ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

27 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին և հանդես եկել զեկույցով։ Նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նախարարի ելույթի տեքստը ներկայացված է ստորև:

«Իրականում, գործընկերներից ոմանք երևի չգիտեն, որ նախորդիվ այստեղ եղել է այս ֆորմատով հանդիպում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, ապա Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի և հիմա արդեն այս հանձնաժողովի հետ։ Իհարկե, հանգամանալից ներկայացրել ենք, խոսել ենք, քննարկել ենք և՛ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրն, անելիքները, ձեռքբերումները, և՛ առաջին հերթին, իհարկե, խաղաղության հաստատումը, հետագա ինստիտուցիոնալացումը, տրանսպորտային ենթակառուցվածքները, մի խոսքով` գրեթե ամեն ինչ։ Իհարկե, նաև եվրոպական ինտեգրման մասին ենք խոսել։ 

Կարևոր եմ համարում ընդգծել, որ ասվածն, իհարկե, որևէ կերպ չի նշանակում, որ մեր համար չի շարունակում նույնչափ կարևոր մնալ նաև Եվրասիական տարածաշրջանում մեր և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ վերպետական կառույցներում, միջազգային կառույցներում ներգրավվածությունը: Ճիշտ հակառակը։ Կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հայտարարումից և կենսագործման շուրջ քննարկումներից հետո էլ ավելի են մեր հարաբերություններն ակտիվացել, էլ ավելի մեծ հետաքրքրություն կա մեր նկատմամբ։ Օրինակ` նույն Ղազախստանի հետ մենք շատ ինտենսիվ քննարկումների մեջ ենք։ Կհիշեք` տեղի ունեցավ նախագահ Տոկաևի այցը Հայաստան։ Այժմ մենք պատրաստվում ենք վարչապետ Փաշինյանի այցին Ղազախստան։ Քննարկվում էր Ղազախստանից ցորենի ներմուծում Հայաստան Ադրբեջանի տարածքով: Այժմ արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար նախատեսված բեռների տարանցման արգելքի վերացումից հետո այս ծրագիրը ևս առաջիկայում իրականություն կդառնա։ 

Ինտենսիվ քննարկումներ ունենք, անշուշտ, Ուզբեկստանի հետ: Թուրքմենստանի հետ ավելի շատ լոգիստիկ և էներգակիրների հետ կապված, նաև օդային կապի վերահաստատման վերաբերյալ քննարկումներ։ 

Իհարկե, մեր ինտենսիվ կարևոր հարաբերությունները մնացել են Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընթացիկ տարում մի քանի հեռախոսային խոսակցություններ և հանդիպումներ են տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր տնտեսական կարևոր գործընկերը: 

ԱՊՀ շրջանակներում, նույն կերպ, համագործակցությունը բավականին ինտենսիվ է և աշխույժ շարունակվում է: Ակտիվ ներգրավվածություն ենք շարունակել ունենալ նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքներում։ Այստեղ կուզեի ասել,  նաև մյուս գործընկերները կասեն, և դա հանրահայտ է,  ավելացնել նաև, որ բացի բուն Եվրասիական տնտեսական միության ներսում կապերից և առևտրային, տնտեսական հարաբերությունների աշխուժացումից, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում նաև ԵԱՏՄ կապերն այլ երկրներ հետ և պայմանագրերը, որոնք շարունակում են քննարկվել։ Գիտեք, Չինաստանի, Իրանի հետ կան, Ինդոնեզիայի հետ դեռ քննարկվում է։ Սրանք մեր համար լրացուցիչ հնարավորություններ են։ 

Անշուշտ կան նաև խնդիրներ: Նախորդիվ նիստերից մեկում քննարկում էինք նաև բեռնափոխադրումների և հայ վարորդների առջև առաջացող որոշակի խնդիրների հարցը: Գիտեք, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում տարվա ընթացքում առանց մուտքի թույլտվության ներկա գտնելը սահմանված է 90 օր։ Սա, իհարկե, հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, բայց այս վիճակում են ոչ միայն հայաստանցի, այլև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների վարորդները ևս։ Հարցը քննարկվում է, հուսանք առաջիկայում դրական լուծումներ կլինեն»։

Տպել էջը