ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
23 մարտի, 2026Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի զեկույցի ամբողջական տեքստը:
«Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալություն, տիկի՛ն Կարապետյան։
Նախորդ տարվա ավարտից հետո, նաև ընթացքում և դեպի տարեմուտ, ժամանակագրորեն մենք արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու այն թեմաների մասին, որոնց վերաբերյալ ես հիմա զեկույց եմ ներկայացնելու, և այնուամենայնիվ, քանի որ ձևաչափը ենթադրում է, և կներեք, եթե որոշ բաներ կրկնություն որպես կհնչեն, ես ներկայացնեմ Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Տարվա գլխավոր թեման, իհարկե և հասկանալիորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Կհիշեք՝ դեռևս մարտի կեսերին մենք և Ադրբեջանը հայտարարեցինք, որ ավարտել ենք բանակցությունները Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և տեքստն այլևս համաձայնեցված է, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն հայտնեց անմիջապես մեկնարկել խորհրդակցությունները` որոշելու Համաձայնագրի ստորագրման տեղը և ժամանակը։ Այնուհետև, ընդամենն ամիսներ անց` օգոստոսի 8-ին, արդեն Սպիտակ տանը` Վաշինգտոնում, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի նախագահը, Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ և վկայությամբ, հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Մինչ այդ պահը մենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցինք համաձայնագիրը և արդեն երկրների ղեկավարների հայտարարությամբ ողջունվեց այդ նախաստորագրումը և հայտարարվեց խաղաղության հաստատման մասին: Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել՝ խաղաղության հաստատմանը զուգահեռ նաև համաձայնեցվեցին և հանրահռչակվեցին այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու, և արդեն կարող ենք ասել՝ տեղի է ունենում, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Ես ավելորդ չեմ համարում կրկնել այդ սկզբունքները. երկու երկրների, տվյալ դեպքում, երբ Հայաստանի մասին ենք խոսում, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և իրավազորության շրջանակներում, սա մեկ անգամ ևս երևի արժե ասել։ Այսինքն` բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակառուցվածքներ, որոնք կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կմնան, կգործեն Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության շրջանակներում և ներքո։ Սա ինչո՞ւ եմ այսպես ընդգծում, որովհետև մինչ այսօր, բայց առավել ևս մինչև օգոստոսի 8-ի Հռչակագիրը, մեծ ծավալներով և էականորեն շահարկվում էր թեման, զանազան դավադրապաշտական թեզեր էին դրվում այս շահարկումների տակ, և ահա սևով սպիտակի վրա գրված է այն, ինչ գրված է, և այլևս տարբեր մեկնաբանությունների շատ տեղ չկա, թեև նախանձելի համառությամբ որոշ մարդիկ շարունակում են։
Միաժամանակ, օգոստոս 8-ին հայտարարվեց ԹՐԻՓՓ նախագծի մասին, իսկ արդեն ամիսներ անց՝ 2026թ. հունվարի 14-ին, մենք Վաշինգտոնում ևս մի մեծ և էական քայլ կատարեցինք ԹՐԻՓՓ-ի մարմնականացման, նյութականացման ուղղությամբ. իրականացման շրջանակը համաձայնեցվեց և հանրահռչակվեց Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև և կողմից։ Եվ ահա նորից խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին, քանի որ կրկին կան շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում մի անգամ էլ ասել` ինչի մասին է ԹՐԻՓՓ-ը։ ԹՐԻՓՓ-ը ներդրումային, տրանսպորտային կամ փոխկապակցային մի մեծ նախագիծ է, որը մեծ հաշվով ունի երեք շերտ։ Այս նախագիծը, որը ներառելու է և՛ երկաթուղային, և՛, ենթադրաբար ապագայում ավտոմոբիլաճանապարհային, ինչպես նաև նավթագազամուղային, էլեկտրական մալուխների և այլ կապակցվածություն, կապակցային կամ կապակցվածության մի մեծ տնտեսական նախագիծ է, որը, կարելի է ասել, երեք հիմնական գործառույթ ունի, երեք շերտ ունի։
Առաջինը, պատահական հերթականությամբ եմ ասում, Հայաստանի կապը երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և Հայաստանի կապն իր հետ, այսինքն` Հայաստանի, ենթադրաբար հյուսիսային, ներպետական կապ Ադրբեջանի տարածքով։ Սա մի շերտ: Երկրորդ շերտը` Ադրբեջանի կապը երրորդ երկրների հետ, Ադրբեջանի կապն իր հետ, օրինակ` Ադրբեջանի հիմնական մասը և Նախիջևանը: Երրորդ շերտը` երրորդ երկրների կապը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ, օրինակ` Ղազախստան-Պորտուգալիա կապը կամ Ղազախստան-Թուրքիա կապը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։ Այս պահին կրկին, նաև հասկանալով հետաքրքրությունը, ասեմ, որ բանակցությունները շարունակվում են. եղավ օգոստոսի 8-ի սկզբունքների հանրահռչակումը, եղավ 2026թ. հունվարի 14-ի Իրականացման շրջանակը և ենթադրաբար հիմա սրան կհաջորդի նաև Հայաստան-ԱՄՆ միջպետական, միջկառավարական համաձայնագիրը, որտեղ արդեն իրավական հիմք կլինի, որով, մեծ հաշվով, կհիմնադրվի ԹՐԻՓՓ-ը, և բոլոր մնացած մանրամասները կհստակեցվեն:
Հաշվետու շրջանում՝ 2025 թ., քանի որ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները և խաղաղության հաստատումը և հետագա հաշտեցման գործընթացը հասարակությունների միջև, բնականաբար տեղի են ունեցել բարձրաստիճան շփումներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է չորս անգամ՝ Տիրանա, Աբու Դաբի, Թիենծին, Կոպենհագեն քաղաքներում։ Ես ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել եմ երկու անգամ՝ Անթալիայում և հետո` Նյու Յորքում։
Կարևոր են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումները և փոխայցերը, սահմանազատման հանձնաժողովների միջև շարունակական աշխատանքը: Բայց կրկին, շոշափելի վկայություն առ այն, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք, դա մի հեռու գաղափար չէ, այն կա, գոյություն ունի և բավականին շոշափելի է, ինչի մասին բազմիցս ասել ենք, և՛ կրակոցների, և՛ զոհերի բացակայությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, և հիշում եք՝ անմիջապես օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար, Ղազախստանից և Ռուսաստանից եղան ներմուծումներ, և հիմա հակառակ ուղղությամբ նույնպես կլինի։ Հայաստանը հայտարարեց` իր տարածքը ևս բաց է և կարող են այդ տարանցումները տեղի ունենալ, և ավելին, սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի երկկողմ առևտուր։ Հայկական ընկերություններն ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են գնում, և այսօր երկու երկրները քննարկում են նաև այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել միմյանց ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը։ Սա մի կողմից խաղաղության շատ շոշափելի վկայություն է, մյուս կողմից հակադարձ ազդեցությամբ գալիս է այս խաղաղությունն ամրապնդելու:
Բայց մեկ է, որքան էլ որ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա, և այդ հարցը հնչում է շարունակաբար․ որո՞նք են այն երաշխիքները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս հարցը ես անհրաժեշտ եմ համարում շարունակաբար հասցեագրել, խոսել։ Մեծ հաշվով, մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, գործող խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը, և ահա երբ այս հարցը մշտապես առաջանում է, ո՞րն է այն երաշխիքը կամ որո՞նք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը, ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած` չակերտավոր, որոնք չեն գործել և խախտողներ եղել են երաշխավորները։ Ի վերջո, եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս իրենց շահերին են հետամուտ լինում, և դրանք ինչ-որ ժամանակի, ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը:
Եվ հիմա մեր դեպքում, ի վերջո, ո՞րն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են, քանի դեռ և այնքանով, որքանո՞վ այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների, և եթե և քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։
Իհարկե, ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպ է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, կլինի մեծ չափազանցություն։ Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, ի վերջո այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո մենք դեռ ունենք Բաքվի բանտերում պահվող անձինք, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում և՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում, հոգեբանական մեծ տրավմա, որը որ շատ հասկանալիորեն հասարակությունը դեռ ունի և՛ այլն, և՛ այլն: Բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան և միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում էլ և երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների տեքստերում նաև աստիճանաբար նվազում է։ Սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով և մի օր, հուսով եմ, կունենանք վերջնական, նույնիսկ և այդ թվում նաև հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև։
Հարգելի՛ գործընկերներ,
Երբ որ խոսում ենք հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին, մենք ունենք չորս անմիջական հարևան, երկուսի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ։ Ադրբեջանին անդրադարձա և ուզում եմ նաև խոսել Թուրքիայի մաին: Մենք ունենք բավականին դինամիկ և դրական երկխոսություն, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է: Օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործմանման համար կա համատեղ աշխատանքային խումբ, այս աշխատանքային խումբն ունեցել է երկու, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հանդիպում, գնացել են տեղում ենթակառուցվածքներին ծանոթացել են: Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է և իրավական հիմքեր են հստակեցվում, կամ մեխանիզմներ ենք փորձում հասկանալ, օրինակ` Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։ Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումներ են տեղի ունեցել, ես եմ հանդիպումներ, շփումներ ունեցել Թուրքիայի իմ գործընկերոջ հետ։ Մեր մյուս գերատեսչությունների ղեկավարներն են առիթ ունեցել մասնակցելու այդպիսի քննարկումների, այցեր անելու և հանդիպելու։ Տեղի ունեցող կամ տեղի ունեցած շոշափելի փաստերից կուզենայի նշել «ի վիզա» (E-VISA) էլեկտրոնային համակարգով և առանց պետտուրքի մուտքի արտոնագիր ստանալու հասանելիությունը Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար: Թուրքական ավիաուղիների մուտքը ևս այստեղ կարելի է թվարկել։
Անդրադառնամ մեր մյուս երկու հարևաններին: Վրաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն, ավանդական շատ ջերմ հարաբերություններ և եղել են բազմաթիվ շփումներ բարձր, բարձրագույն մակարդակներով։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույնպես ձեռք է բերվել պայմանավորություն Հայաստան-Իրան հարաբերությունները դե յուրե ռազմավարականի վերածելու, թեև դրանք իրականում վաղուց ռազմավարական գործընկերություն են։
Քանզի խոսում ենք ռազմավարական գործընկերություններից, անցյալ տարում մեզ հաջողվել է, կհիշեք` հունվարին էր կրկին, ռազմավարական գործընկերություն հաստատել Միացյալ Նահանգների հետ, նորից բազմաթիվ քննադատություններով, թե ինչպես կարելի է այդպիսի քայլի գնալ հեռացող ադմինիստրացիայի հետ։ Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգների նոր վարչակազմը վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի հետ ունենալ ռազմավարական գործընկերություն և ավելին, նույն օգոստոսի 8-ին, որի մասին ես քիչ առաջ խոսեցի Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում, նաև եղան երկկողմ ձեռքբերումներ Հայաստան-Միացյալ Նահանգներ կոնտեքստում: Երեք հուշագրեր ստորագրվեցին և՛ ԹՐԻՓՓ-ի, և՛ ենթակառուցվածներին աջակցելու մասին, էներգետիկա, արհեստական բանականություն, տվյալների կենտրոններ և այլն։ Եվ կրկին լսեցինք քննադատություն առ այն, որ վերջիններս հռչակագրային բնույթի բաներ են, մեզ ոչինչ չտվող, և շատ կարճ ժամանակ անց մենք տեսանք, որ ամերիկյան էական մասնակցությամբ և մեծ հավակնություններով արհեստական բանականության և տվյալների կենտրոնի ուղղությամբ աշխատող ընկերություններ, նույն «NVIDIA» մուտքը և հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, այնպիսի տեխնոլոգիաների ստացումը, նույն «NVIDIA», որոնց Միացյալ Նահանգները շատ զգայուն են վերաբերվում և ամենևին ամեն պետություն չէ, որին այդ տեխնոլոգիաները կարող են տրամադրվել և՛ այլն, և՛ այլն։ Հետագայում դա ամրապնդվեց նաև փոխնախագահ Վենսի այցով և հնչած հայտարարություններով: Ամբողջը հրապարակային է, կարող եք մանրամասներին ինքներդ տեղեկանալ։
Եվրոպական ուղղությամբ մենք ռազմավարակն գործընկերություն ամրագրեցինք Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, Գերմանիայի հետ` երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ: Ֆրանսիայի հետ, ասել ենք այս մասին, քննարկումներ եղել են, և կա պայմանավորվածություն առաջիկա պատեհ առիթի դեպքում նույնպես այդ ռազմավարական գործընկերությունը հռչակել: Միացյալ Թագավորության հետ ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին մտադրություն ենք հայտնել։
Դեկտեմբերին ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգը։ Եվրոպական միության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ։ Ստորագրվել և ուժի մեջ է մտել «Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք մասնակցել Եվրոպական միության տարբեր քաղաքացիական առաքելություններին։ Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ տրամադրումը եվրոպական խաղաղության գործիքի ներքո։ Երկրորդի դեպքում խոսքը 20 միլիոն եվրոյի աջակցության մասին էր:
Վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։ Հայաստանը բավականին արագ, պետք է նկատել, Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը, շարունակում է իրականացվել, արդեն ամփոփվել, ավարտին է հասցվել Հայաստանի համար «Դիմակայություն և աճ» ծրագրի երկրորդ փուլը։
Այս տարի մայիսին մենք կհյուրընկալենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նաև Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը տեղի կունենա։ Երբ խոսում ենք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններից, երևի՝ առաջինը որ պետք է նկատենք, թեև ժամանակագրորեն ես վերջինն այս մասին խոսեցի, խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է, որով որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականության մասին` մեկնարկել Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միության անդամակցության գործընթացը։
Ասիական ուղղությամբ ևս ունենք ձեռքբերումներ։ Չինաստանի և Ղազախստանի հետ կրկին հաստատվեցին ռազմավարական գործընկերություններ, ընդ որում, կրկին մեծ վերապահումներ և քննարկումներ կային որոշ փորձագիտական շրջանակների կողմից, թե ինչպես է հնարավոր անել մեկը կամ մյուսը։ Մեզ շարունակաբար փորձում էին և դեռ փորձում են կանգնացնել որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական ընտրության, որևէ բևեռի միանշանակ և անվերապահ հարելու կամ միանալու անհրաժեշտության առջև: Սա մեր քաղաքականությունը չէ, մենք խորապես համոզված ենք, որ պետք է, և սա է Հայաստանի Հանրապետության համար ճշմարիտ ճանապարհը, և մենք շարունակելու ենք այդ ուղով գնալ, այն է` հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը և կոնկրետ և Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ՝ մի կողմից, Չինաստանի հետ՝ մյուս կողմից, ռազմավարական գործընկերությունները վկայում են այդ քաղաքականության հաջողության մասին։
Ավանդական Մերձավոր Արևելքի և մասնավորապես Ծոցի երկրների հետ ունենք շատ լավ և զարգացող հարաբերություններ։ Սաուդյան Արաբիայի հետ առաջին անգամ ստորագրեցինք ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին փաստաթուղթ, Սիրիայում նոր իշխանությունների հետ հարաբերությունների հաստատում, կապերի ընդլայնում։
Աֆրիկյան մայրցամաքը մեզ համար նոր, հարաբերականորեն նոր ուղղություն է, շարունակելու ենք այս ճանապարհով գնալ, և մեզ համար, թող թույլ տրվի ասել, բացահայտել Աֆրիկան։ Առաջին անգամ դեսպան ենք հավատարմագրել Էրիթրեայում և Գանայում, Կահիրեից ենք ծածկում: Առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացրել Եթովպիայի և Բենինի հետ: Քենիայի, ՀԱՀ, Նամիբիայի և Սենեգալի ԱԳՆ-երի հետ անցկացվել են առցանց ձևաչափով հանդիպումներ, Անգոլայի հետ երկու փաստաթուղթ ենք ստորագրել։ Կրկին կարելի է ասել, որ շատ լուրջ քայլեր ենք արել և և շարունակելու ենք:
Հեռավոր Արևելքի ուղղությամբ դրական դինամիկան ակնհայտ է։ Չինաստանն ասացի, Հնդկաստանի հետ արդեն կարող ենք ասել ավանդական ջերմ, ջերմագույն հարաբերություններ, Ճապոնիա, Կորեա, Վիետնամ, Մոնղոլիա։ Կառանձնացնեի վարչապետ Փաշինյանի այցը Ճապոնիա սեպտեմբերի սկզբին։ Հարավային Ամերիկան ևս․ ես կուզեի նշել նաև իմ այցը Բրազիլ, բազմաթիվ այլ բարձրաստիճան շփումներ։
Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել անցած տարի երեք երկրների հետ` Լեսոթո, Սողոմոնյան կղզիներ և Պակիստան։ Հատկապես Պակիստանի դեպքում, գիտեք, տարիներ շարունակ խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման և հաստատել, և նաև պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերությունները: Այժմ կապի մեջ ենք և դեսպաններ ենք հավատարմագրելու, ոչ ռեզիդենտ այս փուլում, բայց այս պրոցեսի մեջ ենք։
Իսկ ռեզիդենտ դեսպանություններ մենք հիմնել ենք Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում։ Մի քանի օր առաջ Օմանում պաշտոնական բացմանի արարողություն տեղի ունեցավ իմ և օմանցի գործընկերոջս մասնակցությամբ:
Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակվել է։ Կուզեի նշել Խաղաղության խորհրդի ձևավորումը. մենք այստեղ մասնակցեցինք որպես հիմնադիր անդամ։
Միացել ենք անցյալ տարվա ընթացքում Հաագայում կնքված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին. դրանով Հայաստանը դարձել է մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամ պետությունը, դատարանի վարչական խորհրդում բացվել է նաև Հայաստանի ազգային աթոռը։
Բազմաթիվ են օրինակները, բայց ես ընտրողաբար եմ ուզում ներկայացնել ձեզ:
Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի անդամակցության համար բոլոր ընթացակարգերն ավարտեցինք և արդեն դարձանք այդ բանկի անդամ։
Բազմաթիվ աշխատանքներ, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային հարթակներում COP17-ի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների ներկայացման ուղղությամբ: Հայաստանն ընտրվել է իր պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ (2025-2029թթ. համար)։ Նաև այս մասին երևի քիչ է խոսվել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է հաջորդ Համաժողովը (COP12-ը) հյուրընկալող երկիր։
Մեր մասնակցությամբ և նախաձեռնությամբ հերթական անգամ ընդունվել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները: Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը և այլն։
Միջոցառումներից կուզեի նշել «Երևանյան երկխոսությունը»։ Սա մի ձևաչափ է, մի կոնֆերանս է, որն ընդամենը իր գոյության դեռևս կարճ ընթացքում բավականին մեծ, պետք է նկատել, միջազգային հեղինակություն է ստացել, բազմաթիվ հյուրեր տասնյակ երկրների կողմից, պաշտոնյաներ, փորձագետներ։ Սա մի բան է, որով մենք առանձնապես հպարտանում ենք և շարունակելու ենք, և այս տարի ևս տեղի կունենա հերթական «Երևանյան երկխոսությունը»։ Ես այստեղ կանգ առնեմ»։