ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին
27 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով։
Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ, ինչպես նաև պատգամավորների հարցերի պատասխանները:
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ հարգելի՛ նախագահողներ, պատգամավորներ, մեդիա ներկայացուցիչներ,
Այսօր հնարավորություն ունենք քննարկելու 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն՝ արտաքին քաղաքականության մասով: Իհարկե, միանգամից պետք է ասեմ, որ արտաքին քաղաքական գերատեսչության և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը, նպատակը, եթե կուզեք, առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորումն է, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և բարգավաճմանը միտված նպաստող միջավայրի ձևավորումն է: Այս առումով, իհարկե, պետք է նշենք, և ակնհայտ է, որ առաջնային դերը պատկանում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին` Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, մնացած հարցերի քննարկմանն, ամբողջական կարգավորմանը։
Ես, իհարկե, բյուջեի նախագիծը ներկայացնելիս միշտ ձգտում եմ խուսափել արդեն իսկ կատարված աշխատանքի ներկայացումից, որովհետև հասկանալիորեն դրա հնարավորությունն ունենում ենք կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվության ժամանակ, բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ, բայց նաև չենք կարող խուսափել ամբողջապես արդեն իսկ տեղի ունեցածին հղում անելուց և հենց միանգամից էլ պետք է այդպիսի մի գործողություն անենք։
Երբ խոսում ենք Հայաստանի շուրջ խաղաղության, խաղաղ միջավայրի հետագա ձևավորումից կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալուցալացումից, չենք կարող չհիշատակել ընթացող տարվա թերևս ամենաառանցքային, ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, այն է` այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ ստորագրված Հռչակագիրը և նախաստորագրված միջպետական հարաբերությունների կարգավորման պայմանագիրը: Այո՛, օգոստոսի 8-ին տեղի ունեցածը, կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցություն համարելու անվանել շրջադարձային։ Իհարկե, բնավ կասկածի տակ չդնելով կամ չթերագնահատելով մինչ այդ այս ուղղությամբ կատարված աշխատանքը՝ տեղի ունեցած բանակցություններն, ի վերջո, այդ ամբողջը հանգեցրեց, նաև հնարավոր դարձրեց օգոստոսի 8–ը:
Չափազանցություն չէ, եթե ասեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր և նաև հետագա աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունաքարային։ Այդ օրը, ես ավելորդ չեմ համարում նորից ամփոփել, նորից ներկայացնել, թե իրականում ինչ տեղի ունեցավ. խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ընդ որում նորից. ստորագրված Հռչակագրով անվերապահ հարգանք հայտնելով միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանների անձեռնմխելիության նկատմամբ՝ այդ օրը համաձայնեցվեցին նաև առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու կամ արդեն իսկ սկսվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև երկու արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրվեց Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը: Այս Պայմանագրում էլ իր հերթին արտացոլված են նույն փոխադարձ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չխառնվելու հանձնառությունը և մնացած բոլոր կարևոր սկզբունքները։ Չեմ ուզում հատիկ առ հատիկ թվարկել։ Տեքստը հանրային է, ցանկացած պահի կարող եք մտնել և ծանոթանալ, եթե մինչ այդ հնարավորություն չէիք ունեցել կամ հարկ չեք համարել: Այստեղ կուզենայի մի բան ավելացնել։ Ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը նաև այն առումով, որ երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով, ինչպիսի ստեր և մանիպուլյացիաներ էին տարածվում այս Պայմանագրի վերաբերյալ: Առիթ ունեցել եմ ասելու, նորից կասեմ` սահմանադրությունների փոփոխություն, հարյուր հազարավոր մարդկանց շարժ այստեղից այնտեղ և այլն, և այլն, և փառք Աստծո, թուղթը հանրային է, հրապարակային է, և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից և որևէ մեկն այդտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա։
Մանիպուլյացիաներն , իհարկե, առանձին կանգնած մի երևույթ չեն. Սա մի ամբողջ դիմագիծ է կամ բնորոշիչ գիծ է այսօրվա մեր քաղաքական դաշտում: Իմ խորին համոզմամբ և եզրակացությամբ, այսպիսի դրսևորումներ հիմնականում տեսնում ենք որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի և նաև նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից: Ինչևէ, ցավալի է, բայց փաստ է, մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու, առիթից առիթ, յուրաքանչյուր, հարկ եղած, հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է և մեր հանրությանը մատուցել այն, ինչ իրականում կա։
Անդրադառնամ Վաշինգտոնյան համաձայնություններում արտացոլված ենթակառուցվածքների կտորին։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսքս ուղղել նաև, մեզ, հավանաբար, հիմա կամ հետո դիտող հայրենակիցներին. չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն, հիշենք` Հայաստանը 30 պլյուս տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, կամ, եթե, իհարկե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում։
Ես հասկանում եմ, որ երբեմն ցանկություն է առաջանում նեղացնել այս թեման՝ հանգեցնել Ադրբեջան-Նախիջևան կապին։ Բայց մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, բայց ենթակառուցվածքը, որով այդ կապն, օրինակ, պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու և օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից:
Այսպիսով, որո՞նք են այդ սկզբունքները, որոնց ներքո կամ որոնց շրջանակներում տեղի է ունենալու այդ մեծ ապաշրջափակումը։ Կրկին, սկզբունքները հանրահռչակված են, բայց քանի դեռ նույնիսկ հանրահռչակված հանրային տեքստերի դեպքում մանիպուլացիաներ կարող են շարունակվել, նորից ուզում եմ ընդգծել` տարածքային ամբողջականության սահմաններում, շրջանակներում է լինելու ապաշրջափակումը` սահմանների անձեռնմխելիության ճանաչմամբ, երկրների լիակատար, ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Եվ, իհարկե, փոխադարձության սկզբունքը ևս պահպանված է։ Այն, ինչ որ կապաշրջափակվի, այդ թվում և Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես, հատկապես այն մասը, որը մեր տարածքում կգտնվի, Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։
Հիշում ենք ամիսների, տարիների խոսակցություններն այն մասին, որ «այս ենթակառուցվածքները հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության», կային երկրներ, որոնք քննարկվում էին՝ որպես երկրների թեկնածուներ, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Սիրելի՛ գործընկերներ, սիրելի՛ հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջն, այդ մանիպուլացիաները ևս հօդս ցնդեցին։ Նույն՝ վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են, որ միասին կհիմնեն և ջանքեր կգործադրեն «TRIPP ուղու» իրականացման ուղղությամբ։ Սա կլինի, ըստ էության, այն հայ-ամերիկյան ընկերությունը, որը կտնօրինի, կկառուցի, կշահագործի այդ կապուղին։
Ի դեպ, այս կապուղին կարող է, արդեն ակնհայտ է նաև տեքստից, կարող է ներառել ոչ միայն, օրինակ, երկաթուղային հաղորդակցություն, այլև էներգետիկ, էլեկտրահաղորդակցման գծեր, գազատարներ, նավթատարներ և այլն, որևէ ենթակառուցվածք այլ տնտեսական կամ տրանսպորտային։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ վաղուց՝ գրեթե օգոստոսի 8-ից անմիջապես հետո, մեկնարկել են և հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի և Միացյալ Նահանգների շփումները, բանակցությունները «TRIPP ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ, և արդեն հետո գետնի վրա զանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա։
Հարգելի՛ գործընկերներ, ինչպիսին էլ որ լինեն այդ տեխնիկական լուծումները, ինչպիսին էլ որ լինեն գետնի վրա պայմաններն, ամբողջը լինելու է համաձայնեցված և ստորագրված սկզբունքների ներքո՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում։ Իհարկե, մենք խոսում ենք և՛ խաղաղության ինստիտուցիոնալացումից, և՛ բարիդրացիական հարաբերությունների հաստատումից։ Պետք է նշենք նաև, որ, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում, կամ, գնահատվում են որպես առավել դժվար լուծելի, և այստեղ մենք անպայման պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը և այլն։ Կան բազմաթիվ այլ հարցեր, և եթե ինձ հարցնեիք, իմ մասնավոր դիտարկումը, իմ մասնավոր դիրքորոշումն այս մասին, այնուամենայնիվ, ինչը դեռ բարդություն է, նաև կոնֆլիկտի հետք է, բնական, օբյեկտիվ հետք է, և որի հարթման ուղղությամբ դեռ պետք է ջանքեր գործադրվեն ու գործադրվեն, դա, անշուշտ, երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են։ Դա կրկին օբյեկտիվորեն,՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև։ Բայց մենք, հավատալով այն ամենին, ինչ ես քիչ առաջ ասացի, հավատալով նաև անհրաժեշտությանը` Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի, միջավայրի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը։
Սահմանազատման գործընթացի բաղադրիչը երևի նորից արժե մի առանձին լույսի ներքո ներկայացնել, ընդգծել։ Կրկին վերադառնալով մանիպուլացիաների թեմային` հիշում եք, երբ սահմանազատման հանձնաժողովների միջև, հանձնաժողովների պաշտոնական անվանումները մի քիչ ավելի երկար են, կնքվեց Կանոնակարգը և այնուհետև վավերացվեց Ազգային ժողովում, այնտեղ կար մի այսպիսի դրույթ, որ կողմերը սահմանազատումը շարունակելու են իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ որպես հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը, եթե Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրում կողմերն այլ բան չպայմանավորվեն: Հիշում եք այդ ամբողջ ալիքն այն մասին, որ «այս Պայմանագրում այլ բան կպայմանավորվեն և Ալմա-Աթան խաբկանք է»։ Այսօր արդեն առիթ ունեցա նշելու, որ Խաղաղության պայմանագրում հստակորեն ամրագրված է և՛ Ալմա-Աթայի հռչակագիրը, և՛ այն, որ կողմերը կշարունակեն սահմանազատումն արդեն վավերացված Կանոնակարգի համաձայն և, ըստ էության, այս հարցն էլ կարող ենք համարել փակված։Գործընթացը շարունակվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համանախագահությամբ և ավելի մանրամասն այս մասին խոսելու նաև իրավունք չեմ վերապահում ինձ։
2026 թվականի մեր պլանները և կատարված աշխատանքը չեն սահմանափակվում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմամբ։ Դրանք ավելին են։
Բնականաբար, երկրոդ բանը, որ այս մասին դատողություններ անող մարդու կամ խոսող մարդու մտքին կգան, դա մեր մյուս հարևանի` Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Պետք է նշեմ, որ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի մեր գործընկերների հետ` սկսած ամենաբարձր մակարդակից` վարչապետ Փաշինյան, նախագահ Էրդողան և մեր մշտական ներկայացուցիչները, և արտաքին գործերի նախարարները, և արտաքին գործերի նախարարությունների թիմերը, ինչպես նաև մյուս գերատեսչություններ: Շատ դրական եմ գնահատում և ինքս պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք այս ուղղությամբ շատ շոշափելի արձանագրումներ և պայմանավորվածություններ ձեռք կբերենք։
Իմիջիայլոց, մի կտոր կա, որն, այնուամենայնիվ, բաց թողեցի և կուզեի ասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Մշտապես, երբ տեսնում են, որ պայմանավորվածություններն անխոցելի են, երբ որ տեսնում են, որ տեքստն անխոցելի է, այդ թվում՝ պայմանագիրը և այլն, հարց է հնչում՝ ո՞րն է, այնուամենայնիվ, երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի, կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի, կամ երաշխիքը, որ ենթակառուցվածքները կբացվեն և այլն։ Երաշխիք ասելով մեր ենթագիտակցական, նաև խոսքերի վերբալ մակարդակում մշտապես նկատի է առնվել որևէ երրորդ կողմի՝ շատ ուժեղ կողմի կամ տերությունների, այսպես ասած՝ մեծ տերությունների, ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը կամ որևէ ներկայություն գետնի վրա։ Ես պետք է ասեմ, որ և՛ մեր օրինակը, և՛ կարող եք ինձանից առաջ ընկնելով բերել բազմաթիվ այլ օրինակներ, երբ այս կարգի երաշխիքները չեն գործել, ընդհանրապես չեն գործել։ Մենք, ցավոք, գիտենք դա մեր օրինակից։ Ամենաթարմ և այսօր ընթացող կոնֆլիկտները կարող եք նայել, բոլորը նույն խնդիրն ունեցել են։ Մեր դեպքում հարցի պատասխանը, թե ո՞րն է այնուամենայնիվ, երաշխիքը, որ կպահվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետևյալն է՝ բոլոր պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել և՛ գրել ենք, և՛ ստորագրել ենք, և՛ հանրային արտահայտում ենք այդ բոլոր պայմանավորվածությունները, համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը և հարատևությունը։ Սա չափազանց առանցքային է, որովհետև կրկին այսօր ստիպված կլինեմ անդրադառնալ մանիպուլյացիաներին։ Կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ և այլն։ Այդ ընդհանուր նարատիվին ծանոթ եք, հարգելի գործընկերներ, և չեմ էլ ուզում ասել` մենք ինչ ստացանք, որովհետև ես չեմ դիտում և չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածություններն այս սին, անիմաստ և հին կոնֆլիկտային տրամաբանության, լույսի ներքո։ Ուզում եմ ասել հետևյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռքբերածը պահելու և զարգացնելու ուղղությամբ։ Բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է, թե շատ ձեռնտու և շատ կարևոր է իրենց համար, և ըստ այդմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է և շահավետ է ձեռք բերված պայմանավորությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք և զարգացնել։
Իհարկե, ինչ խոսք, հավելյալ կշիռ կարող ենք դիտարկել նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը և ամերիկյան կողմի հետագա մասնակցությունը, որին ևս անդրադարձա։
Վերադառնալով մեր մյուս հարևաններին, ես կրկին ուզում եմ լավատեսություն հայտնել Թուրքիայի հետ մեր երկխոսության՝ շոշափելի արդյունքներով ավարտվելու և հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում: Ցանկանում եմ նշել , որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ բնականոն, դինամիկ զարգանում են։ Մենք ունենք ռազմավարական գործընկերություն, ամենօրյա կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ: Մեր չորրորդ՝ հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունենք փայլուն հարաբերություններ՝ կրկին չնայած բազմաթիվ շահարկումներին, կանխավարկածներին և այլն։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ որևէ կերպ արտահայտելու է իր բուռն դժգոհությունը ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, կրկին տեսանք, համոզվեցինք, որ չեն համապատասխանում իրականությանը։ Ասեմ ավելին, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով։ Օրերս մի օրինակ բերեցի, ուզում եմ կրկնել` որտե՞ղ եք տեսել բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ պայմանավորվում են, որ ռազմավարական գործընկերություն են հաստատելու, թղթով և պայմանավորվում են, որ մոտալուտ ժամանակում, օրինակ, ի թիվս այլ բաների, երկրորդ կամուրջն են կառուցելու հնարավորինս արագ՝ միմյանց կապող երկրորդ կամուրջը։ Իսկ դա է մեր և Իրանի հավատամքը և պայմանավորվածությունը։
Քանի որ ռազմավարական գործընկերությունից խոսեցի, ես երևի ավանդական բոլոր տարածաշրջաններին չանդրադառնամ, այլ ուղղակի ռազմավարական գործընկերություններին անդրադառնամ։
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ մոտ գործընկերը, և մեր տնտեսական կապերը շատ ինտենսիվ են։ Այսօր նաև մյուս հանձնաժողովում` Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում, հնարավոություն կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու այդ հարցին։
Վաշինգտոնում երկու ուղղություններով իրադարձություններ տեղի ունեցան՝ նախ Հայաստան-Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հանդիպումը, և երկրորդը, որը երբեմն ստվերվում է, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված երեք հուշագրերը: Սույն փաստերը, ըստ էության, Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերության բնական շարունակությունն ու արտացոլումն էին։
Կրկին պետք է անրադառնամ մանիպուլյացիաներին։ Կհիշեք, երբ մենք տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատող փաստաթուղթ ստորագրեցինք Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի հետ, քննադատությունների տարափ տեղաց առ այն, որ այս անխելքները, ենթադրվում էր մենք կնքում ենք այնպիսի փաստաթուղթ գնացող քաղաքական ուժի հետ և չենք հասկանում, որ շուտով նոր քաղաքական ուժը գալու է և այդ ամբողջը գցի ջուրը: Եվ ի՞նչ տեսանք։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ո՛չ միայն պահպանում է այդ փաստաթուղթը և ընդունված սկզբունքները, որոնք մենք հաստատել ենք Միացյալ Նահանգների հետ, այլև ավելին՝ ընդամենը մի քանի ամիս հետո այդ փաստաթղթից բխող և դրա ոգուն համապատասխան երեք նոր հուշագրեր ստորագրեց, որոնք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար և մեր համագործակցության համար չափազանց կարևոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, և մեկն էլ ուղղակիորեն բխում էր մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և արտահայտում է Միացյալ Նահանգների սատարումը այդ նախաձեռնությանը։ Կրկին, այդ կանխատեսումները հօդս ցնդեցին՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Չեմ կարող, երևի, նույնը ասել մեր ընդդիմության ակնկալիքների մասին:
Ռազմավարական գործընկերությունների թեման շարունակելով՝ մեզ հաջողվեց, հաստատել ռազմավարական գործընկերություն Նիդերլանդների հետ։ Նույն բովանդակությամբ քննարկումներ են ընթանում մի շարք այլ եվրոպական և ԵՄ անդամ երկրների հետ։ Ֆրանսիայի հետ առաջին հերթին: Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները, գիտեք, որքան տարողունակ են և անընդհատ, ամեն օր ավելի են զարգանում։
Մեզ հաջողվեց ռազմավարական գործընկերություն հաստատել Չինաստանի հետ։ Հիշու՞մ եք մեծ և լուրջ դեմքով վերլուծություններ այն մասին, որ հնարավոր չի ռազմավարական գործընկերություն հաստատել և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Չինաստանի հետ, և՛ հետո գնալ այնտեղից Ճապոնիա և այլն։ Բայց արի ու տես, որ մեզ դա հաջողվեց, և մեր ցանկացած մի գործընկեր հարգանքով է վերաբերվում մեր հարաբերություններին մեր մյուս այլ գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ երկու երկրները միմյանց հետ ադքան էլ գործընկերներ չեն:
Ղազախստանի հետ գնում ենք այս ճանապարհով։ Տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը, քիչ անց սպասվում է Հայաստանի վարչապետի պատասխան պետական այցը Ղազախստան։ Ես ուզում եմ այստեղ նաև առանձնացնել Ղազախստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններն ընդգրկում են և՛ քաղաքական երկխոսությունը, և՛ տնտեսական։ Ղազախստանն առաջին երկրներից մեկն էր, որը շատ հստակ աջակցություն հայտնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այժմ շատ շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Հիշենք մոտ օրերս հայտնի դարձած տեղեկությունն այն մասին, որ Ղազախստանից ցորեն է առաքվելու Ադրբեջանով, իհարկե ո՛չ ուղիղ, որովհետև երկաթուղային ենթակառուցվածքը դեռ կպած չի Ադրբեջանով Վրաստանով դեպի Հայաստան: Այստեղ Ղազախստանի կոմպոնենտը նշեցի, ուզում եմ նաև շատ դրական գնահատել Ադրբեջանի համապատասխան որոշումը։ Սա հենց այն է, ինչի մասին անընդհատ խոսում ենք` ենթակառուցվածքների ապաշրջափակում, հարաբերությունների կարգավորում և հետզհետե բարեդրացիական հարաբերությունների հաստատում:
Եվրոպական ուղղությանն անդրադարձա նորից։ Ես այսօր, հարգելի գործընկերներ, բոլորին, ովքեր հետաքրքրված են, հրավիրում եմ հաջորդիվ երկու հանձնաժողովների նիստերին` մեկը՝ Եվրասիական հանձնաժողովին, և մյուսը՝ Եվրոպական ինտեգրման: Ներկայացնելու եմ, այժմ շատ չեմ մանրամասնի, բայց ասեմ, որ բավականին էական, բաղադրիչներ ունի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Բավականին էական և նոր փաստաթղթեր են նաև նախատեսվում ստորագրելու։
Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններն, իհարկե, իրենց ուրույն տեղ ունեն։ Մենք կհիշեք, և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը և այժմ էլ շատ լավ երկխոսություն է ընթանում: Մենք նաև որոշում կայացրեցինք Օմանում բացել դեսպանություն: Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ հարաբերությունները մեր համար նվազ կարևոր չեն, բայց անպայման ուզում եմ ընդգծել Միացյալ Արաբական Էմիրությունների և նաև Կատարի հետ մեր ունեցած հետաքրքիր, ընդլայնվող օրակարգը: Ասիական տարածաշրջանում Ճապոնիան շատ֊շատ կարևոր գործընկեր է մեզ համար։ Ի թիվս մյուս շատ կարևոր գործընկերների, գիտեք՝ որքան ինտենսիվ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Այո, կրկին չարդարացնելով բոլոր չարագուշակ կանխատեսումները՝ մեզ հաջողվեց հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, ինչը համարում եմ չափազանց կարևոր ձեռքբերում։ Ես հիմա ուզում եմ շատ չչարաշահել ձեր համբերությունը և ժամանակը, սակայն նշենք, որ մենք շատ ինտենսիվ օրակարգ ունենք տարածաշրջանի մյուս երկրների, նույն Ուզբեկստանի հետ: Լատինական Ամերիկային, Աֆրիկային էլ ենք շատ մեծ ուշադրություն դարձնում, բայց երևի մի փոքր ճիշտ չի լինի, եթե շատ մանրամասն շարունակեմ այս երկրներին և տարածաշրջաններին անդրադառնալ՝ ընդհանուր առմամբ հիշելով նաև, որ բյուջետային գործընթացի շրջանակներում ենք հանդիպում:
ֆինանսների նախարարն արդեն ասաց` բյուջետային քննարկումների արդյունքում 2026 թվականի համար Արտաքին գործերի նախարարության ծրագրերին հատկացվել է 19 միլիարդ 227 մլն. դրամ: Իհարկե, այս մասով պարոն նախարարն ընդգծեց, թե որքանով է ավելացված այդ թվում և միջազգային կազմակերպություններում՝ պայմանավորված, օրինակ, տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ, պայմանավորված որոշ միջազգային կազմակերպություններում անդամավճարների բարձրացմամբ: Իսկ ընդհանուր առմամբ՝ այս հաստատված թիվը շուրջ 2 միլիարդ 237 միլիոնով պակաս է մեր ներկայացրած հայտից։
Ավանդաբար մենք ունենք 5 ծրագիր, և այն ամենը, ինչի մասին ես խոսեցի, կատարվում է մեր թիվ 1061 ծրագրի շրջանակներում՝ արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում: Այստեղ ունենք 3 միլիարդ 374 միլիոն դրամ: Նաև լրացնեմ, որ այս ծրագրերի շրջանակներում են իրականացվելու «Երևանյան երկխոսություն» միջազգային դիվանագիտական համաժողովը։ Հուսամ՝ բոլորը կհամաձայնվեն և նույնիսկ մեր շատ սիրելի ընդդիմադիր գործիչները, որ այս համաժողովը, որը ընդամենը 2 անգամ է անցկացվել, արդեն հասցրել է կայանալ որպես կարևոր միջազգային իրադարձություն, մենք կշարունակենք սա իրականացնել։ Այս ծրագրի շրջանակներում է իրականացվելու նաև գլոբալ ֆորումի 6-րդ համաժողովը։ Այս ծրագրի շրջանակներում նաև հաջորդ տարի տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սա ևս չափազանց կարևոր իրադարձություն կլինի Հայաստանի համար: Կդժվարանամ ասել` Հայաստանի Հանրապետությունն այս մասշտաբի և այս կարևորության գագաթաժողով հյուրընկալել է երբևէ, թե ոչ։ Երևի զուգահեռներ կարելի է անցկացնել միայն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ: Եվ իհարկե, մյուս տարի իրականացվող ամենակարևոր միջոցառումներից մեկը, որը տեղի կունենա Հայաստանում, ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովն է: Ես չգիտեմ` մեր գործընկերները որքան են հասկանում այս միջոցառման լրջությունը կամ հնչեղությունը միջազգային հարաբերությունների ամբողջ համատեքստում: Այս առումով հավատացնում եմ ձեզ՝ սա իսկապես լրջագույն ձեռքբերում է՝ հյուրընկալել այս գագաթաժողովը։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ պատշաճ կերպով այն կազմակերպենք։
Ծրագիր 1128՝ Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում։ Այս ծրագրի ներքո մենք ունենք մեր ամենամեծ, ֆինանսական հատկացումը` 12 միլիարդ 835 միլիոն դրամ: Այս ծրագիրն ապահովելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, մարմինների միջոցով մեր քաղաքականության, կառավարության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև, իհարկե, հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
Այս պահի դրությամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 185 երկրների հետ։ Այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել, ինչպես արդեն նշեցի, Պակիստանի հետ, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների հետ: Այս ծրագիրն, առհասարակ, երկու բաղադրիչով կարելի է առանձնացնել, նախ՝ դեսպանությունների բացումը, այսինքն` մեր հետագա դիվանագիտական ներկայության ընդլայնումը մեր կարևոր քայլերից մեկն է։ Մենք շարունակում ենք այս ուղղությամբ ջանքեր գործադրել։ Այստեղ մեծ հաշվով խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների ժամանակին տրամադրման և ավելացման մեջ է։ Կառավարությունը սրան ուշադրություն դարձնում է։ Այս տարի մենք, կարողացանք դեսպանություններ հիմնել Կիպրոսում, Հունգարիայում, որտեղ մեր դեսպանն արդեն աշխատում է, նաև, շատ կարևոր համարելով հարաբերություններն Օմանի հետ, այնտեղ նույնպես դիվանագիտական ներկայություն ենք հաստատել և դեսպանություն բացել: Երկրորդ բաղադրիչն, այնուամենայնիվ, եղած գույքի վերանորոգման, ավտոպարկի մասին հոգ տանելու, դիվանագետների աշխատանքային և սոցիալտնտեսական պայմանների բարելավումը, ինչպես նաև գույքի, անշարժ գույքի ձեռքբերումնը, իրականացվում է այս ծրագրի շրջանակներում: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականին մենք անշարժ գույք ձեռք բերեցինք Լոնդունում դեսպանության համար։ Հուսամ հնարավորություն և առիթ եղել է այցելել ու տեսնելու։ 2024 թվականին՝ Փարիզում, և շուտով հուսով եմ, որ այնտեղ ևս վերանորոգման աշխատանքները կավարտվեն և մենք ի վերջո ամբողջությամբ կտեսնենք, մեր ձեռքբերած և արդեն վերանորոգված գույքը: 2025 թվականին՝ այս հաշվետու տարում, մենք անշարժ գույք ենք ձեռքբերել Բրյուսելում։ Այս գործընթացը ևս շարունակական բնույթ կկրի։
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության 1118 ծրագիրը՝ 2 միլիարդ 4030 միլիոն դրամ:
Պետք է ասեմ, որ Հայաստանն անդամակցում է շուրջ 120 միջազգային կազմակերպությունների և ծրագրերի կամ կոնվենցիաների։ Տարվա սկզբից մենք մասնակցում ենք նաև ընտրական գործընթացներին։ Տարվա սկզբից հաջողություններ ենք գրանցել ՄԱԿ-ի և միջազգային մի շարք այլ կառույցների մարմինների ընտրություններում։ Եթե հետաքրքիր է, կարող եմ թվարկել` Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ։ Ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնաարտահայտման ձևերի, բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերի միջկառավարական կոմիտեի անդամ: Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ արոն Հովհաննիսյանը, ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ։ Հաջողություններ ենք գրանցել նաև այլ գործակալություններում` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդ։
ԵԱՀԿ-ի մասով. տեղյակ եք, իհարկե, որ Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում նաև մենք և Ադրբեջանը համատեղ հայտով դիմեցինք ԵԱՀԿ-ի անդամ երկրներին` ասելով, որ մենք այլևս նպատակահարմար ենք գտնում ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի կառույցների փակումը: Սրանից հետո արդեն ԵԱՀԿ շրջանակներում փորձում ենք գտնել համագործակցության ։ նոր հորիզոններ, նոր ծրագրեր, մասնավորապես՝ հետաքրքրված ենք տնտեսական և շրջակա միջավայրին առնչվող հարցերում համագործակցության հնարավորություններով։
Միջազգային կազմակերպությունների թեման շարունակելով` կհիշեք` մենք հայտ էինք ներկայացրել անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որտեղ մինչև հիմա ունենք կարգավիճակ, բայց դա լիարժեք լիիրավ անդամի կարգավիճակ չի համարվում։
Մեր մյուս ծրագիրը՝ 1050՝ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում: Հատկացվել է 301 միլիոն դրամ: Սա վերաբերում է դիվանագիտական դպրոցին, որտեղ պատրաստվում են կադրեր ոչ միայն aրտաքին քաղաքական գերատեսչության համար, այլև մի շարք նախարարություններ, գերատեսչություններ իրենց աշխատակիցներին ուղարկում են վերապատրաստումների։ Կուզեի առանձնացնել մեկ կարևոր կետ ևս՝ մենք իրականացնում ենք ծրագրեր Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների երիտասարդ դիվանագետների համար։ Ես ինքս սա շատ կարևոր միջոցառում եմ համարում և մեր երկրին ծանոթացնելու և երիտասարդ, տարբեր այլ երկրներում ապագայում դերակատարում ունեցող, դիվանագետներին մեր երկրի հետ որոշակիորեն նաև կապ հաստատելու համատեքստում։ Գիտենք, որ բազմաթիվ երկրներ անում են այսպիսի ծրագրեր և բավականին հաջողությամբ ծառայում է իր նպատակին։
Մեր վերջին՝ 1178 ծրագիրը վերաբերում է արարողակարգային միջոցառումների իրականացմանը, որի համար հատկացվել է 313 միլիոն դրամ:
Շնորհակալություն, այստեղ ես երևի կանգ առնեմ և սիրով պատասխանեմ ձեր հարցերին»։