ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը
05 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը՝ հարցուպատասխանի ձևաչափով։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել խաղաղության բաղադրիչներին, երաշխիքներին, հաշտեցման գործընթացի առանձնահատկություններին, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ զարգացումներին։
«Հարց. Պարո՛ն Միրզոյան, այս ֆորումը, որ կոչվում է «Կառուցելով խաղաղություն և համագործակցություններ», կարելի է ասել, որ համընկնում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առնվազն այս փուլի խորագրի հետ։ Բայց խաղաղություն կառուցելը ոչ միայն ջանքեր է պահանջում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այլ նաև երկրի ներսում ներառականություն, համընդգրկուն ներառականություն է պահանջում: Բայց դրա ճանապարհին որոշ խոչընդոտներ կապված են երաշխիքների շուրջ անորոշությունների հետ։
Հայաստանն ի՞նչ երաշխիքներ ունի, որ խաղաղությունը, որ կառուցվում է երկուստեք, եթե ոչ հարատև, ապա առնվազն երկարատև ռազմավարական գործընթաց է լինելու: Եվ երկրորդ՝ այն խաղաղությունը, որ կառուցվում է երկու կողմում էլ նույն որակի խաղաղությունը նկատի ունեն երկրները։
Արարատ Միրզոյան. Բարև ձեզ։ Մինչև Ձեր հարցին անդրադառնալն ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և երկրորդ շնորհակալությունը` ինձ հրավիրելու համար։ Կարծում եմ, որ այսպիսի քննարկումները շատ պահանջված են։ Ես սովորաբար առիթ ունենում եմ այս թեմաներին նման ձևաչափերով անդրադառնալ հիմնականում Հայաստանից դուրս և նաև շատ կարևոր եմ համարում այս խոսակցությունը Հայաստանի ներսում, թեև և՛ վարչապետը, և՛ մյուս մեր գործընկերները շարունակաբար ունեն ուղիղ երկխոսություն քաղաքացիների, փորձագիտական հանրույթի հետ։ Վերադառնալով Ձեր հարցին` գիտեք երևի խաղաղության գործընթացին վերաբերող ամենաառանցքային և ամենաքննարկվող հարցերից մեկը բարձրացրեցիք՝ երաշխիքները, որովհետև կհիշեք մինչև խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումը, մինչև Վաշինգտոնում ստորագրված դեկլարացիան, մինչև մյուս փաստաթղթերը, որոնք հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնացնել, ստորագրել, վավերացնել, ինչպես օրինակ, սահմանազատման գործընթացի դեպքում Կանոնակարգը, որը ստորագրվեց, վավերացվեց, բոլոր փաստաթղթերի, բոլոր գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա` դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ, հաճախ միտումնավոր, որոնք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում, կարող են նաև որոշակիորեն ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից` խաթարելու խաղաղության գործընթացը։ Եվ ահա, յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի, յուրաքանչյուր այդպիսի գործընթացի դեպքում, երբ գործընթացը հասցվում է որևէ հանգրվանի, փաստաթղթի դեպքում՝ երբ փաստաթուղթը ստորագրվում և հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հօդս են ցնդում։ Բնականաբար, որովհետև մարդիկ կարող են ուղղակի կարդալ այն, ինչ որ ստորագրված է և հրապարակված է, և վերջում մնում է մի հարց. լավ, չկա այս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ի՞նչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Ես դրա համար եմ ասում, որ սա ամենակարևոր, առանցքային հարցերից մեկն է, որովհետև մյուս դեպքերում, եթե հնարավոր է ուղղակի հրապարակել, հանրայնացնել այն, ինչի շուրջ պայմանավորություն է ձեռք բերվել, և վախերը կարող են հօդս ցնդել կամ մտահոգությունները կարող են փարատվել, երաշխիքի հարցը իսկապես պահանջված է, և առարկայական քննարկում է պահանջում։ Հիմա, իմ խորին համոզմամբ, կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, և դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չէ, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չէ, դա, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին էլ զանազան խաղաղապահներն, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է․ այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչ համաձայնեցվել է և դեռ կհամաձայնացվի մնացած ուղղություններով, ձեռնտու է, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը, կարծում եմ, հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու Խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, Հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, սահմանազատման Կանոնակարգին, որը վավերացվել է մեր Ազգային ժողովում, և մնացած բոլոր համաձայնություններին, որոնք, վստահ եմ, հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը խախտել այդ պայմանավորությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մնացած բոլոր երկրները նույնպես։ Այն հնարավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի համար` փոխկապակցվածությունը՝ երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր և այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին և Ադրբեջանին չի կապելու, բոլորս հասկանում ենք՝ կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից մինչև Հեռավոր Արևելք ընկած բոլոր երկրներին։ Սա է Ձեր հարցի պատասխանը` փոխշահավետությունը:
(...)
Իմ խորին համոզմամբ՝ խաղաղությունն, ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների և հնարավորությունների, ինչպիսին են, օրինակ, սովորական մարդկանց համար խաղաղ և անվտանգ ապրելը, իրանց երեխաների ապագան ծրագրելը, որևէ գործունեությամբ զբաղվելը, ամուսնանալը և անշարժ կամ շարժական գույք ձեռք բերելը, երկրների համար՝ տնտեսական շահը, որին կարող է բերել փոխկապակցվածությունը, ի թիվս այս բոլոր հնարավոր նշածս կամ չնշած արդյունքների՝ խաղաղությունը հնարավորություն է տալիս և՛ Հայաստանի, ի դեպ, ես կարծում եմ, և՛ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը։ Սա, մեծ հաշվով, կրկին, դասագրքային բան է, որ որևէ կոնֆլիկտ, որևէ հակամարտություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա և այլն։ Խաղաղությունն, ի թիվս մնացած բաների, հնարավորություն է տալու և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին ուժեղացնել, ամրապնդել իրենց ինքնիշխանությունը։
Այս հարցը նաև մի այլ շերտ ունի, ինչը Դուք ձեր հարցում առնվազն ակնարկեցիք: Աշխարհի վրա չկան և թերևս կարող եմ ասել` ենթադրաբար երբեք չեն էլ եղել պետություններ, որոնք բացարձակ անկախ են: Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրները որևէ ձևով կախվածություն ունեն որևէ այլ երկրից, և սա պետք չէ բացասական իմաստով ընկալել: Այս փոխկախվածությունը և փոխկապակցվածությունը, ընդհուպ մինչև զանազան ամենատարրական ռեսուրսների մատակարարումը միմյանց, երկրների, հասարակությունների զարգացման մեխանիզմներից մեկն է համարվում։ Հիմա, անշուշտ, ինչպես ես արդեն ասացի` քաղաքական և ռազմաքաղաքական իմաստներով, ռազմավարական, ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք և արդեն իսկ կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը։ Բայց մյուս կողմից, իհա՛րկե, այս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել, թեև ես խիստ վերապահումով կմոտենայի այդպիսի գնահատականին, ճիշտ հակառակը` ինքնիշխանության պակաս։ Ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, որովհետև մենք երբ որ խոսում ենք անկախությունից և ինքնիշխանությունից, մենք, այնուամենայնիվ, մի քիչ այլ հարթություն նկատի ունենք:
(...)
Մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, այդպիսի քաղաքականություն վարելու մեր կառավարության որոշումը: Եվ, իսկապես, կան գնահատականներ և մեկնաբանություններ, որ աշխարհաքաղաքական շահերի այս՝ երբեմն թեժ, երբեմն ավելի պասիվ, բախման կամ սրման շրջանում մեզ հաջողվում է այս հավասարակշռությունը պահել։ Այո, մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական երկխոսություն ունենք և արդեն ուզում ենք բարձրացնել գործընկերության մակարդակը նաև Միացյալ Թագավորության հետ։ Ես այսպես փորձում եմ քարտեզով արևմուտքից սկսել: Էականորեն, նշանակալի կերպով խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԵՄ մի շարք անդամների հետ։ Խոսվել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ հավակնություններ ունեն՝ Եվրոպական միության անդամ լինելու հավակնություն ունեն, այդպիսին են տեսնում իրենց երկիրը։ Մենք մեր գործընկերությունն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին: Երևի սա ամենառազմավարական մոտեցումն է բոլոր ռազմավարականների մեջ՝ ինչպիսի կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին։ Չորս հարևաններից Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել: Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել կամ ավելի դետալիզացնել։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն, և ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել։ Այսպես թվարկելով` Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք և երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։
(...)
Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Օրինակ, երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, Խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց այս ամենով հանդերձ, մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման: Օրինակ՝ մեկը կնշեի, հենց Ձեր բարձրացրած հարցը` քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը: Նաև պետք է ընդունենք, և այս մասին բարձրաձայն ասել էլ է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների մտավոր հաշտեցման բացակայությունն, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որը հասարակություններն ունեն, վերքերով, որոնք դեռ շատ, շատ֊շատ թարմ են, և հաղթահարելու խնդիր կա և ժամանակ է պահանջվում: Այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում և քաղաքացիական հասարակությունների միջև կապերը և շփումները, շատ կարևոր են։ Այդ պատճառով, մենք ուշադրություն ենք դարձնում դրան, մենք հասկանում ենք, որ նաև Ադրբեջանի ընկալումն է այդպիսին։ Օրեր առաջ կամ գուցե շաբաթներ առաջ տեղի ունեցան քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում։ Հենց հիմա, այս լսարանում, ես որքանով տեղեկացված եմ, ունենք լրագրողներ կամ քաղփորձագետներ Ադրբեջանից: Այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից, և միայն սա է ճանապարհն այդ երկխոսությունը զարգացնելու նաև հասարակությունների միջև։ Ինձ, համենայն դեպս, այլ բանաձև հայտնի չէ։ Ենթադրում եմ` մենք և Ադրբեջանն առաջին երկրները չենք, առաջին ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում ենք։ Դա ցավոտ գործընթաց է, հեշտ տրվող գործընթաց չէ, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, տասներորդ և գուցե մեկ տարի հետո մենք հանդիպենք և արձանագրենք, թե ինչպիսի էական տարբերություն կա այդ պահի դրությամբ՝ համեմատած այսօրվա հետ։ Այսօր էլ էական տարբերություն կա համեմատած մեկ տարի առաջվա հետ։ Այնպես որ, մենք շարունակելու ենք՝ համենայն դեպս որպես կառավարություն, և խրախուսելու ենք քաղաքացիների միջև կապերը։ Այլ գաղափարներ ևս կան, թե ինչպես կարող ենք այդ երկխոսությունը զարգացնել։
Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ: Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերությունները այս առումով, Ձեր նշած ասպեկտով, Ադրբեջանի հետ եղած իրավիճակի հայելային հակապատկերն են: Նկատի ունեմ, որ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պետք էշարունակվի առանձին հարցերի շուրջ և քիչ առաջ Ձեր բարձրացրած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում, ես կասեի իրավիճակը ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել և կա, շատ շոշափելի: Պրոբլեմն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները և դեպի Երևան, և իմիջի այլոց դեպի Գյումրի, և, ըստ այդմ, Թուրքիայի այլ քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրաբար՝ Անկարա և այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել: Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը եղել է փակ և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն, և այդ գործընթացը եղել է շատ հանրային՝ բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը և մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին, Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարարների գնալը և այլն: Բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաև փոխգործակցության և վստահության ամրապնդման այլ միջոցներ ևս քննարկվում են մեր և Թուրքիայի կողմից։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, և ես սկսեցի դրանից, որ բացն այլ տեղ է, բացը՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է, և բացը՝ փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի, սա է պակասում։
(...)
Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հետաքրքրություն ունի։ Սա առաջին հերթին ունի տնտեսական բաղադրիչ: Ես քիչ առաջ խոսեցի մեր և Ադրբեջանի ենթակառուցվածքներով Եվրոպական միության և Հեռավոր Արևելքի փոխկապակցվածության մասին, բայց դա նաև մեր բոլորի համար ունի քաղաքական նշանակություն։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում և խաղաղության երաշխիքներից մեկն է: Բանակցում ենք Միացյալ Նահանգների հետ, կլինի հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կկառուցի այդ երկաթուղին և կզբաղվի ամենօրյա կառավարմամբ։ Սա չի նշանակում, կրկին, ադքան խոսում ենք, բայց տարբեր հարցերի մեջ ես այդ ենթատեքստը տեսնում եմ, սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ։ Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են. լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև այն առնվազն արդեն ստորագրված և հրապարակված է, և հետևաբար վերահսկողությունն, անվտանգությունը, դրանից բխող բոլոր հարցերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան բացառիկ իրավունքն են, և այդ իրավունքը որևէ կերպ չի խախտվելու։
(...)
Մի փոքրիկ տեխնիկական դետալ էլ նորից ես հասկանում եմ, որ հիմա բոլոր, ովքեր ասում են միջանց, նկատի ունեն էն տնտեսական միջանցքները, լոգիստիկ ուղիները, որոնցով հետաքրքրված են աշխարհի բոլոր երկրները, բոլորը հիմա փորձում են ինչ֊որ նոր միջանցքներ գտնել։ Հարցը էն է, թե ով ինչ է հասկանում էդ միջանցք ասելով։ Մենք էլ Հայաստանում ունենք Հյուսիսհարավ ճանապարհային միջանցք, անունը տենց է, կան բազմաթիվ այլ էդպիսի միջանցքներ, որոնք որ միայն ողջունելի են բոլոր հնարավոր մասնակիցների կողմից։ Էս դեպքում, երբ որ ասում ենք միջանցք, կա մի նրբերանգ, և ես կխնդրեի չօգտագործել էդ տերմինը, համենայն դեպս ենթակառուցվածքների էն կտորի մասով, որը կապելու է, որն անցնելու է Հայաստանի հարավով։ Ինչու՞ որովհետև մենք քիչ առաջ խոսում էինք էն մասին, որ տարբեր երկրներ բանակցությունների տարբեր փուլում էս կամ էն կերպ ցանկություն են ունեցել, օրինակ` անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով, կամ համենայն դեպս էդ գաղափարը օդում եղել է, անընդհատ խոսվել է և այլն, կամ վերահսկողություն ունենալ էդ ենթակառուցվածքի նկատմամբ։ Ես արդեն ասեցի, որ լինելու է, դա Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավունքն է, բայց մենք հիշում ենք դեռ էդ բանցությունների ընթացքը, և եթե որևէ 1–ը սենյակում ասում է` միջանցք, մեր մոտ մեխանիկորեն արթնանում է էդ մտահոգությունը, որ ինչ֊որ մի թաքնված այլ մտադրություն կա էստեղ, որը կարող է վնասի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, հետևաբար կա էդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, և ես ձեզ կարող եմ վկայակոչել և չեմ էլ հիշի ամբողջական ցանկը, բայց կարող ենք ինտերնետում գտնել բազմաթիվ երկրների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ, հեղինակավոր, որոնք ողջունել են այ հենց էդ անվամբ ենթակառուցվածքի ստեղծումը, էդ պայմաններով ապաշրջափակումը և էդ անունն է թրի ֆոր ինթերնեշնըլ թ թփ ուղի։ Սա է էն ինչ֊որ լինելու է Հայաստանի հարավով մնացած։ Ով ինչ սիրած անուն ունի իրա մտքում կամ ով ինչ բան է գրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ դեպքում»։
---
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է.
«Ձևակերպումը այդպես է, չէ՞. ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա, բայց միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, և իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։
Ես էլ կարող եմ ասել` կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևանը։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք, մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք իրական Հայաստանի, իրական՝ այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։
Ասում եք` ապակառուցողական նարտիվներ, քայլեր, գնահատականներ։ Լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք` իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Ինձ համար՝ որպես կառավարության անդամի, սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է»։