ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստին
27 հոկտեմբերի, 2025Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ այս հնարավորության համար։ Իհարկե, նախորդ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում, որն այս նիստի մեկնարկից րոպեներ առաջ էր, հնարավորություն ունեցանք հանգամանալից կերպով անդրադառնալու ընդհանուր արտաքին քաղաքականությանը՝ գերակայություններին, արված ու նախանշվող աշխատանքին, ուղղություններին։
Կցանկանայի, եթե թույլ կտաք, միանգամից, առանց մեծ համատեքստի անդրադառնալ մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկին՝ եվրոպական ինտեգրմանը: Նախ կուզեի շատ հակիրճ անդրադառնալ, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին կամ հանդես գալ գնահատականով։ Ուզում եմ միանգամից և աներկբա կերպով ասել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել, և այս մասին են վկայում Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության բովանդակությունը և միայն 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այս առումով էական, անկյունաքարային իրադարձություն է տեղի ունեցել. դուք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, մարտին, եթե չեմ սխալվում, ընդունել եք «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» մի օրենք և, ըստ այդմ, այս քաղաքականությունն արդեն իմպերատիվ է Կառավարության համար, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարության համար։ Ըստ այդմ, մենք պետք է ակտիվացնենք քննարկվող հաջորդ` 2026 թվականին, չնայած մինչ այս էլ ենք արդեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, մեր ջանքերն անդամակցության ուղղությամբ, և մենք իսկապես ձգտում ենք մաս դառնալ ժողովրդավար և զարգացող, բարգավաճ երկրների այս ակումբին։ Իհարկե, մենք այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր կողմից հռչակված մոտեցմանը։
Հուսով եմ` տեղյակ եք, որ ասվածին համահունչ մենք արտաքին գործերի նախարարությունում, օրինակ, ստեղծել ենք նոր վարչություն` Եվրոպական ինտեգրման վարչություն, և այս վարչությունն, ի թիվս կառավարության մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների, կշարունակի իր ամենօրյա աշխատանքը նշվածի ուղղությամբ։ Մենք, իհարկե, այստեղ բոլորովին հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն չունենք։ Կա, օրինակ, Չեռնոգորիայի փորձը, այլ երկրների փորձը, որոնք անդամակցության շեմին են կամ արդեն անցել են այդ ճանապարհը, և մենք սերտ կապի մեջ ենք նրանց հետ, որպեսզի բոլոր նրբերագները, քայլերի հաջորդականությունն ավելի լավ պատկերացնենք։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամբողջ համատեքստում, ես կարևոր տեղ կհատկացնեի տրանսպորտային փոխկապակցվածության հարցին։ Մենք, նախորդ նիստի ընթացքում, հնարավորություն ունեցանք հանգամանալից խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ձեռք բերված պայմանավորվածությունների սկզբունքների մասին։ Նորից չանդրադառնալով այդ ամենին՝ ասեմ, որ այս թեման, օրինակ, ոչ միայն շատ հետաքրքիր է Եվրոպական միության մեր գործընկերների համար, այլև նրանք ևս ուզում են իրենց էական մասնակցությունն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում, և սա բոլորովին զարմանալի չէ։
Մենք միշտ մոռանում ենք այս լույսի ներքո նայել ապաշրջափակմանը և շատ նեղ, երբեմն անարդարացիորեն նեղ ենք անդրադառնում հարցին։ Իրականում և Եվրոպական միությունը, և ընդհանրապես աշխարհում շատ-շատերը, այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, իրենց համար շատ ավելի մեծ պրիզմայով են նայում: Տարբեր երկրներ քանիցս հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է Եվրոպական միության և, օրինակ, Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելուն։ Այսպիսի պլանով է, որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը։
Այս մասին, օրինակ, ասվեց վերջերս տեղի ունեցած Եվրոպական միության «Գլոբալ դարպաս» երկրորդ համաժողովին, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես եկավ ելույթով։ Ես ինքս նաև մասնակցեցի փոխկապակցվածության և միջտարածաշրջանային համագործակցության խթանման հարցերով ԵՄ կողմից կազմակերպած նախարարական մի հանդիպման, որը ներառում էր ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Կենտրոնական Ասիայի գործընկերներին: Եվ առաջին անգամ այս ձևաչափով անցկացվող հանդիպմանը հատուկ ընդգծվեց Հարավային Կովկասի կամրջող դեր կատարելու մեծ ներուժի մասին։
Իհարկե, փոխադարձ հետաքրքրությունները դրանով չեն սահմանափակվում: Ես հիմա մի քանի առանձին հատվածներ կփորձեմ ևս մեկ անգամ հնարավորինս հակիրճ թվարկել, հետո կպատասխանեմ ձեր հարցերին։
Մեզ համար շատ կարևոր է ընդհանուր առմամբ Եվրոպական միության, այդ տարածաշրջանի, առանձին երկրների հետ այն բարձր մակարդակի և շատ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, որն ունենք։ Ես ուզում եմ մեծ կարևորություն հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը մյուս տարվա մայիսին, կանցկացնենք Հայաստանում: Սա ևս մի ուղղություն է, մի ձևաչափ է, որը մենք իսկապես կարևորում ենք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը մշտապես մասնակցում է այս ձևաչափով հանդիպումներին, գագաթաժողովներին։ Վերջին հանդիպումները տեղի ունեցան Ալբանիայում և Դանիայում։ Հենց Ալբանիայում էր, որ որոշում կայացվեց և անմիջապես կարճ ժամանակ հետո հայտարարվեց, որ մյուս գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանում։
2025 թվականիի սեպտեմբերին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի այցելության շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը, և սա է լինելու այն հիմնական հարթակը, որը հանդիսանալու է երկխոսության և բարեփոխումների թիրախների առաջընթացի գնահատման և մշտադիտարկման հիմնական հարթակ, և այստեղ, իհարկե, առանձնատուկ դերակատարում ունի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և իր գրասենյակը։
Շուրջ մեկ տարի է մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք գործընկերության նոր օրակարգ։ Հաշվի առնելով, որ նախորդը, որ ունեինք միասին համաձայնեցրած և՛ բովանդակային առումով, և՛ նախանշված քայլերի առումով, ինչ-որ առումով կարելի է համարել, որ սպառել է իրեն՝ մենք ունենք այս նոր գործընկերությունը ֆիքսելու, արձանագրելու անհրաժեշտություն։ Բանակցությունները, կարող եմ ասել, ավելի քան 99 %-ով ավարտված են և առաջիկայում նախատեսվում է այս փաստաթղթի ստորագրումը։ Այս մասին ես և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեցինք դեռևս ամռանը, որից հետո նորից որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ, և առաջիկայում ականատես կլինենք այս փաստաթղթի ստորագրմանը։
Բացի այդ, ամիսներ առաջ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Կալասի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա էլ մի շատ վառ օրինակ է, որը նախանշում է մի ուղղություն, մի ոլորտ, որը երևի թե տարիներ շարունակ մենք կամ չէինք պատկերացրել, կամ նաև մեր ԵՄ գործընկերները չէին պատկերացրել մեր մասնակցությունը։ Այժմ արդեն ունենք համաձայնագիր: Կլինեն առաջիկայում առիթներ, կարծում եմ, որտեղ կտեսնենք Հայաստանի մասնակցությունն այս եվրոպական և ԵՄ-ական ծրագրին:
Նաև մի նոր ուղղություն` անվտանգային և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկ։ Սա արդեն տեղի ունեցավ վերջերս և կարևոր է Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսին են այժմ շատ հաճախ և լայնորեն քննարկվող հիբրիդային սպառնալիքները, ապատեղեկատվության դեմ պայքարը։
Գիտեմ՝ բոլորին շատ հետաքրքրում է Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման գործընթացը։ Ինչպես մնացած բոլոր ծրագրերի դեպքում, պայմանավորվածություն ձեռքբերելուց, արձանագրելուց հետո ենք մեր մասնակցությունը շարունակում ենք ունենալ, բայց առավելապես մյուս գերատեսչություններն ենլծվում իրականացմանը։ Այս դեպքում ևս արտաքին գործերի նախարարությունը չի, որ ամենօրյա զբաղվում է սրանով, բայց անշուշտ մաս ենք և անշուշտ կարող եմ ձեզ հակիրճ տեղեկատվություն տալ և գնահատականով հանդես գալ։ Ուզում եմ ասել, որ գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, ավելի քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել, և, հուսով եմ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք Գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այդ աշխատանքները, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման համար։
Աջակցության տարբեր թվերի մասին խոսվեց։ Ես ուզում էի մի ակնարկ անել: Ընդհանրապես, երբ որևէ ծրագիր է համաձայնեցվում, պարտադիր չէ և անհրաժեշտաբար չէ, որ ցանկացած ծրագիր կամ ցանկացած ֆինանսական հատկացում, որը որ արվում է «աջակցություն» խորագրի ներքո ընկալվի որպես դրամաշնորհ, որպես նվեր, նույնիսկ որպես վարկային գիծ։ Մի քանի օրինակ բերեմ՝ աջակցություն Հայաստանի դիմակայունությանը և աճին, աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը, աջակցություն Սյունիքի ենթակառուցվածներին։ Այսպիսի կամ այս վերնագրին շատ մոտ վերնագրեր ունեցող ծրագրեր ունենք, որոնց ներքո Եվրոպական միությունը մի դեպքում X թվով երկրների մասնակցությամբ և ներդրումների շնորհիվ, մի դեպքում X+Y և այլն, տարբեր կոնֆիգուրացիաներով, երկրներն իրանք են ընտրում, և նաև Բրյուսելը և Եվրամիությունն են որոշում՝ որտե՞ղ, ի՞նչ մեխանիզմով արվեն հատկացումները։ Մենք տեսնում ենք, որ այսպիսի խորագրեր ունեցող վերնագրերի ներքո իրականացվում են գործողություններ, որոնք, մեծ հաշվով ամբողջն ամփոփելով, կարող ենք ասել աջակցություն, որովհետև իմաստն այդ է, որովհետև Եվրոպական միությունն այլ դեպքում գուցե շահագրգռություն կամ մտադրություն չունենար գալ Հայաստանի այս ինչ կտորով, այս ինչ ճանապարհը սարքեր, կամ այս ինչ ջրամբարը, կամ այս ինչ դպրոցը։ Հետևաբար, դա աջակցություն է, ոչ միայն ֆինանսական, ուղղակի այլ աջակցություն, չգիտեմ, աջակցություն ենթակառուցվածքների, Սյունիքի դիմակայության և այլն։ Այսպիսի վերնագրեր, որ ես ասում եմ, գուցե շատ ճշգրտորեն իդենտիկ չեն, բայց հենց բովանդակությունը հարյուր տոկոսով արտացոլող վերնագրերը կտեսնեք մեր և ԵՄ բոլոր վերջին փաստաթղթերում, որոնք համաձայնեցրել ենք։
Չեմ ուզում ձեզ ձանձրացնել, մանրամասն առանձին, օրինակ` ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերին անդրադառնալ, մեր և EU for Business, EU for Youth և շատ֊շատ մանրամասն ծրագրերին անդրադառնալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ այս համագործակցությունը ոչ թե ինտենսիվ, այլ գերինտերսիվ կերպով է առաջ գնում, իրականացվում, և երբեմն մենք ինչ֊որ մի պայմանավորություն ենք ձեռքբերում մի գումարի չափի, մի ծրագրի մասին, որից հետո պետք է նստենք, պայմանների և այլնի շուրջ բանակցենք, կամ հռչակագրային բնույթի թուղթ, ինչ֊որ հայտարարություն անենք: Եվ մինչև այդ ամեն ինչը պատրաստ է, մենք տեսնում ենք, և սա բոլորովին չափազանցություն չէ, մենք տեսնում ենք, որ մեր հարաբերություններն այդ ընթացքում արդեն այնքան են առաջ գնացել, որ այն թուղթը, որը քննարկում էինք վերջին երկու ամսվա ընթացքում, այլևս ակտուալ չի, և մենք պետք է նոր, ավելի ընդգրկուն, ավելի բովանդակային փաստթղթի շուրջ բանակցենք։ Եթե մի քիչ պատկերավոր և թող թույլ տրվի ասել` հյութալի նկարագրեմ մեր հարաբերությունների ընթացքը և առկա վիճակը, ապա սա թերևս ամենադիպուկ նկարագրությունը կլիներ։