ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

19 մարտի, 2026

Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։

Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով տարեցտարի բազմապատկվում և բազմազանեցվում են ամբողջ երկրի տարածքում կազմակերպվող միջոցառումները։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ դրանց շարժիչ ուժն ու առանցքը հայ երիտասարդությունն է։

Խորհրդանշանական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի՝ Հայաստանի համար։ Այդպիսով, կարժևորվի և կընդգծվի երիտասարդների ներուժի կարևորությունը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացներում:

Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը: Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը: Մեր երկիրը ﬔծ եռանդով և խանդավառությամբ պատրաստվում է՝ Խաղերի հոբելյանական 10-րդ թողարկումը ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ակնկալիքներին համահունչ լավագույնս կազմակերպելու նպատակով:

Համոզված եմ, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակն այս տարի նույնպես լայն արձագանք կգտնի հայ հասարակության շրջանում՝ առավել ամրապնդելով ֆրանսերենի և ֆրանկոֆոն արժեքների դիրքերը Հայաստանում:

Բարի երթ եմ մաղթում երկամսյակին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կառույցներին ու անհատներին, որոնց ջանքերով այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի է կոչվում։

Տպել էջը