ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը COP30-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին
08 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 7-ին Բրազիլի Բելեմ քաղաքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխության մասին 30-րդ համաժողովին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին։
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է․
«Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, ինչպես նաև Բրազիլի կառավարությանը և ժողովրդին` ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար, և հաջողություն մաղթել մեր քննարկումներին:
Մենք հավաքվել ենք Բելեմում՝ Ամազոնի սրտում, Փարիզյան համաձայնագրի ընդունման 10-ամյակին՝ հույսի և լավատեսության նոր զգացումով, որ կարող ենք շրջել կլիմայի փոփոխության վտանգավոր ընթացքը և հասնել Համաձայնագրի նպատակներին։ Քանի որ մենք գտնվում ենք առաջին Գլոբալ Վերանայումից հետո իրականացման վճռորոշ տասնամյակում, որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ՝ Բելեմում, պետք է հստակ ուղեցույց հանդիսանան կլիմայի դիմադրողականության և կլիմայական արդարության համար։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության կողմից հրապարակված Երկամյա թափանցիկության զեկույցը, ինչպես նաև Ազգային մակարդակով սահմանված ներդրումների և Ազգային հարմարվողականության ծրագրերի զեկույցները դրական փոփոխությունների ոգեշնչող վկայություններ են։ Դրանք հաստատում են Փարիզյան համաձայնագրի արդյունավետությունը գլոբալ արտանետումների նվազեցման և հարմարվողականության մեխանիզմների ամրապնդման ոլորտներում։
Այնուամենայնիվ, նույն զեկույցները մատնանշում են անհապաղ և ընդգրկուն գործողությունների անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ մենք դեռևս հեռու ենք այն մակարդակից, որին ձգտում ենք։ Եթե ցանկանում ենք հասնել Փարիզյան համաձայնագրի նպատակներին, ապա պետք է կրկնապատկենք մեր համատեղ ջանքերը՝ առաջընթացն արագացնելու համար։
Հետևաբար, Բելեմում անցկացվող COP30-ը պետք է դառնա շրջադարձային հանգրվան՝ փոխակերպելով գլոբալ հավակնությունները գործնական քայլերի՝ ուղղված կլիմայի փոփոխության մեղմացման, հարմարվողականության և կորուստների ու վնասների հաղթահարմանը՝ առաջնորդվելով արդարությամբ, ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությամբ և համապատասխան կարողություններով։
Հարգելի՛ պատվիրակներ,
Հայաստանը վճռականորեն հանձնառու է իր ներդրումն ունենալու համատեղ ջանքերում՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և հարմարվողականությանը։ Թեև Հայաստանի չափաբաժինը գլոբալ արտանետումներում աննշան է, մենք ձգտում ենք ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.5°C՝ համապարփակ և տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող մեղմացման միջոցառումներով։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի ի ցույց դնել, որ նույնիսկ փոքր պետությունները կարող են առաջնորդնել իրենց օրինակով հավակնոտ ազգային գործողությունների միջոցով։
Փարիզյան համաձայնագրի շրջանակում մշակված Հայաստանի՝ 2026–2035թթ. թարմացված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները, հիմնված լինելով գիտության և ազգային իրողությունների վրա, արտացոլում են կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու մեր հավակնոտ հանձնառությունը։ Դրանք ուղղված են մեր էկոհամակարգերի, կենսաբազմազանության, գյուղատնտեսության և բնակչության կենսաապահովման միջոցների նկատմամբ կլիմայի փոփոխության ազդեցության չեզոքացմանը։
Մեր ջանքերի հիմքում «Կլիմայի մասին» համապարփակ օրենքի ընդունումն է, որը ստեղծում է ամուր իրավական հիմք տնտեսության բոլոր ոլորտներում երկարաժամկետ գործողությունների և կլիմայական առաջնահերթությունների ինտեգրման համար։ Մեր «Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունն», իր հերթին, ապահովում է հստակ ուղիներ դեպի դիմակայուն, ցածր ածխածնային տնտեսություն՝ լիովին համահունչ լինելով Փարիզյան համաձայնագրին։
Էներգետիկ վերափոխումը մեր կլիմայի ռազմավարության առանցքում է։ Մենք աննախադեպ տեմպերով ընդլայնում ենք վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ զգալիորեն բարձրացնելով կանաչ էներգիայի չափաբաժինը ազգային էներգետիկ համակարգում։ Միաժամանակ, մենք շարունակում ենք ապավինել միջուկային էներգիային՝ որպես մաքուր էներգիայի անվտանգ և կայուն բաղադրիչ՝ ապահովելով հուսալի, ածխածնազերծ էլեկտրաէներգիա և ամրապնդելով էներգետիկ անվտանգությունը։
Ձերդ գերազանցություններ,
Առկա է աճող գիտակցում, որ բնությունը, կլիման և հողը մեկ անբաժան համակարգի փոխկապակցված բաղադրիչներ են, ուստի մասնակի մոտեցումներն այլևս բավարար չեն։ Ճգնաժամի մասշտաբին համարժեք արձագանքը պահանջում է համաձայնեցված գործողություններ, գործընկերություն և վստահություն։
Հայաստանի համար սա վերացական հասկացություն չէ։ Մեր երկիրը գտնվում է Կովկասյան տարածաշրջանի խաչմերուկում՝ աշխարհի կենսաբազմազանության «թեժ կետերից» մեկում, որտեղ փխրուն լեռնային էկոհամակարգերը ենթարկվում են կլիմայի փոփոխության, հողի դեգրադացման և կենսաբազմազանության կորստի հավաքական ճնշման։ Մենք հասկացել ենք, որ հարմարվողականությունն ու վերականգնումը պետք է զուգակցվեն, քանի որ կենսաբազմազանության քաղաքականությունը չի կարող հաջողել առանց կլիմայի և հողի գործոնների ինտեգրման։
Հետագա քայլերի և շրջադարձային փոփոխությունների հասնելու համար մենք պետք է ընդունենք, որ շրջակա միջավայրի մարտահրավերները փոխկապակցված են և ազդում են բոլորիս վրա՝ լինի դա լեռներում, անտառներում կամ ծովերում, և մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունը բնության հետ։
Ըմբռնելով այս փոխկապակցված մարտահրավերների հրատապությունը՝ Հայաստանը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր, իր գործընկերների հետ համատեղ ձեռնարկում է ակտիվ քայլեր՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու և կլիմայի փոփոխության մեղմացման ու կենսաբազմազանության պահպանման ինտեգրված մոտեցումները խթանելու համար՝ նպատակ ունենալով Բելեմի COP30-ի ընթացքում ապահովել գործնական արդյունքներ սիներգիայի շուրջ, որը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի արդյունավետ գլոբալ վերանայմանը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության Կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում։
Հայաստանը սպասում է բոլորիդ Երևանում հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության Կողմերի 17-րդ համաժողովին՝ մեր առաջընթացը վերանայելու, Ռիոյի կոնվենցիաների միջև կամուրջներն ամրապնդելու և վերահաստատելու, որ բազմակողմ համագործակցությունը անփոխարինելի է մեր մոլորակի կենսական համակարգը ներկայիս և ապագա սերունդների համար վերականգնելու և պահպանելու գործում։
Շնորհակալություն»։