահավատությունը կայանում է նրանում, որ նրանք այլընտրանքային առաջարկ չեն ներկայացնում։ Այստեղ շատ կարևոր է՝ այս երաշխավորների թեման, ինձ թվում է՝ ի հայտ է եկել այդ այլընտրանքային առաջարկի բացակայությունից։ Կուզենայի նաև, որ այս այլընտրանքային առաջարկը, որը կարող էր լինել ընդդիմության կողմից, Ձեզանից լսել:

Արարատ Միրզոյան. Տարօրինակ է, որ ես պետք է հնչեցնեմ ընդդիմության կողմից հնարավոր այլընտրանքային առաջարկը, թող մի քիչ չարչարվեն, իրենք մտածեն` ինչ այլընտրանք պետք է առաջարկեն։ Կարծում եմ` փորձել են և չի ստացվել, չկա այդ այլընտրանքը։ 

Տիկի՛ն Մինասյան, ես քիչ առաջ ասացի` ասում էին` այս խաղաղությունը պետք չէ, մենք պետք է սա հետ բերենք, նա հետ բերենք, սա անենք, նա անենք, հետո տեսան այս մոտեցման սնանկությունը և հիմա ասում են` այո,՛ խաղաղություն, բայց արժանապատիվ, այո՛, խաղաղություն, բայց երաշխավորով։ 

Ենթադրենք համաձայն ենք, կարո՞ղ են բացել ձեր պատկերացրած խաղաղությունը կետերով՝ ո՞նց է լինում: Վստահ եմ` չեն կարող, մեկ, երկու կետ էլ չեն կարող ասել: Ասելու են նույն խաղաղությունն ինչ որ մենք նկատի ունենք: Ասում են ղարաբաղցիների վերադարձ, որ ասում ես` խնդիր չկա, եկեք մի հատ հասկանանք. մի հատ բացեք, կարող է մենք նույնպես համաձայնվում ենք, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ պայմաններով։ Արդյո՞ք ղարաբաղցիների վերադարձ այնպես ոնց որ նախկինում էիք ասում` անկախ պետություն պահանջով, թե՞ ղարաբաղցիների վերադարձ այնպես, որտեղ դպրոցներում հայերեն է լինելու թե՞ ոչ: Որ սկսեն բացել, կարո՞ղ է պարզվի, որ իրենց պատկերացրած՝  Ղարաբաղում ղարաբաղցիների բնակության նշաձողը տասնապատիկ ավելի ցածր է, քան այն որ մենք էինք ասում՝ մի քիչ նշաձողն իջեցնենք, կարող է հնարավոր լինի լուծումներ գտնել։ Կարո՞ղ է պարզվի, որ իրենք ոչ միայն մինչև մեզ երեսուն տարի շարունակ, այլև այսօր նույնպես շարունակում են խաբել ու մոլորեցնել մարդկանց։ 

Նորից վերադառնալով այդ երաշխավորի պատմությանը՝ ուղղակի կարճ ամփոփեմ: Ժողովուրդ ջան, ուղիղ ասում եմ` նման զանազան բաներ մի փնտրեք, ոչ էլ թող մեր փորձագիտական դաշտը չարչարվի։ Այստեղ մեկ  պատճառ կա իրենց կողմից երաշխավոր ասելու. ո՛չ ավելի ամուր խաղաղություն են ուզում, ո՛չ ավելի ապահով ապագա են ուզում, ամեն ինչ սուտ է, մեկ բան են ուզում՝ կոնկրետ իքս երկիրն ինչ-որ մեկ այլ, հավելյալ լծակներով շարունակի ավելացնել ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջանի սահմանին և ըստ այդմ՝ շարունակվի այն ողջ ցիկլը, որի մեջ մենք եղել ենք, հետո նորից ու նորից ենք եղել. մեր ընդդիմություն կոչվածների շնորհիվ այսպես քթներիցս բռնած տանեն կրկին հագցնեն նույն պատին, հետո նորից ու նորից նույն պատին։ 

Մենք՝ Քաղաքացիական պայմանագիրը, ի՞նչ ենք առաջարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին. այնպես անել, որ այս անգամ չխփենք պատին, այլ գուցե վերաապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգի։ 

Հարց (Մարինա Ղազարյան). Պարո՛ն նախարար, մարտի 26-27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունն Աշխաբադում՝ միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը։ Հավելեմ, որ ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով, ինչը, իմ կարծիքով, այս իրավիճակում ավելի է ծանրացնում այդ իրավիճակը։ Հարցերս հետևյալն են` ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվի պարզաբանում, երկրորդը՝ կիրառվե՞լ է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Հավելեմ, որ ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք, այլ տարանցիկ պետք է լիներ իմ չվերթը: Եվ երրորդ հարցս. պարո՛ն նախարար, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկի այս պարագայում։ 

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար, տիկի՛ն Ղազարյան: Անկեղծ ասած, ինձ տեղեկացրել են դեպքի մասին, և մենք, բնականաբար, մանրամասները Ձեզ հետ և Ազգային ժողովի աշխատակազմի հետ ճշտելուց հետո անպայման պաշտոնական դիվանագիտական խողովակներով կդիմենք ռուսական կողմին՝ պարզաբանումներ հայցելով և եթե այդպիսին է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ նաև առաջարկելով փոխել այդ դիրքորոշումը: Այսքանով հարցն այս փուլում առնվազն պատասխանված եմ համարում, բայց ուզում եմ նաև առաջ անցնել և, այսինքն, ավելի լայն նայել հարցին։ Ցավոք սրտի, առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստանի Դաշնության այս կամ այն պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետություն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին։ Օրինակ՝ այս պահին մտքիս գալիս է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիններից` Արթիկի համայնքապետի դեպքը։ Այսպիսի դեպքերը, իհարկե, ցավալի են, բայց հետո ասում ենք, որ Հայաստանի դեմ խառը կա՛մ խառնածին, կա՛մ հիբրիդային գործողությունների մի մաս գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են` ոնց կարելի է նման բան ասել։ Երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չէ անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություն: Ու՞մ համար է գաղտնիք՝ ռուսական մեդիայից նույնպես լսում ենք Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված կառավարության և վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ, նաև այս կամ այն օղակի տրամաչափի պաշտոնյաների կողմից և ահա նաև այս դեպքը: Սա լավ չէ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համար։ Կխնդրենք նաև ճշգրտել դիրքորոշումը։ Շնորհակալ եմ:

Տպել էջը