ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը տեղեկատվության ամբողջականության և անկախ ԶԼՄ-ների վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր-սեղան քննարկմանը
29 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ ԶԼՄ-ների վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր-սեղան քննարկմանը։
Քննարկումն անցկացվել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում, որն այս տարի մեկնարկել է «Խաղաղության, մարդկանց և մոլորակի համար նոր կոալիցիաներ» խորագրի ներքո։
Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:
«Հարգելի՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Բարոյին`այս ակտուալ քննարկմանը մասնակցելու հրավերի համար:
Մեր հանդիպումը տեղի է ունենում վճռական ժամանակահատվածում, երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ու անկախ ԶԼՄ-ներն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն, միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար՝ անհատների և հասարակությունների թիրախավորման, ատելություն և բռնություն հրահրելու, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները խթանելու նպատակով։
Ինչպես այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր ժողովրդավարություն, Հայաստանն, իհարկե, նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և օտարերկրյա միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։
Այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք։ Հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը և նուրբ սահմանագիծը՝ մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք ԶԼՄ-ների, իսկ մյուս կողմից՝ վճռականորեն հակազդել այն անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունը և խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։
Այս իրավիճակում ո՞րն է բանալին։ Կարծում եմ՝ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։ Ընդամենը կարող ենք հետ հայացք գցել մեր սեփական փորձին՝ 2021 թվականի քաղաքական ճգնաժամին և դրա հանգուցալուծմանն ուղղված ընտրություններին՝ որպես իմ ասածի ամենաակնառու օրինակ։
Իհարկե, մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։ Դա ներառում է Եվրոպական միության հետ մեր բազմաշերտ գործընկերության խորացումը, ռազմավարական ներգրավվածությունը Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների և այն գործընկերների հետ, որոնք ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից 2025 թվականին հրապարակված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը կրկին բարելավել է իր դիրքերը՝ երկրների վարկանիշային աղյուսակում բարձրանալով 9 հորիզոնականով՝ 180 երկրների շարքում 43-րդից դառնալով 34-րդը։
Գիտակցելով առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունն աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ Հայաստանն առաջնորդող դեր է ստանձնում «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» շրջանակներում՝ միանալով Գործընկերության մասնակից պետությունների խորհրդատվական կոմիտեին, որը հիմնված է մեր նախորդ համագործակցության վրա: Նույն տրամաբանությամբ Հայաստանը միանում է նաև «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին»։
Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին նշել, որ Հայաստանը միանում է «Տեղեկատվական ամբողջականության և անկախ ԶԼՄ-ների համար բազմակողմ գործողությունների վերաբերյալ հռչակագրին»։
Շնորհակալություն»: